Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի բարձր մակարդակում է, քան Կոսովոյի եւ Պուտինի նշած սուբյեկտների մակարդակը»

Սեպտեմբեր 07,2022 18:55

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ, որին մասնակցում է  նաեւ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուշագրավ հայտարարություն է արել։  Նա զուգահեռներ է տարել Դոնեցկի,  Լուգանսկի եւ Կոսովոյի միջեւ, նշելով՝ Կոսովոյի դեպքում եթե ՄԱԿ-ի կանոնանդրությամբ անկախության իրավունքն է գործել, նույնը տարածվում է նաեւ Դոնբասի վրա։

Պուտինի այս հայտարարությունը քննարկում են հայկական տարածքում, փորձագետներն էլ Արցախի անկախության իրավունքն են հիշեցնում, նշելով՝ Պուտինը հիմնավորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թվարկում է հիմքերը։

Մինչդեռ հիշեցնենք, 2020 թվականի դեկտեմբեր 17-ին կայացած տարեկան ասուլիսում Պուտինը պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ քաղաքական գործչի հայտարարությունները չեն սահմանում որեւէ  ժողովրդի ինքնորոշման իրավունքի առկայութունը կամ բացակայությունը,  ինքնորոշման իրավունքի սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածում, որը կոչվում է՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք․ «Սա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է որպես նպատակ, որ ՄԱԿ-ը պետք է առաջնորդվի հանուն այս նպատակի եւ սկզբունքի իրացման։

Կոսովոյի գործով 2008-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը տվել է  խորհրդատվական եզրակացություն։ Դատարանին հարց էր ուղղվել՝ արդյոք Կոսովոյի անկախության հռչակումը հակասում է  միջազգային իրավունքին։ Դատարանը եզրակացրել էր՝ միջազգային իրավունքում չկա մի դրույթ, որին հակասի անկախության հռչակման փաստը, եւ տվել էր պարզաբանում՝ եթե իր ինքնորոշման համար պայքարող ժողովուրդը որոշում է կայացնում, որ պետք է անկախանա, դրա համար առանձին միջազգային իրավունքը  չի պարտավորեցնում ստանալ թույլտվություն կենտրոնական իշխանությունից։ Սրա մասին է Պուտինն այսօր ասել։ Արցախի հարցի պարագայում մենք չպետք է նայենք, թե՝ ով, ինչ է ասել, եւ դրանով պայմանավորենք՝ մեր իրավունքն առկա՞ է, թե՞ ոչ»։

Սիմոնյանի ներկայացմամբ՝ մեր իրավունքն առկա է շատ վաղուց։  Ըստ իրավաբանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի բարձր մակարդակում է գտնվում, քան որեւէ այլ ինքնորոշված կամ ինքնորոշվող սուբյեկտի մակարդակը, այդ թվում՝ Կոսովոյի եւ Պուտինի նշած սուբյեկտների․ «Հետեւաբար, ամեն  քաղաքական գործիչ եղած դատական նախադեպերն օգտագործում է իր երկրի շահերի համապատասխան։ Մենք էլ պետք է այդ նախադեպերը, դատարանի տված մեկնաբանությունները կամ միջազգային կառույցները, որոնք այս կամ այն ազդեցությունն ունեն, օգտագործենք Արցախի ժողովրդի  ինքնորոշման  իրավունքն հիմնավորելու համար։  Պետք է չկարկամենք, չվախենանք, չամաչենք մեր շահերը պաշտպանելուց եւ չսպասենք, որ  ինչ-որ պետության ղեկավար ինչ-որ բան ասի ու մենք սկսենք դրա մասին խոսել»։

Մեր դիտարկմանը՝ հայկական քաղաքական եւ քաղաքագիտական դաշտում հաճախ նշվում է, որ Կոսովոյի նախադեպը չի կարող տարածվել Արցախի վրա, քանի որ Կոսովոյի դեպքում քաղաքական որոշում կար եւ բազմաթիվ երկրների շահեր համընկան, Տարոն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Այո, Կոսովոյի դեպքում 80 պետության շահեր համընկան։ Բայց շահերի համընկնելն ու չհամընկնելը կապված չէ ի սկզբանե տրված երեւույթի հետ, դա կապված է տարվող աշխատանքից։ Մենք էլ կարող էինք այդ 80 երկրների՝ արեւմուտք, ՌԴ, Չինաստան, խոշոր խաղացողների հետ այնպիսի դիվանագիտական հնարքներով բերեինք, հասցնեինք շահերի համընկման մակարդակին, որ այդ պետություններին եւս ձեռնտու լիներ Արցախի անկախության ճանաչումը։ Չենք կարող տանը նստել բազմոցին ու եզրակացնել, թե ում է հարմար կամ ում հարմար չէ Արցախը ճանաչելը։ Մենք պետք է աշխատենք, հասկանանք՝ ինչ շահեր են հետապնդում այդ երկրները, մեր շահերը լիարժեք գիտակցենք եւ համադրելի դարձնենք, կարողանանք մի բան առաջարկել, ու խնդրենք որ իրենք էլ որոշակի որոշումներ կայացնեն։ Աշխատանք չկատարելով՝ որեւէ պետություն, անգամ եթե շահերը համընկնում են, առաջ քայլ չի կատարի։ Ես գիտեմ, որ այսօր ՄԱԿ-ի անդամ մի քանի պետություն պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը՝ եթե Հայաստանը ճանաչի»։

Բայց Հայաստանը, ինչպես պնդում է Սիմոնյանը, կարկամում է, տարբեր գործոններով պայմանավորված, վախենում է գործողություններ անել․ «Մինչդեռ իրականում ճանաչել է թե՛ փաստացի գործողություններով, եւ թե՛ փաստաթղթային բազայով, բայց դիվանագիտական այդ հայտարարությունը վախենում է անել, եւ դա էլ հանգեցնում է նրան, որ որեւէ պետություն չի հարգում մեր շահերը»։

Թե ինչից կամ ումից է վախենում ՀՀ-ն, մեր այս ճշտող հարցին, Սիմոնյանը պատասխանում է՝ նախկինում վախենում էր Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին հանկարծ  չվնասի, հիմա վախենում է, որ ռազմական գործողություններ կսկսվեն․ «Բայց անընդհատ վախով պայմանավորված՝ ազգային շահ չես կարող սպասարկել։ Պետք է աշխատել այդ իրավունքների իրացման համար»։

Նրա ներկայացմամբ՝ այդ իրավունքների իրացման համար կան միջազգային եւ տարածաշրջանային մեխանիզմներ,  եւ եթե այդ հնարավորությունները չես օգտագործում, միջազգային իրավունքն ինքնուրույն չի աշխատում, եւ պետք չէ հիասթափվել միջազգային իրավունքից․ «Եթե այն այսօր չի նպաստում մեր շահերի  պաշտպանությանը, ապա պատճառն այն է, որ մենք չենք օգտագործում այդ հնարավորությունը, չենք դիմում ՄԱԿ-ի արդարադատության դատարան, չենք դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առկա մեխանիզմներին, չենք դիմում տարածարջանային կազմակերպություններում առկա մեխանիզմներին։ Դա չանելով՝  ինչպե՞ս կարող ենք օգնել, որ միջազգային իրավունքն աշխատի»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930