Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեստ Ավանեսով․ «Գաղտնի՞ք է, որ սողանքավտանգ տարածքներում շինթույլտվություն չեն տալիս: Ինչպե՞ս է դա տրվել»

Մայիս 24,2022 17:22

Շինհրապարակներում կատարյալ անտերություն է։ Երեւանի ավագանու այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը։ Նա անդրադարձավ Դալմայի այգում շինարարություն իրականացնելու հետեւանքով հենապատի  փլուզմանը, որի պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին փակվել է։

Ավանեսովն ընթերցեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ այսօր կատարած ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշված է. «Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաեւ գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաեւ գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի եւ ճանապարհի երկկողմանի երթեւեկը բացվի»:

«Պետք է անդրադառնալ հենապատի փլուզման պատճառներին, քանի որ 2018-ից սկսած, այո, շատ լավ է․․․ սնկի պես աճող շինհրապարակներ են, շենքեր են կառուցում։ Ցանկացած բան կարող ես տարբեր ձեւ մեկնաբանել՝ լավ կամ վատ, ոնց ուղղորդեն։ Հիմա այս շինհրապարակներում կատարյալ անտերություն է տիրում, էլ չեմ ասում այնտեղից դուրս եկող մեքենաների վիճակը, փոշու կույտն ու նստվածքն ամբողջ քաղաքում։ Ո՞ւմ վրա է պատասխանատվությունը շինհրապարակներում անվտանգության կանոնների պահպանման համար», – ասաց Ավանեսովը։

Նա հարց բարձրացրեց՝ ո՞վ է շինթույլտվություն տվել այն հատվածում, որը սողանքավտանգ հատված է․ «Գաղտնի՞ք է, որ Դալմայի այգիներում, որտեղ եղել են այգիներ, պետք է հասկանալ, որ այնտեղ կան ստորգետնյա ջրեր, նույնիսկ այդ քանդված հատվածում երեւում է, որ նման իրավիճակ է։ Գաղտնի՞ք է, որ սողանքավտանգ տարածքներում շինթույլտվություն չեն տալիս: Ինչպե՞ս է դա տրվել: Հիմա չանդրադառնա՞նք այս խնդիրներին, եւ միանգամից ասենք՝ վերացման աշխատանքներ են, այն էլ ժամկետ էլ չնշենք, ասենք՝ եռահերթ աշխատանքներ ենք անում։ Ինչո՞վ ենք ապահովագրված, որ վաղը կամ մյուս օրը այդ շինհրապարակներում անարդյունավետ աշխատանքի հետեւանքով նման դեպքեր նորից չեն գրանցվի։ Տեսանյութում (նկատի ունի Դալմայի այգում փլուզման մասին տեսանյութում․ Ն․Բ․) հավաքարարն ասում էր՝ այդ հատվածը փլուզվելուց մի քանի վայրկյան առաջ է մաքրել, անցել։ Բա որ էդ մարդը մահանար այդտեղ, մարդու կյանքի հետ ենք խաղում։ Պատճառների մեջ չենք խորանում, ու փորձում ենք խնդիրներին հեռահար ձեւով ու երկար ժամանակ հետո անդրադառնալ։ Ինչո՞ւ այսքան ժամանակ չէինք անդրադառնում, մարդիկ ասում են՝ պատասխան տվեք։ Պետք է ստանձնել քաղաքի պատասխանատվությունը եւ առաջին հերթին պատասխանատվություն պետք է ունենան քաղաքապետը, տեղակալները, համապատասխան վարչությունները։ Ի՞նչ է պատճառը։ ԱԻՆ-ն ասում է՝ երկու ամիս առաջ տեղեկացրել է, անզեն աչքով էլ երեւում էր, որ այդ ճանապարհի վրա ճաք կար։ Ինչ-որ շինկազմակերպության վրա գցենք, ու անցնենք առա՞ջ, դա նորմա՞լ է։ Եթե զոհեր լինեին, էլի պիտի ասեինք՝ մենք չենք։ Սրանք լուրջ հարցեր են: Տպավորություն է, որ եթե մրցույթ լինի վատ բաներ անելու, քաղաքացիների կյանքը պղտորելու, քաղաքապետարանը հաղթողներից մեկն է լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031