Ուկրաինան հարվածել է իրանական նավի՝ Կասպից ծովում։ Սա պարզապես հերթական հարված չէ։ Համենայնդեպս, այդպես դիտարկելը կլինի թերեւս մոլորություն։ Կասպիցի ռեգիոնում հարվածը ռուս-ուկրաինական պատերազմի շարունակությունն է, բայց՝ դեպի իրան-ամերիկյան պատերազմ, կամ՝ դեպի Ծոցի պատերազմ։ Կասպիցի ռեգիոնի թիրախավորումը, ըստ էության, նշանակում է, որ պատերազմը ընդհուպ մոտենում է Կովկասին։ Հարցն այն է՝ կշրջանցի՞, թե՞ ոչ։
Իհարկե, իրանական նավին հարվածը բավարար չէ աներկբա պնդում անելու համար, բայց տագնապի լուրջ ազդանշան է, ինչի մասին է վկայում Իրանի հայտարարությունը, որտեղ Թեհրանը պատասխան է «խոստանում» ոչ միայն Կիեւին, այլ բավականին թափանցիկ ակնարկով՝ նաեւ Ուկրաինայի աջակիցներին։
Եթե «միանում» են ռուս–ուկրաինական ու Ծոցի պատերազմները, ապա նշանակում է, որ հյուսիսից–հարավ ամբողջ պերիմետրով արգելապատնեշ է դրվում Եվրամիություն–Չինաստան առեւտրատնտեսական ռազմավարական հեռանկարի համար։ Իսկ դա էապես թուլացնելու է ԵՄ ու Չինաստանի ներուժը, աշխարհաքաղաքական դերակատարումը, աշխարհակարգային հեռանկարները։ Իհարկե, առավել մեծ կլինի ԵՄ կորուստը։ Դա է պատճառը, որ ԵՄ–ն ինտենսիվ փորձում է ամրանալ Կովկասում՝ ի դեպ, Հայաստանի միջոցով։ Եթե խափանվում է ԵՄ այդ ձգտումը, ապա Բրյուսելին չի մնա այլ բան, քան կապիտուլյացիայի ենթարկվել Թրամփի առաջ։
Այդ ֆոնին հատկանշական է, որ Կասպիցի ուղղությամբ առաջին ահազանգը հնչում է Ռուբիո–Լավրով հանդիպման ֆոնին, որը տեղի ունեցավ օրերս եւ տեւեց կես ժամ։ Կես ժամում հազիվ թե քննարկվեն նոր ու լուրջ հարցեր, ճշգրտվում են թերեւս եղած սլաքները։ Եվ սա առավել եւս էական է դարձնում հարցը, թե ի՞նչ են ցույց տալիս այդ սլաքները Կովկասի ուղղությամբ։ Բոլոր դեպքերում, Հայաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի փոփոխության, դրանից բխող թե մարտահրավերներին, թե հնարավորություններին։
Կարդացեք նաև
Այդ հարցում, սակայն, Հայաստանի կառավարող ուժի պատրաստվածության աստիճանը, մեղմ ասած, աչքի է ընկնում «փորձված անմխիթարությամբ»։ Մյուս կողմից, սակայն, պատրաստ լինելու իրենց բաժին պատասխանատվությունը պետք է լիարժեք իրացնելու ձգտեն հանրությունն ու քաղաքական ընդդիմությունը, գոնե այդպիսով կենսունակության բալանսը փոխելով հօգուտ Հայաստանի։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ։


















































