Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լուսինե Ղասաբօղլյան. «Պիգմալիոնն» ի հայտ գալու օրվանից հուզել եւ ոգեշնչել է հանդիսատեսին. Թիվ 51 դպրոցի սաները բեմադրել էին «Իմ չքնաղ լեդին»

Մայիս 20,2022 21:55

Անգլերենի ուսուցչուհին՝ Ջեմմա Մարտիրոսյանը, վերջին ցուցումներն է տալիս՝ բարձր ու դանդաղ կխոսե՛ք: Տարբեր հերոսներին մարմնավորած աշակերտներն էլ դպրոցի դահլիճի ետնաբեմում հուզված անցուդարձ են անում՝ սպասելով իրենց բեմելին:

Երեկ Երեւանի Վարդգես Պետրոսյանի անունը կրող թիվ 51 դպրոցում դահլիճը լեփ լեցուն էր: Ջեմմա Մարտիրոսյանն աշակերտների հետ բեմադրել էր Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկի՝ «Պիգմալիոն»-ի հիման վրա «Իմ չքնաղ լեդի» ներկայացումը:

Պիեսում պատմվում է լոնդոնցի պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, որը գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ։ Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառին՝ Էլիզա Դուլիթլին, սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձեւ եւ նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի։

Գլխավոր դերում 9-րդ «ա» դասարանի աշակերտուհի Վալենտինա Գրիգորյանն է: Վալենտինան ասում է՝ ծաղկավաճառ աղջկա կերպարն իրեն դուր է եկել եւ նրա հետ ընդհանրություններ ունի:

Aravot.am-ի հետ զրույցում Վալենտինան ասաց, որ բեմում խաղալն իր ու դասընկերների համար հնարավորություն էր բնավորությունը ցույց տալու, ավելի մտերմանալու ու երբեմնի երազանքներն իրականացնելու:

Ներկայացումն անգլերեն լեզվով էր: Տիկին Մարտիրոսյանի պատմեց, որ բեմադրել են նաեւ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը», «Փարիզի Աստվածամոր տաճարը» եւ այլ ներկայացումներ: Ուրախ է, որ աշակերտները, չնայած դժվարություններին, սիրով մասնակցում են այսպիսի միջոցառումներին:

Ասում է՝ ներկայացումները հնարավորություն են ընձեռում կատարելագործել իր սաների անգլերենի իմացությունը, ծանոթանալ գեղարվեստական գործերին ու երեխաների մեջ զարգացնել մշակույթը:

 

«Պիգմալիոնը» մեծ հաջողություն ունի նաեւ մեր օրերում՝ ներկայացման ավարտին իր ելույթում ասաց թիվ 51 դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը: Նրա խոսքով՝ չկա մի թատերական հարթակ, որտեղ «Պիգմալիոնը» չդրվի. «Այս պիեսն ի հայտ գալու օրվանից հուզել եւ ոգեշնչել է հանդիսատեսին: Ուրախ եմ եւ հպարտ մեր մեծ ընտանիքի եւս մեկ ձեռքբերումով եւ վստահ եմ, որ այսուհետ էլ մեր դպրոցական նավը տանելու ենք դեպի նոր բարձունքներ, նոր հաջողություններ եւ հաղթանակներ: Ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ողջ կոլեկտիվին, ծնողական համայնքին եւ մեր անկրկնելի աշակերտներին»:

Լուսինե Ղասաբօղլյանը խորին շնորհակալություն հայտնեց նաեւ Ջեմմա Մարտիրոսյանին, ով ամիսներ շարունակ ուժ ու եռանդ չի խնայել բեմադրությունը կյանքի կոչելու համար:

Ներկայացմանը ներկա էին հյուրեր, ծնողները, պաշտոնատար անձինք:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031