Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլի որակը լա՞վն է, կարելի՞ է բարում ծանոթանալ, շանս, կատվիս ինչպե՞ս տեղափոխեմ, Հայաստանում կա՞ն ռուսական դպրոցներ. ՌԴ քաղաքացիների հարցուփորձը տելեգրամյան ալիքներում

Մարտ 03,2022 20:00 Share

Ռուսաստանում ապրող մի շարք քաղաքացիներ, այդ թվում եւ մեր հայրենակիցներն՝ արդեն քանի օր է՝ տելեգրամյան ալիքներում հայաստանցիներին հարցուփորձ են անում՝ «Կասե՞ք վարձով բնակարանների գները», «Ռուսական բանկի քարտերով կարո՞ղ ենք Հայաստանում գումար կանխիկացնել», «Մեզ հետ ռուսական ռուբլի՞ բերենք, թե՞ տարադրամ, ո՞րն է ձեռնտու», «Հայաստանում բժիշկ աշխատելու համար բավարա՞ր է Ռուսաստանի դիպլոմը, թե՞ պետք է լրացուցիչ վերապատրաստում անցնել»:

«Релокация в Армению» էջը հենց այդ նպատակով է ստեղծվել, որի մասնակիցների թիվը րոպե առ րոպե աճում է: Տելեգրամյան այս ալիքում արդեն 10 հազարին մոտ մասնակիցներից բաղկացած խումբ էր ստեղծվել: Խմբում բացի այն անձանցից, որոնք արեւմտյան ընկերությունների հետ են աշխատում եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած սահմանափակումների  պատճառով մտածում են բիզնեսը երրորդ երկիր տեղափոխել, կան նաեւ անհատ քաղաքացիներ, որոնք մտադրություն ունեն միայնակ կամ ընտանիքի, երեխաների հետ տեղափոխվել Հայաստան: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում ՌԴ քաղաքացիները: Երեխաներով եկողներին հետաքրքրում է՝ Հայաստանում կա՞ն ռուսական դպրոցներ, բուհեր, մանկական զարգացման կենտրոններ, մարդիկ էլ, որոնք շուն կատու կամ ընտանի այլ կենդանիներ ունեն հետաքրքրվում են՝ ինչպես նրանց հասցնել Հայաստան, ինչպիսի թույլտվություններ ու թղթաբանություն է պետք:

Ոմանք էլ Արցախում տիրող իրավիճակից են հարցուփորձ անում եւ արդյոք խաղա՞ղ են Հայաստանի սահմանները: Խմբում ակտիվ հայաստանցիները հանգստացնում են՝ «պատերազմն Արցախում է եղել, հիմա այնտեղ ռուս խաղաղապահներն են, Հայաստանում խաղաղ է, վտանգ չկա, եկեք»:

Տելեգրամյան այս ալիքում, այսպես ասած՝ «բանակից փախածներն» էլ քիչ չեն: Նրանք էլ հարցնում են՝ կարո՞ղ են գալ Հայաստան, թե՝ կբռնվեն: Նշում էին, որ ՌԴ քաղաքացիություն ունեն եւ ազատված են ՌԴ-ում ծառայելու պարտավորությունից, քանի որ առողջական խնդիրներ ունեն:
Վարձով բնակարաններով հետաքրքրվողներին էլ ավելի ճարպիկ հայաստանցիները, որոնք չի բացառվում, անշարժ գույքի բրոքերներ են, տեղում բնակարաններ են առաջարկում՝ կից գնացուցակով:

Որոշ մասնակիցներ էլ այստեղ իրենց ապրանքներն են գովազդում, ինչին ի պատասխան «չաթի» մոդերատորները զգուշացնում են, որ նման հրապարակումները հեռացվելու են եւ, այսպես ասած՝ հիշեցնում են ինչի համար են հավաքվել:

Կան մարդիկ էլ, որոնք արդեն հստակ որոշել են՝ տեղափոխվում են Հայաստան, բայց համատեղ ապրող են փնտրում, որ բնակարանի վարձը էժան նստի: Այս ալիքի միջոցով Ռուսաստանի քաղաքացիները դիզայների, լանդշաֆտի մասնագետի, ուսուցչի, էլեկտրիկի, մերսողի, SMM-ի՝ սոցիալական ցանցերի մարկետոլոգի աշխատանք են փնտրում:

Նրանցից ոմանք նույնիսկ տեղում առաջարկներ են ստանում:

Իսկ ավելի զգուշավորները խորհուրդ են հարցնում՝ գուցե չշտապե՞ն  տեղափոխվել, քանի որ կարող է պատերազմը Հայաստան էլ տեղափոխվել:

ՌԴ քաղաքացիներին խորհուրդներով ու տեղեկատվությամբ օգնող մեր հայրենակիցները պատասխանում են՝  «Դա կլինի 3-րդ համաշխարհային պատերազմը եւ արդեն կարեւոր չէ՝ որտեղ կմահանան Ռուսաստանում, Ուկրաինայո՞ւմ թե՝ Հայաստանում»:

Այս ալիքի՝ մի «հաճախորդի» էլ ուղղակի հետաքրքրում էր՝ ալկոհոլի որակը լա՞վն է Հայաստանում, ազատ վաճառվո՞ւմ է, կարելի՞ է «բարում» ծանոթանալ անծանոթ մարդկանց հետ:

Ոմանք էլ արդեն հասել էին Հայաստան եւ իրենց անցած ճանապարհի մասին մանրամասն կիսվում էին տելեգրամյան այս «չաթում», նաեւ հարցնում՝ ո՞րն է ամենահայտնի եւ արագ սննդի առաքման ծառայությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031