Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի հոդվածը բոլոր իշխանությունների ամենասիրելին է, որը միշտ հանգեցնում է շատ բացասական հետեւանքների՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքը. Հասմիկ Հարությունյան

Հուլիս 19,2022 15:28

«Այս պահի դրությամբ դեռեւս չունենք պատասխան»,-այսօր անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին, ասաց ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ծայրահեղ մտահոգիչ էր համարել, որ կալանքի պայմաններում չի երաշխավորվել Արմեն Գրիգորյանի առողջության իրավունքը՝ նշելով, որ այդ առիթով արդարադատության ոլորտի պատասխանատուներից պահանջել է պարզաբանումներ:

Այսօր «Հոդված-3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ Լաուրա Գասպարյանն ասաց, որ ազատությունից զրկված անձանց մեծ մասը պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եւ որքան էլ այն համալրված է բժշկական հաստիքներով, ՄԻՊ-ի գնահատմամբ, դրանք անբավարար են. «ՔԿՀ-ներ ընդունվելիս ազատությունից զրկված անձն անցնում է բժշկական զննություն: Մեր գնահատմամբ՝ պատշաճ բժշկական զննություն չի իրականացվում: Երբեմն արձանագրվում են մարմնական արտաքին զննության արդյունքները եւ իրականացվում է երկու հիմնական հետազոտություն՝ հեպատիտ Ց-ի եւ ՄԻԱՎ-ի: Միայն այս հետազոտությունների արդյունքում դժվար է գնահատել անձի առողջական վիճակը եւ հետագայում էլ ապահովել առողջության պահպանման իրավունքը»:

Լաուրա Գասպարյանի խոսքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ՄԻՊ-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ անձը ունի բժշկի կողմից ցուցված ստացիոնար բուժման անհրաժեշտություն, բայց նրա տեղափոխման հերթը կհասնի մեկ ամսից:

«Այս հերթագրումը, անձանց տեղափոխումը ստացիոնար բուժօգնության համար դժվարություններ են եւ դեռեւս լուծված չեն»,-ասաց ՄԻՊ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը նշեց, որ ՔԿՀ-ներում բոլոր ազատազրկված անձանց համար հասանելի են առողջության հետ կապված երաշխիքները. «Ինչպես ազատության մեջ գտնվող անձինք են օգտվում առողջ լինելու իրենց իրավունքից, այնպես էլ՝ անազատության մեջ գտնվողները: Բոլոր այն անձինք, որոնք գտնվում են փակ քրեակատարողական համակարգում՝ առաջին իսկ մուտքի ժամանակ գտնվում են բժիշկների ուշադրության կենտրոնում: Եթե արձանագրվում է առողջական խնդիր, բժիշկները հետազոտությունների միջոցով վեր են հանում բոլոր խնդիրները եւ անհրաժեշտ բուժծառայությունների միջոցով իրականացնում են անհրաժեշտ բուժօգնությունը»:

Նրա խոսքով համագործակցում են փակ հաստատություններին կցագրված պոլիկլինիկանների հետ, քաղաքացիական բժշկական հաստատությունների հետ եւ անձին՝ բժշկական ցուցման դեպքում ուղղորդում անհրաժեշտ բժշկական հետազոտության՝ բուժում, խորհրդատվություն ստանալու. «Այդ բոլոր գործընթացները կատարվում են պետպատվերի շրջանակներում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ցանկություն է հայտնում իր միջոցներով բուժսպասարկում ստանալ իր նախընտրած բժշկի մոտ կամ հաստատությունում»: Ասաց, որ քրեակատարողական հիմնարկներն ապահոված են անհրաժեշտ բժշկական կադրերով ու դեղորայքով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանի խոսքով, բոլոր այդ խնդիրները համակարգային են:

Ըստ նրա, ճիշտ է՝ ՔԿՀ-երը համալրված են մասնագետներով, բայց բավարար չեն, ծառայությունները նույնպես բավարար չեն, որպեսզի ազատությունից զրկված անձինք ժամանակին եւ պատշաճ բուժօգնություն ստանան, որպեսզի կանխեն հետեւանքները:

Ըստ Հասմիկ Հարությունյանի, ՔԿՀ-ներում առողջության հետ կապված խնդիրները շարունակական են. «2018-ին արձանագրվել է մահվան 18 դեպք, 2019-ին՝ մահվան 21 դեպք, 2020-ին կտրուկ նվազել է՝ դառնալով 5 դեպք, բայց սա պայմանավորված է նաեւ նրանով, որ այս ժամանակահատվածում ունեցել ենք ազատազրկված անձանց թվի կտրուկ նվազում: 2021 թվականին եղել է մահվան 13 դեպք, որը նաեւ պայմանավորված է եղել քովիդով:

Այս թվերի հետեւում կան խնդիրներ, որոնք ժամանակին չեն լուծվել, դրանցից ամենաարատավոր երեւույթը, եւ խնդրահարույցը, որը մենք քրեական արդարադատության համակարգում բազմիցս արձանագրել ենք, դա կալանքի արատավոր պրակտիկան է, որը մշտապես կիրառվում է: Բոլոր ժամանակներում կալանքի հոդվածը բոլոր իշխանությունների ամենասիրելին է, որը միշտ հանգեցնում է շատ բացասական հետեւանքների: Այն շատ հաճախ չի կիրառվում նպատակային նշանակության, այլ կիրառվում է որպես պատժիչ միջոց, բայց դա որեւէ կերպ չի կարող արդարացում ունենալ»: Ասաց, որ դեպքերն ուսումնասիրելիս արձանագրել են, որ այդ ողջամիտ կասկածն էլ կալանքը կիրառելիս՝ հիմնավորված չէ. «Այդ հիմքերը չկան, որ անձը ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը, կազդի ապացույցների, վկաների վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս ամենի արդյունքում, ըստ Հասմիկ Հարությունյանի, ՔԿՀ-ներում ունենալու ենք ոչ միայն մահվան դեպքեր, այլ՝ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ: Սրա մասին վկայում են նաեւ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի գործերը. «Արդար դատական իրավունքից հետո, կալանքի դեպքերը քանակով երկրորդ տեղում են: Ընդհանուր հանրագումարի մեջ 22 եւ ավել տոկոս ունենք խախտումները, ինչը լավ պատկերի մասին չի խոսում»:

Նրա խոսքով դատավորներ էլ մակերեսային են գործերը նայում եւ կալանքի որոշում տալիս. «Թե հետո ինչ կլինի՝ օրինակներից մեկը Արմեն Գրիգորյանի դեպքն էր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031