Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի «Նռան գույնի» որոշ տեսարաններ «կենդանացան» թանգարանի տարածքում. ֆոտոշարք

Մայիս 25,2022 23:41

ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Շնչող արվեստ» բացառիկ նախաձեռնության շրջանակներում մայիսի 25-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներկայացվեց նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան, որի ընթացքում թանգարանի շենքի բակային հատվածում եւ ցուցասրահներում վերստեղծվեցին Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ: Ներկայացում-ինստալյացիան ուղեկցվեց համանուն ֆիլմից ներշնչված ձայնային էֆեկտներով:

Ուշագրավ ներկայացումն իրականացրել էր ԱՄՆ դեսպանատան «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ եւ ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը՝ իր ղեկավարած թատրոնի արտիստների հետ: Մի քանի օր առաջ էլ նա իր հրաշալի թիմով Սիրահարների այգում կենդանություն էր պարգեւել Մինասի, Գառզուի եւ Հակոբ Հակոբյանի գլուխգործոցներին:

«Գաղափարը ծնվեց նրանից, երբ մեր փոխանակման ծրագրերի շրջանավարտներից մեկը հայկական արվեստը  նորովի ներկայացնելու եւ թանգարանային տարածքում նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն տեսավ: Քանի որ նա մեր ծրագրի շրջանավարտ էր, մենք սիրով աջակցեցինք, որ իրականություն դառնա այդ գաղափարը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի  բաժնի ղեկավար Լիա Միլլերը: Նա ասաց, որ ծանոթ է Փարաջանովի որոշ գործերի, ու շատ խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի է ունենում հենց նրա թանգարանի տարածքում:

Լիա Միլլերը ուշագրավ եւ խորհրդավոր որակեց  ներկայացում-ինստալյացիան եւ իր խոսքով՝ պատմությունը նորովի կերտելու հնարավորությունը: Նա ասաց, որ  առաջիկայում Գյումիրում տեղի ունենալիք միջոցառումը եւս ինքնատիպ է լինելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031