Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե ադրբեջանցիները հասել են արդեն ասֆալտին, նշանակում է՝ այդ ճանապարհը կառուցելու նախագիծը կազմվել է առնվազն երկու տարի առաջ»

Օգոստոս 04,2022 23:36

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե իբր Բերձորը շրջանցող ճանապարհի պլան Ադրբեջանի հետ դեռեւս համաձայնեցված չէ: «Պատկերացնո՞ւմ եք, թե այս հայտարարությունը սա երբ է անում: Ճանապարհ կառուցելը հո բաժակից ջուր խմե՞լ չի: Ճանապարհը կառուցելուց առաջ տեղանքի ռելիեֆի ուսումնասիրություն են անցկացնում, սողանքներն են պարզում, ռելիեֆի աշխարհագրական դիրքն են պարզում, ճանապարհի հետագա երթեւեկության խնդիրներն են պարզում: Դրանից հետո ճանապարհաշինության նախագիծ է արվում, հետո ընտրվում է շինարարական կազմակերպությունը, նախահաշիվ է կազմվում, հետո սկսում են հողային, բետոնապատման, հետո միայն ասֆալտապատման աշխատանքներ: Սա մի հսկայական աշխատանքի գործընթաց է: Այսինքն, եթե հիմա ադրբեջանցիներն հասել են արդեն ասֆալտին, նշանակում է՝ այդ ճանապարհը կառուցելու նախագիծը կազմվել է առնվազն երկու տարի առաջ:

Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ եղել է մայիսի 22-ին, Բրյուսելում: Բա լավ, ուտելուց բացի ուրիշ բանի մասին չե՞ս մտածել, Ալիեւի հետ ուրիշ բանի մասին չես խոսե՞լ: Բա չես խոսե՞լ՝ Բերձորը շրջանցող ճանապարհ լինելո՞ւ է, թե՞  չէ: Եթե չես խոսել, մամուլի ասուլիսիդ ինչի՞ էիր ասում Բերձորը շրջանցող ճանապարհ: Բա Արայիկ Հարությունյանն ինչի՞ էր ասում Բերձորը պետք է շրջանցենք՝ ուրիշ տարբերակ չկա: Բա, դու այդ ամենը չէի՞ր լսում: Հիմա էդ մարդիկ եկան, ասում են. պայմանավորվել ես, պիտի հանձնես: Եկել  է հանձնելու պահը, դու, մեկ էլ Արմեն Գրիգորյանը ասում եք՝ չէ, համաձայնեցված չէ: Իրենք էլ զենքը վերցնում ու հարձակվում են վրադ:

Եթե դու դեմ ես, պետք է ժամանակին ասես, որ դեմ ես: Մարտական գործողությունը հո հենց այնպես չի՞ սկսել: Մարտական գործողություններից առաջ եղել է Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ, Նիկել Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Այսինքն, գործընթաց է եղել, չէ՞: Մարդիկ ասում են, եթե խոստացել ես, տուր: Եթե չէիր տալու, ուրեմն  պետք է ճիշտ վարես քո բանակցությունները: Բա դուք չեք տիրապետում իրավիճակին, ոչ բանակցություն, ոչ մարտական գործողություն եք կարողանում վարել: Վերջին պահին, երբ թուրքերն արդեն հարձակվել են մեր վրա ու փաստացի պատերազմ է սկսվել՝ լարվածությունը առաջնագծի գրեթե ողջ երկայնքով պահպանվում է: Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որ ԱԹՍ-ն մեր զորամասի տարածքում խփում է մեր զրահամեքենային եւ հրանոթին: Եվ զոհերը, որ ունեցել ենք, եղել են զորամասի տարածքում, այսինքն, բացազատման վայրում, դիքերում չեն եղել:

Հիմա էլ գցում են ռուսների վրա: Երեկ իրենց ամբողջ պատգամավորների ելույթներն էին այդ մասին, այսօր էլ կառավարության նիստում ինքն է ասում, թե պետք է ուսումնասիրել ռուս խաղաղապահների գործունեությունը, դրանց արդյունավետությունը:

Լավ, դու քո ստորագրած փաստաթղթերը կարդո՞ւմ ես: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ չես կարդացել՝ դրանում համոզվել ենք: Գոնե հիմա կարդա: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահների թվակազմը 1960 զինվոր, 90 զրահամեքենա եւ 180 այլ փոխադրամիջոց է: Դու նոյեմբերի 9-ի հայտարարությունը քո ձեռքով ստորագրելուց հետո ասում էիր, որ փրկել ես 25 հազար զինվորի կյանք: Եթե Արցախի պաշտպանությամբ կորուստներից առաջ զբաղվել է 30-40 հազար մարդ, ռուսները 1960 հոգով պիտի Արցախը պաշտպանե՞ն:

Լավ, մինչեւ հիմա դու չգիտե՞ս ռուսական խաղաղապահ ուժերի նպատակը որն է: Քո կարծիքով ռուսները եկել են, որ Արցախի պաշտպանությունը կազմակերպե՞ն, փոխարինեն Արցախի ՊԲ-ի՞ն: Դու ինքդ այսօր կառավարության նիստում ասում ես, թե կարող ենք արձանագրել, որ Հայաստանից ոչ մի զինծառայող Արցախի ՊԲ-ում չկա: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրվա՞ծ է, որ Հայաստանից ոչ մի զինվոր Արցախի ՊԲ-ում չպետք է ծառայի: Եթե գրված է, ասա՝ մենք էլ կարդանք: Դու քո բանակը վերացնում ես, անպաշտպան ժողովրդին թողնում զինված հրոսակախմբերի դիմաց, հետո ասում՝ նրանց բանակը մեզ գրավում է: Բա, երբ առավոտից իրիկուն ասում է, որ քեզ գրավելու է, ու դու փոխանակ բանակիդ պաշտպանունակությունդ մեծացնես, ամրապնդես դիրքերը, զենքով,  զինտեխնիկայով համալրես, բանակդ վերացնում ես ու ասում իրենք մեր վրա հարձակվում են, ռուսներ,  մեզ պաշտպանեք: Ո՞վ է ասում, որ ռուսներն եկել են, որ քեզ պաշտպանեն: Ռուսներն եկել են, որ խաղաղությունը պաշտպանեն:  Իսկ խաղաղությունը դու պիտի հաստատես, որ պաշտպանեն»,-ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031