Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ենթադրենք ես վիրավորողն եմ, բա ո՞վ է վիրավորվողը»․ ՔՊ-ականներին «քեմալական սովածներ» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 05,2022 23:23

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասով՝ Ծանր վիրավորանք հասցնելու համար։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը։

Քրգործը հարուցվել էր ԱԺ ՔՊ-ական 19 պատգամավորների Գյումրի այցելելու օրը, երբ իրավապաշտպանը գրառում էր կատարել ու լուսանկար հրապարակել՝ նրանց «քեմալական սովածներ» անվանելով։

Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր հարց է, թե ո՞ր բառից են վիրավորվել՝ սոված, թե՞ քեմալական բառից  և ով է վիրավորվողը։ Մինչ այս պահը ես պարզաբանում չեմ ստացել, թե արդյոք կա՞ տուժող կողմ։ Լավ, ենթադրենք ես  վիրավորողն եմ, բա ո՞վ  է վիրավորվողը։

Ու առհասարակ ո՞վ է որոշել, որ ապուշ բառը կամ «քեմալական սոված» արտահայտությունը, կամ եթե բաղդատենք այս երկու բառերը՝ քեմալական և սոված, ո՞ր մեկն է իր մեջ վիրավորանք պարունակում։

Հիմնավորում են, որ ապուշ բառն էլ օգտագործել եմ Նազելի Բաղդասարյանի հասցեին, դիտարկել են որպես վիրավորանք։ Նախ կուզենայի հասկանալ՝ Նազելի Բաղդասարյանը ապուշ բառից վիրավորվե՞լ  է, թե՞ չէ, որից հետո նոր կարող եմ մեկնաբանել, թե ապուշ առհասարակ ինչ է նշանակում և ես ինչ եմ ի նկատի ունեցել։ Չնայած կոնկրետ այդ գրառման մեջ ես փորձել եմ բացատրել ՝ ինչու եմ օգտագործել ապուշ բառը։

Հստակ հարցեր են, որոնց պատասխանները հուսով եմ նախաքննական մարմինը կտա, առաջին հերթին՝ ովքեր են տուժողները և ինչու են տուժող, որովհետև եթե կա քրեական գործ, կա առաջադրված մեղադրանք,  ուրեմն ինչ-որ մեկն էլ պիտի ճանաչված լինի որպես տուժող, այդպես չէ՞»։

Մեր հարցին՝ առերեսում չպիտի՞ լինի նախաքննության ժամանակ, այդ ժամանակ էլ կտեսնեք՝ ով է տուժողը,  իրավապաշտպանն ասաց․ «Ես չեմ կարող ասել առերեսում կլինի, թե չի լինի, որովհետև գուցե իրենք շատ արագ նախաքննությունն ավարտեն, ուղարկեն դատարան ու փորձեն այս ամենը թողնել դատարանի հայեցողությանը։

Այսինքն՝ ձեր ասած տարբերակը շատ ճիշտ է և առհասարակ քրեական գործը ենթադրում է քննչական գործողություններ, որտեղ կլինի և՛ տուժող կողմ, և՛ մեղադրվող կողմ, երկուսից էլ քննություն կվերցվի, անհրաժեշտության դեպքում գուցե և առերեսում կարվի, գուցե և այլ զննություններ կարվեն։

Այս պահին ես վստահ եմ, որ որևէ քննչական գործողություններ այլևս չեն  լինելու, ընդհակառակը տրամադրված եմ, որ գործը հնարավորինս պիտի արագ կկարվի ու ուղարկվի դատարան։

Նմանատիպ քրեական գործ երևի աշխարհի պրակտիկայում չի էլ եղել, սա Հայաստանի իշխանությունները զավթած անձանց թուլության ու խայտառակության ցայտուն դրսևորումներն են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930