Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել՝ բացահայտելու խախտումներն ու թերությունները, և ԲԴԽ առջև չի ներկայացվել տվյալ դատավորների բարեվարքության հարցը»

Հունիս 20,2022 16:47
haytararutyun

Սկիզբը՝ այստեղ

Դատական իշխանության ներկայացուցիչների վերջին տարիների հայտարարագրերի համեմատական հետազոտություն

ՄԱՍ 3

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագիրը սկսել է հրապարակել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի վերաբերյալ հոդվածների ու հետազոտությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի տարբեր ներկայացուցիչների (դատավորներ, դատախազներ, քննիչներ) բարեվարքությանը, կայացրած դատական և այլ ակտերի ուսումնասիրությանը, Բարձրագույն դատական խորհրդում քննված կարգապահական վարույթների քննությանը։

Այդ շարքում հրապարակվող սույն հոդվածի նպատակն է հանրությանը մատչելի եղանակով ներկայացնել որոշ դատավորների գույքի և եկամուտների չափն ու դրանց համեմատական վերլուծությունը տարեթվային հաջորդականությամբ:

Բազում հանրույթների ու պետությունների փորձն աներկբա ցույց է տվել, որ եթե հասարակության կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվում պետական մարմիների և պաշտոնատար անձանց նկատմամբ, թուլանում են հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մի շարք այլ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության հիմք հանդիսացող սկզբունքներ, և ըստ այդմ զգալիորեն մեծանում է կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային գործունեության վտանգը:

Իշխանության դատական ճյուղի նկատմամբ հասարակության վստահությունն ամրապնդելու համար «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանվել են իմպերատիվ պահանջներ, որոնք դրված են դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների վրա:

Համաձայն Դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի՝ «Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի»:

Նման պայմաններում հարց է ծագում՝ արդյո՞ք դատավորների անկախության ու անաչառության նշված երաշխիքները մեր դատական իշխանության համակարգում գործում են, որքանո՞վ է մեր դատական համակարգը կոռումպացված, ինչո՞վ է դա պայմանավորված, և ո՞րն է դրա լուծումը։

Կարծում ենք՝ գաղտնիք չի լինի ասել, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց աշխատավարձն այնքան էլ չի համապատասխանում կատարված աշխատանքի մեծածավալությանը և բարդությանը: Ուստի նման պայմաններում կոռուպցիոն ռիսկերն անհամեմատ մեծ են:

Դատական համակարգում այս գործընթացը կանխելու համար գործի են դրվել մի շարք մեխանիզմներ, որոնք հիմնված են թափանցիկության, հաշվետվողականության, անկախության, անաչառության և մի շարք այլ սկզբունքների վրա։ Տվյալ մեխանիզմը, ի թիվս այլնի, ներառում է նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը:

Բացի դրանից 09.06.2017թ․ այդ նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքը, որը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Այս հանգամանքն էական նշանակություն ունի, քանի որ սույն հոդվածի շրջանակներում ներկայացվող տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Այսպես, հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկվել ՀՀ տարբեր ատյանների և տարբեր մասնագիտացման դատարանների քաղաքացիական, քրեական և վարչական գործերով որոշ դատավորների գույքի և եկամուտների չափի վերաբերյալ առկա տվյալները՝ համեմատական վերլուծություն անցկացնելով վերջին տարիների հայտարարագրերի միջև:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՄՎԵԼԻ ԲԱԴԻՐՅԱՆ

2011թ.-ի հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերված և օտարված անշարժ և շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի ու այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևիցե տվյալ հրապարակված չէ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցների վերաբերյալ տվյալները նույնպես բացակայում են:
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 4,476,500 ՀՀ դրամ:

2012թ.-ի հայտարարագրում նույնպես տվյալների մեծ մասը բացակայում է, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 4,523,231 ՀՀ դրամ:

2013-2017թթ հայտարարագրերում, բացի հարկային տարվա աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների վերաբերյալ տեղեկություններից, այլ տվյալներ չկան, որոնք կազմել են համապատասխանաբար՝ 4,670,183 ՀՀ դրամ (2013թ ), 5,149,310 ՀՀ դրամ (2014թ) , 7,021,130 ՀՀ դրամ (2015թ) , 7,016,906 ՀՀ դրամ (2016թ) և 7,227,016 ՀՀ դրամ (2017թ) :

2018թ.-ի Արմենուհի Բադիրյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում էական փոփոխություններ չեն եղել, տվյալների մեծ մասը կրկին բացակայում է, առկա են միայն պաշտոնատար անձի երկու անշարժ գույքերի և մեկ շարժական գույքի՝ MERCEDES-BENZ E 320 մակնիշի ավտոմեքենայի մասին տվյալներ, սակայն նշված չեն, թե երբ և ինչ եղանակով են դրանք ձեռք բերվել:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դաշտում նշված է 0.00 ՀՀ դրամ:

2019թ.-ին դատավոր Արմենուհի Բադիրյանի կողմից ներկայացված հայտարարագրում նկատվում է ողջամիտ կասկած առաջացնող փոփոխություն, մասնավորապես անշարժ գույքի տվյալների բազայում առկա է համատեղ սեփականության իրավունքով դատավորին պատկանող երկու անշարժ գույք՝ անհատական բնակելի տներ` հողամասի վրա կառուցված, իրենց տնտեսական շինություններով, որոնցից մեկը գտնվում է ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 19.03.2009թ.-ին, իսկ երկրորդը՝ ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքում, որը ձեռք է բերվել 17.05.2005թ․-ին:

Իսկ թե ինչ եղանակով են ձեռք բերվել այս գույքերը, նշված չէ:

Տարվա ընթացքում դատավորի կանխիկ դրամը կազմել է 1,500,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքի և դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 9,761,007.97 ՀՀ դրամ:

Այսպիսով, համեմատական հետազոտության արդյունքում, կարող ենք պնդել, որ դատավոր Բադիրյանի հայտարարագրերում առկա տվյալները խիստ թերի են և ոչ լիարժեք, իսկ թե ինչով է պայմանավորված նման տեղեկությունների սակավաթվությունը, ինչու հայտարարագրված չէ դատավորի հետ փոխկապակցված անձանցից փաստաբան Հայկ Ալումյանի գույքը, թողնում ենք ընթերցողի գնահատողական դատողությանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը 9 տարի շարունակ չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։

Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, և ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նրա ամուսինը, որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ալումյանի ներկայացրած որևէ հայտարարագիր առկա չէ։ «ՍիվիլՆեթ» կայքը հարցում է ուղարկել հանձնաժողովին՝ պարզելու, թե Հայկ Ալումյանն ինչ հիմքով չի ներկայացրել հայտարարագիր, և ինչու վարույթ չի սկսվել այդ դեպքի վերաբերյալ։

Ի պատասխան հարցման՝ հանձնաժողովը հաստատել է, որ փաստաբան Հայկ Ալումյանն իսկապես հայտարարագիր չի ներկայացրել, ապա պարզաբանել, որ գրություն է ուղարկել Ալումյանին՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքերի մասին բացատրություններ ստանալու համար։

Ի պատասխան դրա՝ Հայկ Ալումյանը մեջբերել է «Փաստաբանության մասին ՀՀ օրենքի» 25-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանական գաղտնիքին և հանձնաժողովին հայտնել է, որ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է չհրապարակել։

Հանձնաժողովը պատասխան գրությամբ Ալումյանին պարզաբանել է, որ նա ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, և փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն լրացնելու պահանջ սահմանված չէ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայկ Ալումյանի կողմից հանձնաժողովի պարզաբանումը ստանալուց հետո հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կներկայացնի վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու գործընթաց»,- ՍիվիլՆեթին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ արդեն ծանուցում են ուղարկել փաստաբանին՝ ևս մեկ անգամ ժամկետ տրամադրելով հայտարարագիր ներկայացնելու համար և դեռ պատասխան չեն ստացել։ Հայտարարագիրը չստանալու դեպքում հանձնաժողովը վարչական վարույթ է սկսելու, որը կարող է հետագայում նաև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 314.2 հոդվածի՝ «Հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ եթե 30-օրյա ժամկետի ընթացքում հայտարարատուն դարձյալ այն չի ներկայացնում, ապա կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն՝ կա՛մ տուգանքի տեսքով, կա՛մ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով»։

Իսկ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքների իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2-րդ մասով նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հարկ է նշել, որ հանձնաժողովն Ալումյանից պահանջում է ներկայացնել ոչ թե ինը տարիների հայտարարագրերը, այլ միայն 2019 թվականինը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը սա բացատրեց համապատասխան օրենսդրական կարգավորումով՝ «Մեր հիմնական նպատակը կանխարգելելն է, ու կանխարգելման ներքո անհրաժեշտ է անձին հնարավորություն ընձեռել, որ նրա կողմից թերացումը շտկվի», – ասաց նա՝ հավելելով, որ ջանքեր են գործադրում Ալումյանի պարկեշտ վարքագիծն ապահովելու համար։ Հարությունյանը չի ցանկանում պատասխանել հարցերին, թե ինչու է Ալումյանը եղել «արտոնյալ», ինչու վերջինիս հայտարարագրի բացակայությունը հարցեր չի առաջացրել հանձնաժողովում և այլն։ Ըստ նրա՝ հարցի հասցեատերը հանձնաժողովի նախորդ կազմն է։

Հայկ Ալումյանը՝ հայտարարագիր չներկայացնելու մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը ՍիվիլՆեթին ասաց՝ հանձնաժողովն իրեն դիմել է հայտարարագիր ներկայացնելու համար, որին ինքը պատասխանել է, ու ներկայումս գրագրության մեջ են. «Հուսով եմ՝ իրենց կկարողանամ ապացուցել, որ օրենքն այն վիճակով, որով գոյություն ունի, չի կարող տարածվել ինձ վրա՝ որպես ընտանիքի անդամի», – հայտնեց Ալումյանը։ Նա, ըստ ամենայնի, նկատի ունի Հանրային ծառայության օրենքի 2-րդ հոդվածը, որտեղ թվարկված են այն պաշտոնատար անձինք, որոնց վրա տարածվում է օրենքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ներկայացված է նույն օրենքի այլ գլխով, և այդ հատվածում արդեն նկարագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը։ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ փաստաբանական գաղտնիքի հետ կապված խնդիրը ևս դրել է հայտարարագիր չներկայացնելու հիմքում։

Ալումյանն ու «Սորոսի հիմնադրամը»

Հայկ Ալումյանը երկար տարիներ համագործակցել է Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամի» հետ։ Ներկայումս նրա պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատում է այս հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և գուժում, որ «երկիրը տանում են դեպի սորոսիզացիա»։

2019թ. մարտին Ալումյանը հաստատել էր, որ դրամաշնորհներ է ստացել «Բաց հասարակության հիմնադրամից»՝ Մատաղիսի և Աշոտ Հարությունյանի գործերի հետ կապված վճարների համար։

Բացի դրամաշնորհներից Ալումյանը 2008-2019թթ․ համագործակցել է Հիմնադրամի հետ քրեական արդարադատության ծրագրի շրջանակներում։ Այդ մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեցին «Բաց հասարակության հիմնադրամից» և հայտնեցին․ «Պարոն Ալումյանը մասնակցել է Հիմնադրամի Ռազմավարական դատավարության ծրագրի իրականացման աշխատանքներին և այդ ծրագրի շրջանակներում իրականացրել է թե՛ բուն գործերի վարում, թե՛ խորհրդատվական աշխատանք։ Պարոն Ալումյանը հանդիսացել է նաև Հիմնադրամի նախաձեռնած Արդարադատության խմբի անդամ և մասնագիտական մեծ ներդրում է ունեցել այդ խմբի աշխատանքներում 2014-2019թթ․։ Հիմնադրամի Արդարադատության խումբը փորձագետների խումբ է, որը մշակում և պետական, միջազգային, փորձագիտական ու լայն հանրությանն է ներկայացնում մասնագիտական կարծիքներ Հայաստանի իրավական, օրենսդրական միջավայրում տեղի ունեցող տարբեր գործընթացների շուրջ։ Արդարադատության խումբը կարծիքներ է տալիս Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի բարելավման հետ կապված տարբեր հարցերի շուրջ, ներառյալ օրենսդրական և պրակտիկ դրսևորումները։ Պարոն Ալումյանը համագործակցել է Հիմնադրամի հետ խոշտանգումների, վատ և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարելու նախաձեռնություններում և Հիմնադրամի աջակցությամբ մշակել է հատուկ դասընթաց այդ հարցերի շուրջ և դասավանդել է այն ՀՀ Փաստաբանների պալատում»,-պատասխանել են Սիվիլնեթին ԲՀՀ-ից՝ Ալումյանին շնորհակալություն հայտնելով մասնագիտական ներդրման համար։

ՄՈՒՐԱԴ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

2011թ.-ի հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը բացակայում է, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ և շարժական գույքի, հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, հանձնած կամ վերադարձած փոխառությունների, հարկային տարում ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ որևիցե տվյալ հրապարակված չէ:

Դատավորի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 502,000 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 700,000 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, գույքը օտարելուց ստացված եկամուտը և ստացված փոխառությունը հարկային տարում կազմել են ընդհանուր 4,294,090 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները՝ 1.000.000 ՀՀ դրամ, ապահովագրական հատուցումը՝ 200.000 ՀՀ դրամ, որոնք էլ ընդհանուր կազմել են 5,494,090 ՀՀ դրամ:

2012թ.-ին դատավորի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 700.000 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 400.000 ՀՀ դրամ։ Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաև գույքն օտարելուց ստացված եկամուտը հարկային տարում կազմել են ընդհանուր 4,642,749 ՀՀ դրամ:

2013թ. հայտարարագրում առկա տվյալների մեծ մասը կրկին բացակայում է, մասնավորապես առկա են միայն բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները, որոնք տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել են 700.000, իսկ տարվա վերջում՝ 400.000 ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հարկային տարում կազմել են ընդհանուր 4.582.749 ՀՀ դրամ գումար, ստացված փոխառությունը՝ 1.000.000 ՀՀ դրամ: Այսպիսով, ընդհանուր եկամտի չափը կազմել է 5,582,749 ՀՀ դրամ:

2014թ-ից 2018թ. դատավորի հայտարարագրում առկա տվյալները գրեթե չեն փոփոխվել, առկա է տեղեկատվություն միայն դատավորի դրամական միջոցների և հարկային տարվա եկամուտների վերաբերյալ, որոնք համապատասխանաբար կազմել են 5,989,269 ՀՀ դրամ ( 2014թ ),
7,518,872 ՀՀ դրամ ( 2015թ ), 7,602,679 ՀՀ դրամ ( 2016թ ), 9,668,874 ՀՀ դրամ, որից 1,800,000 ՀՀ դրամը կազմում է ստացված փոխառություն ը (2017թ ), 7,538,324 ՀՀ դրամ (2018թ ),

2019թ. հայտարարագրում առկա է դատավոր Մուրադ Հովակիմյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում ժառանգության կարգով ստացված 20.02.2018թ., դատավորի բաժինը բնակարանում կազմում է 5/12-րդ մասը: Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Առկա է մեկ շարժական գույք՝ մարդատար ավտոտրանսպորտային միջոց՝ VOLKSWAGEN մակնիշի, թողարկված 1995թ, որը գնվել է 24.11.2008թ.-ին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում կազմել է 3,270,000 ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 3.000,000 ՀՀ դրամ:

Աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 10,243,022 ՀՀ դրամ:

2020թ. հայտարարագրում առկա է բարձրաստիճան պաշտոնատար անձի անշարժ գույք՝ բաժնային սեփականության իրավունքով պատկանող (5/12 մաս), բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում: Տվյալ տարվա և՛ սկզբում, և՛ վերջում առկա են տրանսպորտային միջոցներ՝ VOLKSWAGEN մակնիշի մարդատար ավտոմոբիլ՝ 1995թ․ թողարկման և JEEP ATRIOT 2.4՝ 2008թ. թողարկման, որը ձեռք է բերվել 2019թ.՝ 800 ԱՄՆ դոլարով, աճուրդի միջոցով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կանխիկ դրամական միջոցների չափը տարվա սկզբում ՀՀ դրամով կազմել է 3.000.000, տարվա վերջում՝ 3․525.000 ՀՀ դրամ:

Ստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք ստացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից, կազմել են 13,710,855 ՀՀ դրամ:

2021թ.-ի հայտարարագրում , բացի նախկինում ներկայացված հայտարարագրերում առկա տվյալներից, առկա են նոր տվյալներ: Անշարժ գույքի մասով՝ ձեռք է բերվել բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը Մուրադ Հովակիմյանին պատկանում է համատեղ սեփականության իրավունքով, գտնվում է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, գույքի արժեքը կազմում է 21,149,700 ՀՀ դրամ, գործարքի մյուս կողմը Հայաստանի Հանրապետությունն է: Տարվա ընթացքում ձեռք է բերվել նաև հողամաս ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ 6,400,000 ՀՀ դրամ արժողությամբ: Հողամասը գնելու համար դրամական միջոցները ձեռք են բերվել փոխառության միջոցով:

Այսպիսով, ամփոփելով կատարված ողջ հետազոտությունը՝ կարող ենք եզրակացնել, որ ուսումնասիրված գրեթե բոլոր դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը լիարժեք չէին հատկապես մինչև 2019 թվականը, և ողջամիտ կասկած է առկա, որ ներկայումս էլ ներկայացված հայտարարագրերը չեն արտացոլում այն իրողությունը, որն իրականում տիրում է:

Բացի այդ անհրաժեշտ է ընթերցողի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել՝ բացահայտելու համար տեղ գտած խախտումներն ու թերությունները, և ԲԴԽ առջև չի ներկայացվել տվյալ դատավորների բարեվարքության հարցը։

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագրի փորձագիտական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930