Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի» նվեր ստանալու դեպքում պաշտոնյան կտուգանվի

Մայիս 16,2022 21:21
pashtonya

«Անթույլատրելի» նվեր ստանալու դեպքում հանրային ծառայողը, հանրային պաշտոն զբաղեցնող անձը կենթարկվի վարչական պատասխանատվության, տվյալ նվերը կբռնագանձվի։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում են հանրային ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների համար թույլատրելի եւ անթույլատրելի նվերները, անթույլատրելի նվեր ստանալու դեպքում պատասխանատվությունը։

Նախագծով հանրային պաշտոն զբաղեցնող անձին եւ հանրային ծառայողին արգելվում է իրենց պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել։

Նաեւ սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ապահովեն, որպեսզի իրենց ընտանիքի անդամներն ու իրենց հետ փոխկապակցված անձինք եւս չընդունեն նվեր, նույնիսկ հետագայում այն ընդունելու համաձայնություն չհայտնեն՝ եթե կա հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ։

Իսկ ինչպես է որոշվելու «արգելված» նվեր է, թե՝ ոչ։ Նախագծում նշվում է՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված, այդ թվում՝ նվեր քարտեր, կրիպտոարժույթ եւ այլն), ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն»։

Իսկ նշված պաշտոնյաների համար թույլատրելի նվերներ են՝ պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Ընդ որում, օրենքով սահմանված որոշ կետերով սահմանվում է՝ նախատեսված նվերի արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ապա այն համարվում է պետական սեփականություն:

Բացի այս, եթե պաշտոնյան կասկածում է, որ տվյալ նվերը կարող է գնահատվել որպես «անթույլատրելի», ապա պարտավոր է դիմել համապատասխան մարմնին, կամ ինչպես նախագծում է նշված՝ տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին։ Եւ եթե համապատասխան մարմնի եզրակացությամբ նվերն համարվի անթույլատրելի, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում նվերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։ Եթե նշված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա տվյալ անձը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։ Նույն պայմանն է սահմանված նաեւ ընտանիքի անդամների նվեր ստանալու դեպքերի համար։

Այս նախագծով առաջարկվող փոփոխությամբ, իհարկե, սահմանվում է խախտումների դեպքում տուգանքի չափը։ Օրինակ՝ պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու դեպքում, պաշտոնյան կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի հնգապատիկի հատուցմամբ։ Նույն ծավալի պատասխանատվություն է սահմանված պաշտոնյայի նկատմամբ՝ եթե նրա ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձն է նվեր ստացել եւ չի հայտնել համապատասխան մարմնին։

«Թույլատրելի» նվերներ ստանալու, սակայն դրանք ռեեստրում չհաշվառելու դեպքում պաշտոնյայի նկատմամբ նույնպես սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի կրկնապատիկի հատուցմամբ։

Առաջարկվող օրենսդրական փաթեթով նաեւ սահմանվում է՝ իրավախախտումների գործերով վարչական տույժ կարող է նշանակվել խախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031