Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ հարցաքննել Սերժ Սարգսյանին ու Միքայել Համբարձումյանին․ այս ապօրինի քրեական գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը»․ Վահան Շիրխանյան

Ապրիլ 15,2022 22:20

«Այս հաստափոր քրեական գործը քաղաքական հետապնդման դասական նմուշ է, քանի որ այն պատվիրել, կազմել և մինչ իր ապօրինի պաշտոնավարման օրը, այնուհետև իր դրածոների միջոցով վերահսկել է Սերժ Սարգսյանը»,-Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց այս գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, ՀՀ կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վահան Շիրխանյանը դատարանի դահլիճում պետք է հարցաքննվեր։ Սակայն առողջական խնդիրներից ելնելով՝ հրաժարվեց ցուցմունք տալ և խնդրեց, որպեսզի իր պաշտպան Գայանե Պողոսյանը հնչեցնի իր հայտարարությունը։ Ըստ Վահան Շիրխանյանի՝ այս գործը Սերժ Սարգսյանին պետք էր Արցախը և ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու՝ իր վրա վերցրած պարտավորության կատարման ժամկետը երկարաձգելու համար։ Վահան Շիրխանյանը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին կազմակերպել է երկու նախագահական, երկու խորհրդարանական և մեկ սահմանադրական համահանրապետական հիմնովին կեղծված քվեարկություններ։

Այս առիթով նշեց․ «ԵԱՀԿ-ի ճգնաժամային խմբի, ՌԴ կողմից՝ կեղծված ընտրությունները լեգիտիմ ճանաչելու դիմաց Սերժ Սարգսյանը պարտավորվեց կատարել նրանց պահանջը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում Ադրբեջանը և Թուրքիան սպառնում էին հարձակմամբ։ Սերժ Սարգսյանն արդեն բանակի մարտունակությունը հասցրել էր զրոյականի, պետության պաշտպանունակությունը փոշիացրել էր, արտաքին քաղաքականությունը ձախողել, դաշնակից կամ բարեկամ երկիր չուներ, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները դարձել էին ձևական, ինչը հաստատվեց ապրիլյան և 44-օրյա պատերազմներում։ Իսկ հողերը հանձնելու հետևանքներից սարսափում էր։ Նա գտավ ժամկետը երկարաձգելու միակ տարբերակը։

Մեկ տարում Սերժ Սարգսյանը կարողացավ բացարձակապես շինծու ցուցմունքների վրա հղկել, համանախագահներին և ԵԱՀԿ-ին ու միջազգային հանրությանը ներկայացնել ՀՀ-ում առկա մի քանի ահաբեկչական ծայրահեղական խմբեր՝ Նորք-Մարաշ, Ժիրայր Սեֆիլյան, Սամվել Բաբայան, Սասնա ծռեր։ Նրան հաջողվեց համապատասխան կենտրոններին համոզել, որ առանց երկրի ներսում ահաբեկչական կենտրոնները վերացնելու չի կարող անցնել Արցախի հարցի կարգավորմանը։ Այս գործ կոչվածը, հայտնի մարդկանց կալանավորումը Սարգսյանին տվեցին երեք տարի լրացուցիչ ժամանակ  իր կոռուպցիոն գործերը շարունակելու, Արցախը և ազատագրված հողերը վերջնականորեն թուրք-ադրբեջանական ալյանսին հանձնելուն նախապատրաստելու համար։ Նա արեց ամեն ինչ, որ իր հաջորդը դիմադրելու որևէ տարբերակ չունենա։ 44-օրյա պատերազմն էլ ապացույց»։

Ըստ Վահան Շիրխանյանի՝ իր բնորոշմամբ այս գործ կոչեցյալը Սերժ Սարգսյանի ապօրինի գործելաոճի ցուցադրումն է։ Նա հարցրեց․ «Ո՞ւր է Լիլիթ Թորոսյանը, որի՝ այստեղ գտնվելու հիմքերը շատ ավելի շատ են, քան ցանկացածի մեկի։ Ինչո՞ւ նա մինչև այսօր քրեական պատասխանատվության չի կանչվել ապօրինի գաղտնալսումներ անելու համար։ Ինչո՞ւ քննչական մարմինը մինչև հիմա պատասխանատվության չի կանչվել ապօրինի գաղտնալսումը՝ որպես ապացույցներ քրեական գործի հիմքում դնելու համար։ Սերժ Սարգսյանի թելադրանքով կազմված այս գործը հեռու է տրամաբանությունից, իրավագիտությունից և իրավունքից։ Խուզարկությունների արձանագրությունները նայեք։ Սա օրենքի արհամարհման,  նրա նկատմամբ կամայական վերաբերմունքի նմուշ է»։

Վահան Շիրխանյանն իր հայտարարությամբ նշում է․«Քրեականացվել է Սպարապետի գերեզմանի մոտ նկարվելը, ազատամարտիկ լինելը, ընդհանուր քիմիայի դասագիրք ունենալը, օդանավակայանից 17 կմ  հեռու ապրելը, երկրում տիրող իրավիճակի մասին զրուցելը»։ Ըստ Վահան Շիրխանյանի՝ պետք էր համաժողովրդական բացասական գնահատականից հետո և հարյուրավոր հանցագործությունների մասին հնչեցված հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանին բանտ նստեցնել։ Խոսելով իր պահման պայմանների մասին՝ նա հայտարարությունում նշել է, որ 447 օր իրեն պահել են մենախցում՝ անտեսելով հարևան բերելու՝ իր պահանջները։ Իր բնորոշմամբ՝ ապօրինի կալանքի տակ գտնվելու ընթացքում ստացել է տասնյակ հիվանդություններ, այդ թվում նաև ձայնն է կորցրել։

Խոսելով Արթուր Վարդանյանի մասին՝ Վահան Շիրխանյանն ասաց․ «Առերեսման ժամանակ տեսա Արթուրի տանջված, ջարդված տեսքը և նրա՝ անելանելի վիճակում գտնվելը։ Փաստորեն ամբողջ գործը կազմված է երկու մարդկանց վրա, որոնցից ցուցմունք են ստացել խոշտանգումների, լիազորությունների չարաշահման, օրենքի կոպտագույն խախտումների ճանապարհով»։

Վահան Շիրխանյանն առաջարկեց գործը վերադարձնել վերաքննության, հարցաքննել Սերժ Սարգսյանին ու Միքայել Համբարձումյանին և նշանակել զենք-զինամթերքի նոր փորձաքննություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930