«Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իրականության մեջ ինքը որեւէ առնչություն չունի այն ամենի ինչի հետ, ինչ կատարվում է Հայաստանում»,- ՀՀԿ-ի կազմակերպած իրազեկման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցածին, երբ ընդդիմադիր պատգամավորները «դավաճան» վանկարկումներով լքում էին խորհրդարանի դահլիճը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ընթերցելուց հետո, իսկ իշխանական պատգամավորները ծափեր էին հնչեցնում։
Ընդդիմադիր պատգամավորը հստակեցնում է՝ իրենք ի սկզբանե էլ նպատակ չեն ունեցել իշխանության հետ երկխոսելու. «Ու՞մ հետ երկխոսել, այն մարդկանց հետ, ովքեր թուրք-ադրբեջանական շահե՞րն են Հայաստանում ներկայացնում»:
Տիգրան Աբրահամյանը հավելում է, որ իրենց նպատակը մեկն էր՝ խորհրդարանի դահլիճում ներկայացնել ժողովրդի պահանջը եւ դուրս գալ. «Իսկ այն պատգամավորները, ովքեր ծափահարում էին եւ «Հայաստան» էին գոռում, նրանք այն մարդիկ էին, ում ղեկավարության ժամանակ ոչ միայն Արցախի 75 տոկոսը հանձնվեց, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում տարածքներ հանձնվեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից: Նրանց պաշտոնավարման օրոք, նույնիսկ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական զորքերը զավթեցին Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան, ՀՀ մի շարք հատվածներ: Այնպես որ, այս մարդիկ չունեն բարոյական իրավունք ոչ միայն Հայաստանի անունը հնչեցնելու, այլեւ Հայաստանը ներկայացնելու համար»:
Հարցին՝ ի՞նչ բացահայտումներ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, ճիշտ չէ՞ր լինի, որ ընդդիմադիրները լսեին, թե ինչի՞ մասին է խոսքը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի բացահայտումների մասին կիմանանք այն ժամանակ, երբ նա այլեւս չի լինի իշխանության ղեկին, այլ կարգավիճակով, իրավապահներին կներկայացնի իր չորսամյա պաշտոնավարման ժամանակ թույլ տված հանցագործությունները»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը երեկ մեկ նպատակ ուներ՝ շեղել իրադարձությունների ընթացքն այնպիսի սենսացիաներով, ինչպիսինն էր, օրինակ, Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը, որն իր նկատմամբ ծաղրանքի առարկա դարձավ: Այլապես, ըստ Տիգրան Աբրահամյանի, եթե նա որեւէ լուրջ բանի տիրապետեր, իրավապահներն արդեն դրանով կզբաղվեին:
Եթե իշխանության ներկայացուցիչները սպառնալիք չզգային, ըստ բանախոսի, երթերն այսքան մեծ քանակությամբ ոստիկաններով չէին ուղեկցվի, իշխանության տարբեր ճյուղերի կողմից սադրանքների մասին հայտարարություններ չէին լինի: Պատգամավորի հավաստմամբ, հենց իշխանական շրջանակներից են սադրիչներ ներդրվում երթերի եւ ցույցերի ժամանակ:
Խոսելով երեկ ԱԺ շենքում աննախադեպ պաշտպանվածության միջոցառումների մասին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանական շրջանակների միակ մտահոգությունը իշխանության պահպանումն է եւ ճշմարտության բացահայտումները, որոնք իրենց տեղափոխելու են ճաղերից այն կողմ:
Պատգամավորի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն այսօր դարձել է իր բոլոր տապալումները, հայ ժողովրդին, հայրենիքին հասցրած ողբերգությունը ցրել տարբեր ուղղություններով, ցույց տալ, որ իրենք որեւէ կապ չունեն այս իրավիճակի հետ: «Այդ անպատասխանատվության իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, բնականաբար, իր հետեւից բերել է նոր կորուստներ։ Նրանք փորձում են հայելային հետքաշման միջոցով նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի տարբեր հատվածներում, ինչը պետք է կանխել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացումն ունի հենց այդ նպատակը՝ կանխել թափ հավաքող եւ գլորվող սպառնալիքների շարքը, հնարավորություն ստեղծել Հայաստանի ու Արցախի համար ուժեղանալ, զարգանալ եւ այս տարածաշրջանում ապահովել հայի ֆիզիկական գոյությունը։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով, հանրության գերակշիռ մասը գիտակցում է, հասկանում է, թե այս պայքարն ինչին է ուղղված և սադրիչների գործողությունները, որոնք կառավարվում է քաղաքական իշխանության կողմից, նպատակ ունեն վարկաբեկելու այն, ինչ տեղի է ունենում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































