Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից». մանրամասներ լրտեսական ցանցի բացահայտման մասին. «Հրապարակ»

Ապրիլ 22,2022 09:54

Փետրվարին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտն աղմկեց օտարերկրյա լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հայրենիքի դավաճանության այս գործով անցնում է 19 զինվորական։ Նրանք իբր սոցցանցերով ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ: Մի քանի հոգի էլ՝ հնամաշ կոշիկներ հագած, հեռուստատեսությամբ ուրախ ձայնով պատմեցին, որ դոլարներ են ստացել տվյալներ փոխանցելու դիմաց։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք` դրեք դեմս, ես ինքս նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել է Վեդիում բնակվող կադրային սպա, կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել է վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չեն բավարարել։ «Ուրեմն, էդ նամակ ուղարկողը հենց քո կողքը նստած է, ոչ մի ադրբեջանցի էլ չի,- եզրակացրել է Ալվարդ Մանուկյանը։- Ո՛չ բանկային հաշիվ կա կամ այլ փաստաթուղթ, որ որդուս փող են փոխանցել, ո՛չ էդ աղջկա հետ պերեպիսկեն են ցույց տալիս, ո՛չ գոնե ասում են, թե որտեղից է էդ աղջիկը նամակներ գրել տղայիս»։

Որքան էլ զարմանալի է, քիչ էր մնացել՝ նա գնար էդ աղջկա ձեռքն ուզելու իր տղայի համար։ Կինը պատմում է, որ իր հերոս, պատերազմի մասնակից, կադրային զինվորական որդին մի թերություն ունի՝ կնամոլ է։ Նախկին կնոջ հետ էլ հարաբերությունները վատ են եղել, ու Տարոնի սոցցանցերի էջերում բազմաթիվ կանայք են «բնակվել»։

Պատերազմը սկսվելուց հետո նրա էջին «մի սիրուն աղջիկ» նամակ է գրել, ներկայացել է որպես Վրաստանի բնակիչ։ Խոսել է նրա որդու հետ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար, մի երկու անգամ՝ վայբերով։ Խոսել է ռուսական համարներով, մաքուր հայերենով ու առանց ակցենտի։ «Տղաս կնոջ հետ հաշտ չէր, որոշեց, որ սրա հետ ամուսնանալու է։ Ոսկի մատանի առանք, պատրաստվեցինք, որ գնանք Վրաստան՝ էդ աղջկան ուզելու։ Բայց էդ աղջիկն ինձ դուր չէր գալիս։ Մի օր նարգիլե ծխելով նկար ուղարկեց, հասկացանք, որ էն աղջիկը չի, որ տուն բերենք։ Տղաս դրան հանեց գլխից։ Մի օր էլ դա կապ հաստատեց Տարոնի նախկին կնոջ հետ, բայց նրա որեւէ տվյալ կամ հեռախոսահամար, կամ անուն տղաս չէր ասել։ Ադրբեջանցին ի՞նչ իմացավ, թե նա նրա կնիկն է, որ նրան զանգեց»,- հարցնում է Ալվարդ Մանուկյանը։ Նա վստահ է, որ այդ աղջկան տվյալները փոխանցել են հենց մեր ԱԱԾ-ականները։

Պատմում է նաեւ, որ Տարոնին մի օր իր մոտ է կանչել Արարատի ԱԱԾ պետը, հարցրել է «դրսերի հետ» նամակների մասին, եւ Տարոն Ամիրխանյանը ցույց է տվել այդ նամակները ԱԱԾ-ականին։ «Թեման փակվել է։ Պատերազմի մասին խոսք անգամ չի եղել էդ նամակներում, ո՛չ քարտեզ, ո՛չ բան։ Մի երկու նկար է եղել տղայիս, մեկը՝ բենզակալոնկի առաջ նկարված, մեկն էլ՝ իր կաբինետում, էլ ոչինչ։ Եթե տղաս կարեւոր տվյալներ փոխանցած լիներ, հիմա վաղուց փակել էին գործը, ուղարկել էին դատարան»,- ասում է մայրը։ Նա արցունքով պատմում է, որ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ որդուն պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան։ Բարեկամներն իրենցից երես են թեքել, իսկ թոռնիկը՝ Տարոնի երեխան, արդեն մի քանի ամիս է, հոգեբանորեն ընկճված վիճակում է, հորն է ուզում։

Տարոն Ամիրխանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջեբրայիլում մարտերի ժամանակ նա 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել է ռազմաճակատ։ «Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից»,- հարցրել է նա դատավորին` իր կալանքը երկարաձգելու որոշումը քննարկելու ժամանակ։ Դատարանում ԱԱԾ քննիչները որեւէ ապացույց չեն ներկայացրել, ընդամենը պահանջել են դատարանից՝ երկարացնել կալանքը, որ Տարոն Ամիրխանյանը հանկարծ փախուստի չդիմի։

Տարոն Ամիրխանյանը փայլուն ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պատվոգրեր ունի, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, բայց այս փաստաթղթերը, որոնք բնութագրում են կապիտան Ամիրխանյանի անձն ու հայրենասիրական որակները, քրեական գործին չեն կցվել։ Քննիչը համարել է, որ դրանք գործի հետ առնչություն չունեն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930