Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դադարեցնեք Վարդան Ղուկասյանի նկատմամբ ճնշումները, այդ ժամանակ էլ վայր կդնենք մանդատները, կգնանք նոր ընտրության ու կտեսնեք՝ ինչ կկատարվի»․ Ավետիս Առաքելյանը՝ ՔՊ-ականներին

Սեպտեմբեր 15,2026 16:20 Share

Ամառային արձակուրդից հետո այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Սարիկ Մինասյանի ու Քնարիկ Հարությունյանի Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ներկայացել էր խմբակցության նոր ղեկավարով ու նոր քարտուղարով։ Շավարշ Արամյանը ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավար, Էդգար Բաղդասարյանն էլ՝ քարտուղար։

Այսօրվա նիստը թեժ էր․ ՔՊ-ականները հարցախեղդ էին անում զեկուցողներին ու Վարդան Ղուկասյանի փեսային՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Նկատենք, որ Առաքելյանը ևս պաշտոնավարման ընթացքում բավականաչափ հմտացել է՝ նա էլ ՔՊ-ականներին համարժեք պատասխաններ էր հնչեցնում։

Այսօր ՔՊ-ականները միմյանց հերթ չտալով հարցեր էին ուղղում, որի պատճառով օրակարգից հետ էին ընկնում։

Ինչևէ, նիստի ժամանակ տարբեր հարցեր քննարկվեցին՝ նոր հաստիքների ավելացումից մինչև շախմատի դպրոցի դռների ձեռքբերումն ու «Գյումրու օր» տոնակատարությանը գումարի հատկացում։

Նիստի ընթացքում ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանն Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց, թե կա՞ ճգնաժամ Գյումրու կառավարման համակարգում։

«Ոչ, չկա»,-կարճ-կոնկրետ պատասխանեց Ավետիս Առաքելյանը։

Էդգար Բաղդասարյանն առաջարկեց մանդատները վայր դնել ու նոր ընտրություններ հայտարարել։

Ավետիս Առաքելյանը ժպտալով պատասխանեց․ «Ես ինչքան հասկացա կառավարությունը սպառել է բոլոր միջոցները, թե ինչպես Գյումրի քաղաքը տանել նոր ընտրության։

Բերեք էսպես անենք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վերականգնեք, բերեք մանդատները վայր դնենք և գնանք արդար ընտրության, և ևս մեկ անգամ կտեսնեք՝ ինչ կկատարվի»։

Շավարշ Արամյանը հետաքրքրվեց, թե սա պաշտոնական հայտարարություն դիտարկե՞ն, որին Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Ասացի արդեն, բացեք Վարդան Ղուկասյանի բոլոր հնարավորությունները, արգելքները, մի հետապնդեք, կառավարական ճնշումներ մի գործադրեք, եկեք մանդատները վայր դնենք, գնանք նոր ընտրության և կտեսնենք՝ ինչ կկատարվի այդ ժամանակ»։

Շավարշ Արամյանն ասաց, որ այդ իրավասությունն իրենք չունեն, դրանով զբաղվում են համապատասխան մարմինները, և կա անմեղության կանխավարկած։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ և շատ բարձրաստիճան անդամներ ոչ մի րոպե հաշվի չառան այդ անմեղության կանխավարկածը և սկսեցին մեղադրել, եթե իրավաբանները սկսեն աշխատանքները․․․»,-հակադարձեց Ավետիս Առաքելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930