Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ուզում է ունենալ ինչ-որ «խաղաղության պայմանագիր», որում չկա Արցախը»․ Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 01,2022 15:22

Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ  հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ մատնանշվեց այդ թվում հետեւյալը․ «Համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»։

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի տեսանկյունից ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ է ենթադրում «խաղաղության պայմանագիր» ասվածը, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը (լուսանկարում) նախ շեշտում է․ «Ադրբեջանի հայտարարություններից դատելով՝ իրենք պատկերացնում են կամ ուզում են ունենալ ինչ-որ «խաղաղության պայմանագիր», որում չկա Արցախը։ Իրենք ի սկզբանե համարում են, որ Արցախի ճակատագիրը կանխորոշված է եւ Ադրբեջանի կազմում է՝ առանց որեւէ կարգավիճակի, եւ որ Արցախի հարց գոյություն չունի, անգամ որպես աշխարհագրական տերմին գոյություն չունի, ու մնում է լուծել ՀՀ-Ադրբեջան խնդիրները։ Սա, իհարկե, աբսուրդ է, որովհետեւ հնարավոր չէ իրենց հայտարարություններով որոշել՝ Արցախի հարց գոյություն ունի՞, թե ոչ»։

Տարոն Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից չի կարող լինել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը չներառի բոլոր խնդիրներն ու հարցերը․ «Իսկ բոլոր հարցերի մեջ անկյունաքարային է արցախյան հիմնախնդիրը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը միայն Արցախով չի սահմանափակվում, բայց հակամարտության ցանկացած ասպեկտ մի կողմ թողնելն անընդունելի է․ դա նշանակում է, որ հակամարտությունը շարունակում է գոյություն ունենալ։ Քանի դեռ չկա տեսական, գործնական լիարժեք կարգավորում բոլոր խնդիրների, հնարավոր չէ խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Եթե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի որեւէ պայմանագիր, անվանվի խաղաղության պայմանագիր, բայց Ադրբեջանը շարունակի ագրեսիա ու վանդալիզմ դրսեւորել Արցախի հայ բնակչության եւ մշակութային ժառանգության հանդեպ, ապա դա հնարավոր չի կոչել խաղաղության պայմանագիր։ Կարող է լինել ինչ-որ փաստաթուղթ, ապա առանց նախադրյալների՝ այն չի աշխատելու ու ապագայում տանելու է նոր էսկալացիաների։ Ուստի խնդիրը փաստաթուղթ ստորագրելը չէ, այլ այն, որ դա պետք է լինի իրական հիմքերի վրա»։

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանում հայատյացության մակարդակը նշյալի լրջագույն խնդիրներից մեկն է․ «Եթե դա չի ստանում որեւէ կարգավորում, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «համապարփակ խաղաղություն» պատկերացնելը հնարավոր չէ։ Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանությանը ձեռնտու է հակահայկականության ալիքի թեժացումը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930