Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Իրավիճակը բարդ է, ժամանակն էլ մեր օգտին չի աշխատում». Շիրազ Խաչատրյանն այսօր հնչած կրակոցների եւ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

Հուլիս 28,2022 18:44

«Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել և համոզված եմ չի էլ փոխվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում այսօր հնչած կրակոցներին: Ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Այսօր էսկալացիա է գրանցվել նաեւ Արցախում. ադրբեջանական ԶՈՒ ստորոբաժանումները մոտ 20 րոպե կրակի տակ են պահել Արցախի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա բնակավայրերը:

Շիրազ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ռազմական այս էսկալացիան որքանո՞վ կապ ունի առաջիկայում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման հետ:

«Էդուարդ Աղաջանյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն՝ ձեռնպահ մնալով հստակ ժամկետներ նշելուց։ Ենթադրում եմ, մոտ ժամանակներս կհանդիպեն, վերջին շաբաթվա զարգացումները դրա մասին են վկայում․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի խնդիրներով, Մոսկվայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, Թուրքիայի նախագահ Էրդողանի անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցը հայ-թուրքական սահման, Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն արդեն ձևավորել է Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագիրը» նախապատրաստող հանձնաժողովի կազմը, նշելով, թե սպասում են Հայաստանի համարժեք քայլին, և վերջին շաբաթվա այլ զարգացումները ցույց են տալիս, որ գործընթացներն արագանում են, ճնշումը մեր ուղղությամբ մեծանում է, իսկ այդ ընթացքում էլ ադրբեջանական կողմը հին սովորության համաձայն, ոչ միայն դիվանագիտական ճակատով, այլև սահմանային լարվածությամբ, հերթական անգամ, ճնշում է բանեցնում հայկական կողմի վրա։ Եթե նույնիսկ արտաքին այդ ազդակներն էլ չլինեն, ապա ժամանակն այսպես թե այնպես, էլի մեր օգտին չի աշխատում։ Ադրբեջանական կողմը շտապում է ցանկացած ուղղությամբ, և ինտենսիվորեն կառուցում է Բերձորին փոխարինող այլընտրանքային ճանապարհը, ՀՀ սուվերեն տարածք ներխուժած բնագծերում ամրաշինական աշխատանքներ է կատարում, նպատակ չունենալով անգամ ետ քաշվել, իսկ հարավում, Սյունիքի հարավ արևելյան սահմանագծի հատվածում, Կովսականի ուղղությամբ, արդեն հասցրել է կառուցել համապատասխան ենթակառուցվածքները, այսպես ասած «խաղաղության պայմանագիր» կնքելու և «միջանցքը» բացելու կապակցությամբ։ Այսինքն, չեմ պատկերացնում, թե այս իշխանությունները բացի ամեն անգամ խաղաղություն մուրալուց, ի՞նչ են բանակցում, ինչի՞ մասին են խոսում ընդհանրապես: Իսկ թշնամին էլ անընդհատ օգտվում է մեր անօգնական վիճակից, մի բան ավելի կորզելով, ստանալով։ Պատերազմից անցել է ավելի քան մեկուկես տարի, այդ ընթացքում մենք միշտ կորցրել ենք, պատճառը ոչ միայն ադրբեջանական կողմի ագրեսիվությունն է, այլ մեր թուլությունը, երբ չաշխատելով դիվանագիտական և այլ ճակատներով, թուլակամորեն, ստվերային գործարքներով անընդհատ ինչ-որ մեծ կտորներ ենք նվիրում Ադրբեջանին, «ժամանակ շահելով»։ Իրավիճակը բարդ է, ժամանակն էլ մեր օգտին չի աշխատում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031