Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգի առաջին հարցը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելն էր։
Զեկուցողն այս հարցն օրակարգ մտցնելը բացատրեց նրանով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում արձանագրվել է, որ պայմանագրային հիմունքներով հաստիքներ զբաղեցնող գործակալները և փորձագետներն իրականացնում են մասնագիտական գործունեություն։ Միջոցներ են ձեռնարկվել նրանց հաստիքները կրճատելու ուղղությամբ, զուգահեռ` անհրաժեշտություն կա համայնքային ծառայության նոր պաշտոններ ստեղծելու։ Ըստ զեկուցողի, 2026 թվականի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում։
ՔՊ խմբակցության ավագանու անդամ Էմմա Բարսեղյանը նշեց, որ նախարարության զեկույցից տեղեկացել են՝ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, Գյումրու համայնքապետարանում հիմա 138 հաստիքը դարձնում են 187, այսինքն՝ 49 հաստիքով ավելացում կա։ Նա խնդրեց Ավետիս Առաքելյանին ներկայացնել, թե ի՞նչ մասնագիտական հիմնավորմամբ են ավելացնում հաստիքների թիվը, ի՞նչ կտա դա համապատասխան բաժիններին և արդյոք գործակալներն ու փորձագետները չեն աշխատի նոր բացված հաստիքներում։
Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ թերացումներ չի հայտնաբերել, հաստիքներն էլ ուռճացված չեն եղել, այդ հաստիքներն անհրաժեշտ են, այժմ Գյումրին այլ ռիթմով է առաջ գնում։

Կարդացեք նաև
«Ապօրինի շինությունների վերահսկողության բաժնում միայն բաժնի պետն է ՝չորս աշխատակիցներով, որը շատ քիչ է, զարգացող քաղաքի համար շատ քիչ է, դրա համար ենք ուզում հաստիքները համալրել, որ քաղաքապետարանը կարողանա լիարժեք աշխատել։ Իսկ որ ասում եք՝ հաստիքներ ենք բերում, որ գործակալներին հաստիքավորենք, միանշանակ էդ գործակալներին հորս տնից չեմ բերել, նրանք մասնագետներ են, հաստիքներ բերենք, որ կարողանանք մարդկանց աշխատանքի տեղավորել»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Նա նշեց, որ աշխատավարձի բարձրացումից հետո քաղաքապետարանում աշխատելը գրավիչ է դարձել։ Ըստ նրա, օրինակ՝ մշակույթի բաժնում թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում դիմումատուների թիվը 90 էր։ Նա նաև հայտարարեց, որ հաստիքները հնարավոր է համալրվեն այլ մասնագետներով։
«Դեբիլները տեղ չունեն Գյումրու քաղաքապետարանում»,-հայտարարեց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը հարցրեց, թե մասնագետների պակասի պատճառո՞վ է, որ քաղաքապետարանի տարբեր բաժիններ լավ չեն աշխատում, իրենք քաղաքացիներից բողոք-գրություններ են ստանում՝ տեսանյութերով։
«Պարոն Փաշինյանը թիվ 1 ամբիոնից ասում էր՝ իդեալական պետություն, իդեալական երկիր գոյություն չունի, հիմա ես ասում եմ՝ իդեալական քաղաք, իդեալական համայնք գոյություն չունի, բոլոր տեղերում էլ խնդիրներ կան, այլ բան է՝ այդ խնդիրները դիտավորյա՞լ են սարքվում քաղաքի ու քաղաքացու դեմ, թե՞ ստացվում է, դա պիտի պարզենք»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































