Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն. Դումանյան

Ապրիլ 04,2022 18:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի հաղթողներին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, մրցույթներին մասնակցած դպրոցականներ և մանկավարժներ: Արարողությանը մասնակցել է նաև «Արփա» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Հրաչուհի Պողոսյանը՝ որպես Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած կառույցի ներկայացուցիչ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու գաղափարն առաջնային նշանակություն ունի:

«Մենք լիահույս ենք, որ Համադպրոցական գիտության փառատոնի հաջորդ տարվա մասնակիցներն ավելի մեծաթիվ կլինեն, կընդլայնվի նաև մասնակից դպրոցների աշխարհագրությունը: Ամենահետաքրքիր մտքերը ծնվում են դպրոցում: Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն: Ուզում եմ հույս հայտնել, որ սաղմերը, որ երևում են փառատոնի մասնակիցների նախագծերում, հետագայում կարող են վերաճել գիտական գործունեության»,- նշել է ԿԳՄՍ նախարարը` շեշտելով, որ պետությունը գիտության դերի բարձրացումը համարում է գերակա խնդիր և դրան միտված ծրագրային քայլեր է իրականացնում:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է հաղթողներին՝ շեշտելով, որ ճանապարհը դեպի գիտություն սկսվում է դպրոցից: Նա նաև շնորհակալություն է հայտնել «Արփա» ինստիտուտին Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար:

«Արփա» ինստիտուտի ներկայացուցիչ Հրաչուհի Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել գիտության համադպրոցական փառատոնին մասնակցած դպրոցականներին և նրանց գիտական ղեկավարներին` նշելով, որ իրենք՝ իբրև կազմակերպություն, կարևորում են ՀՀ դպրոցականների մասնակցությունը միջազգային ծրագրերին:

«Հայաստանը հայտնի է իր ուղեղներով, խելացի մարդկանցով և աշխատասեր ռեսուրսով: Մենք նաև շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը համատեղ աշխատանքի և արձանագրված արդյունքների համար»,- նշել է նա:

Այնուհետև նախարար Վահրամ Դումանյանն ու Հրաչուհի Պողոսյանը հաղթող ճանաչված նախագծերի հեղինակներին` դպրոցականներին և գիտական ղեկավարներին, հանձնել են մրցանակները:

Նշենք, որ «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթը մարտի 26-ին անցկացվել է Երևանի պետական համալսարանում:

Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին գիտական առաջատար կազմակերպությունների գիտնականներ, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` Կուրղինյան Մանե Գագիկի, 12-րդ դաս., Սարաֆյան Մհեր Հարությունի, 12-րդ դաս., ղեկավար` Ռուբինա Հարությունյան), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» (աշակերտ` Համբարձումյան Արտյոմ Անդրանիկի, 11-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Օհանջանյան) և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ» (աշակերտներ` Առաքելյան Անուշ Արայի, 12-րդ դաս․, Թովմասյան Էդվարդ Սահակի, 12-րդ դաս․, ղեկավար` Ռուզաննա Թամազյան) աշխատանքները, առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Նրանց մասնակցության վճարը հոգում է պետությունը:

ISEF-Community Innovation Award հատուկ մրցանակին (500 ԱՄՆ դոլար) արժանացել է Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ և Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցներից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծը:

Հաղթող ճանաչված, սակայն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր նախագծերն արժանացել են դրամական պարգևների:

Ֆրանսերենի առցանց օլիմպիադայում Հայաստանն ունի մրցանակակիր

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վկայականներ է հանձնել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացված՝ ֆրանսերենի առցանց միջազգային օլիմպիադայում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-9-ը կազմակերպվել է ֆրանսերենի միջազգային առցանց առաջին օլիմպիադան՝ երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա և Աֆրիկա) երկրների 14-16 տարեկան ֆրանկոֆոն աշակերտների համար: Յուրաքանչյուր երկրից պետք է ներկայացվեր 5 աշակերտ` ֆրանսերենի B1 և B2 մակարդակների իմացությամբ: ՀՀ դպրոցներից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 30-ից ավելի աշակերտներից հարցազրույցի միջոցով ընտրվել են օլիմպիադայի մասնակիցները (հարցազրույցը տեղի է ունեցել Հայաստանում՝ ‹‹Ալիանս Ֆրանսեզի›› հետ համատեղ):

Առցանց օլիմպիադայի արդյունքներով` ֆրանսերենի իմացության B1 մակարդակում ՀՀ ներկայացուցիչ, «Մաշտոց» դպրոցի աշակերտուհի Գոհար Պողոսյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը:

Մյուս մասնակիցները` Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներ Էդուարդ Երիցյանը, Էլինա Սաղաթելյանը, Մարգարիտա Սարգսյանը, Լաուրա Ոսկերչյանը, ստացել են վկայականներ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930