Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քո որոշումների համար 50 հազար մարդ չկա, ինչո՞ւ ես մեր որոշումների համար 500 հազար մարդ պահանջում․ Էդգար Ղազարյան

Հունիս 13,2022 17:16

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Երբ ինձ ասում են, թե Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ քիչ մարդ է հավաքվում, հարցնում եմ. իսկ նոմինալ թիվը ո՞րն է շատն ու քիչը հասկանալու համար: Եթե այդ թիվը պիտի լիներ, ասենք, 500, ապա առնվազն 5000-ը գոնե տասն անգամ շատ է: Եթե 50 հազարն է, ուրեմն, տասն անգամ քիչ է:

Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասի իր ուզած այդ նոմինալ թիվը: Թող խոստանա, ասի. եթե այդքան մարդ դուրս գա, ես հրաժարական եմ տալիս: Վստահ եմ, այդ օրը այդքան մարդ դուրս կգա փողոց: Հարցը հո միայն փողոցում հավաքվելը չի՞: Ինքան մարդ հավաքվում է, նրանք արտահայտում են ժողովրդի բացարձակ մեծամասնության ակնկալիքը:

Հիմա որ ամեն հինգշաբթի կառավարության նիստ է լինում, որոշումներ է կայացնում, քանի՞ մարդ է գալիս Հանրապետության հրապարակ իրեն սատարելու: Եթե մարդաչափով է, թող ամեն հինգշաբթի Հանրապետության հրապարակը լցվի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներով:

Եթե քո որոշումների համար 50 հազար մարդ չկա, ինչո՞ւ ես մեր որոշումների համար 500 հազար մարդ պահանջում: Լեհաստանում Ուկրաինա-Հայաստան խաղն էր: Բոլորս էլ ուզում էինք, որ Հայաստանը հաղթի: Բայց հո բոլորս չէի՞նք գնացել Լեհաստան ու նրանց փոխարեն ֆուտբոլ խաղում: Տնից էինք երկրպագում: Բայց բոլորս էլ ուզում էինք չէ՞ որ Հայաստանը հաղթի: Նույնը հիմա է: Անկախ նրանից, թե մարդը որտեղ է, փաստ է, որ հասարակության երկու երրորդը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ղեկավարի, մյուսներն էլ ուրիշ, անթույլատրելի բաներ են ասում:

Իսկ մենք ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք գնա, հանձնվի իրավապահ մարմիններին, ինչը ամենաճիշտ, ամենաարդար լուծումն է: 72 ժամի կարգն էլ բավարար կլինի, որ իշխանափոխությունը օրենքով, խաղաղ, առանց որեւէ հեղաշրջման, որեւէ զինվորականի մասնակցության, կլինի:

Միշտ ասում են չէ՞, թե ինչքան պիտի այսպես մնանք, բարեկամություն, հարեւանություն… Շատ է եղել, որ հարեւան պետությունները, ժողովուրդները նույնիսկ մեծ թշնամությունից հետո փոխել են վերաբերմունքը իրար նկատմամբ, նույնիսկ բարեկամներ են դարձել: Օրինակ, ո՞վ կպատկերացներ, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո պատմական, ռազմական թշնամիներ Գերմանիան ու Լեհաստանը, որ միմյանց տարածքներ են օկուպացրել, ոչ միայն իրար հետ կարող են առնչություններ ունենալ, այլ նաեւ կդառնան մի տնտեսական միության եւ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Լեհաստանի տարածքում միլիոնավոր մարդիկ են բնաջնջվել: Ե՞րբ ու ինչպե՞ս եղավ, որ դարձան բարեկամներ: Եղել է այն ժամանակ, երբ Գերմանիան ծնկի է իջել Հոլոքոստի զոհերի հիշատակի առաջ, երբ ֆեդերալ կանցլերը այցելել է Վարշավա եւ գլուխ է խոնարհել, երբ ընդունել է այդ ցեղասպանությունը, այդ հանցանքը, ասել է, որ դա գերմանացիները չեն արել, դա արել են ֆաշիստները, որ դա գերմանացի ժողովրդի մեղքը չէ, այլ կոնկրետ գաղափարախոսություն կրողների՝ նաեւ գերմանացի ժողովրդի թշնամիների մեղքն է: Եթե Գերմանիայի վերաբերմունքն այդպիսին չլիներ, ո՞ր լեհը, ո՞ր հրեան, ո՞ր չեխը, եվրոպացին կգնար ու գերմանացու հետ կհամագործակցեր:

Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը այդ ամեն ինչը արել են ու չեն զղջում: Հետեւաբար, պատրաստ են նույնը անել: Իսկ մեզ ասում են՝ խաղաղություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930