Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվեի անցկացումը դեռ օրակարգում է եւ կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել․ News.am

Ապրիլ 10,2022 23:17

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին։ 

Համանախագահ բոլոր երկրներն էլ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը մնում է չլուծված։ Հայաստանում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ այս հայտարարությունները ենթադրում են հենց Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ։ Ի՞նչ տպավորություն ունեք՝ կոնկրետ ի՞նչ կարգավիճակ նկատի ունեն համանախագահող երկրները, երբ հայտարարում են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի։ Մշտապես համարվել է, որ տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի, բայց նաեւ կարիք է լինելու, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի։ Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է եւ կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել։ Հավատում եմ, որ հարցը դեռ առկա է, եւ առաջիկա քննարկումների մաս է կազմելու։

Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման տեւական խաղաղություն չի լինելու։ Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում կարգավիճակի եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցերը նորից բանակցային օրակարգ կվերադարձվեն։

Դրանք պետք է լինեն օրակարգում։ Հույս ունեմ՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են դա, որովհետեւ միայն սահմանները որոշելու եւ քարտեզներ վերակազմելու հարցը չի կարող լինել քննարկման առարկա։ Ես հավատում եմ, որ Հայաստանը պնդում է դա, եւ որ Ադրբեջանն էլ հասկանում, որ դա եւս պետք է բանակցությունների առարկա լինի։ Եթե ցանկություն կա սահմանների որոշման գործընթաց սկսել՝ հատկապես այնտեղ ռուսական ուժերի առկայության եւ պատերազմի հետեւանքով առաջացած փոփոխությունների լույսի ներքո՝ դա եւս հասկանալի է։ Բայց եթե տեւական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն։

Ղարաբաղյան հակամարտության այս փուլում ի՞նչ դեր ունի Թուրքիան, Անկարան լուրջ ազդեցություն ունի՞ այս հարցում։

Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի հակամարտության վրա։ Մենք դա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ տեսանք, երբ Թուրքիան ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, որը շատ արդյունավետ եղավ հայկական ուժերի դեմ։ Ես հավատում եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան խնդիրները քննարկելու հնարավորություն ունեն․ ոչ թե կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները։ Կարծում եմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ փոքր քայլեր կատարելը կարեւոր կլինի։ Դա, ի վերջո, կարող է բարելավել հարաբերությունները։ Ես նկատի չունեմ, որ վաղը դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, ես խոսում եմ վստահության ամրապնդմանն ուղղված այն փոքր քայլերի մասին, որոնք կարող են ձեռնարկվել։ Եթե դա արվի, կարծում եմ՝ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղում կատարվողի վրա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի ապագան ինչպե՞ս եք տեսնում՝ հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրողությունները։

Այս հարցը, ի վերջո, պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարգավորեն։ Վերջին ամիսներին նրանք մի քանի անգամ հանդիպել են, եւ առաջիկայում պետք է շարունակեն լուրջ քննարկումները։ Կարծում եմ՝ առկա մի շարք խնդիրների կարգավորման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելը ճիշտ է։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատեւ խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։ Տեսանք, թե վերջերս ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում՝ կապված ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հետ, մենք չենք ցանկանում, որ հումանիտար աղետ լինի այնտեղ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին իմ կոչն է կրկնապատկել ջանքերը երկարատեւ կարգավորում գտնելու ուղղությամբ, որը կարող է խաղաղության եւ կայունության հանգեցնել։ Ես կուզեի տեսնել, թե ինչպես են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարելավվում, եւ հայերն ու ադրբեջանցիները անվտանգ պայմաններում ապրում կողք կողքի։

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չգործի, հակամարտությունը կարո՞ղ է վերջնականապես կարգավորվել։

Իհարկե, կարող է։ Եթե Եվրոպական խորհուրդը ցանկանում է դերակատարում ունենալ, եւ կողմերի համար դա ընդունելի է, շատ լավ է։ Կարող են այլ կողմեր էլ միջնորդել, ինչպես եղել է նախկինում։ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ-ն կախարդական ուժ չունեն, բայց ես կարծում եմ, որ միջազգային միջնորդության ինչ-որ տարբերակ պետք է գործի։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջում ցանկանում են միջազգային հանրության օրհնությունը ստանալ, ինչ համաձայնության էլ որ հասնեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930