Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ այդ մարդկանց նույնականացումը կատարված չէ, կարող ենք զոհերի մասին ասել՝ առնվազն 105 գումարած 100». Արթուր Սաքունց

Սեպտեմբեր 15,2022 17:25

«Մեկ գերու վերաբերյալ ունենք նույնականացում, այսօր ՄԻԵԴ ենք դիմել»,-«Մեդիա կենտրոնում» «Անհայտ կորած և գերեվարված անձանց մասին տեղեկություններ ստանալու իրավունք» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցը վրդովված է, որ 2003 թվականից սկսված իրենք բարձրացնում են անհայտ կորածների հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվում: Նա մանրամասնեց. «2003-ից բարձրաձայնում ենք, որ կա անհայտ կորածի խնդիրը, օրենք է պետք, բյուրո կամ ինստիտուտ պետք է ստեղծել: Նույն պատասխանն ենք ստացել, որ նպատակահարմար չէ այդ օրենքի ընդունումը: Այս հարցը դրված է եղել բոլոր պաշտպանության նախարարների օրոք և հերթական անգամ արձանագրում ենք, որ լուծում չի տրվել: Ուստի հիմա հերթական անգամ առնչվում ենք իրավիճակի, երբ չունենք այդ ինստիտուտը, կարողությունը, մասնագետները, ռեսուրսները, դրա համար անգամ չգիտենք՝ ով է զբաղվում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, ով է զբաղվում հանգամանքների ուսումնասիրությամբ»:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմաններին իրականացված ագրեսիայի պատճառով մարդկային կորուստներին՝ Արթուր Սաքունցը փաստեց. «ՀՀ վարչապետը հայտարարեց 105 զոհվածի մասին, ադրբեջանական կողմը հայտնել է, որ 100 զոհվածի դիակ պատրաստ է միակողմանի փոխանցել հայկական կողմին: Արդեն մեզ համար հասկանալի չէ, թե այդ մեր իշխանության կողմից 105-ի՞ մեջ է մտնում այդ 100-ը, թե՞ առանձին թիվ է: Պարզ է, որ ադրբեջանական կողմը, որ ասում է 100 դի, դրանք այն զինվորներն են, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ տարածքներում: Դրանք թվեր են, բայց ամեն կոնկրետ թիվ մարդու հետ է կապված, քանի դեռ այդ մարդկանց նույնականացումը կատարված չէ, կարող ենք զոհերի մասին ասել առնվազն 105 գումարած 100»:

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ այս իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, թե պետության անելիքների, ինստիտուցիոնալ պատրաստվածության առումով ինչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի նման իրավիճակներում ունենանք կարողություն, մեթոդներ, մեխանիզմներ, ռեսուրսներ այս ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

Դիտարկմանը՝ ԱԺ-ում քննարկվող թեմաները վկայում են այն մասին, որ խորհրդարանը կարծես իրականությունից կտրված է, Արթուր Սաքունցն արձագանքեց. «2020-ի նոյեմբերից երկու տարի առնվազն կար, որ անդրադառնային անհետ կորածների խնդրին, գոնե լսեին, մանավանդ, որ երաշխիք չունենք, որ նման իրավիճակները չեն կրկնվելու: Մինչև սեպտեմբերի 13-ի ագրեսիան մենք դիտարկում էինք ՏԻՄ ընտրությունները, ցավոք, դադարեցրել ենք այժմ, քանի որ այն համայնքները, որոնք սահմանամերձ գոտիներում են, այնտեղ ՏԻՄ ընտրությունների հարցն է կասկածի տակ, որևէ որոշում չկա, մարդիկ տարհանված են, մի մասը մնացել են: Ի վերջո, այդ համայնքներում ի՞նչ է լինելու:

Մենք արձանագրել ենք, որ Բերդում ԱԱԾ աշխատակիցները սոցիոլոգիական հետազոտություն են իրականացնում: Բայց կներեք, պատերազմական գործողությունները միանգամից չեն լինում, նշանակում է, որ հակահետախուզությունը պետք է այդ հարցով զբաղված լիներ, մինչդեռ զբաղվում է ընտրական գործընթացներով: Պետք էր նախապատրաստվել, որ մարդիկ անակնկալի չգային:

Գերեվարման տեսանյութերից հարց է առաջանում, ո՞նց խրամատներում երիտասարդները հայտնվեցին գերության մեջ. ո՞վ է ուսումնասիրում այդ հարցը: Քանի դեռ նույնականացված չեն, առնվազն 20-30 հոգի պետք է անհայտ կորած համարենք, քանի որ չգիտենք՝ նրանք որտեղ են գտնվում: Ես սա համարում եմ զինծառայողների իրավունքների, նրանց կյանքի նկատմամբ պետության պատասխանատվությունը չկատարելու շարունակություն: Անհայտ կորածների առումով նախկին ու ներկա չկա, քանի որ այդ ինստիտուտները ձևավորված չեն: Մեկ շաբաթ առաջ, եթե տեղյակ էիք, բա համապատասխան հրահանգները, նախապատրաստումները, զինամթերքով ապահովելը, անվտանգության նվազագույն պայմաններով ապահովելը ինչո՞ւ չարվեց»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ ՊՆ-ն պետք է ներկա բացակա անի, թե քանի մարդ է եղել ծառայության մեջ, շարքերում, քանիսն են բացակա. «Հիմա, եթե ունենայինք այդ ամենը՝ անհայտ կորածների բյուրո, օրենք, մեր խոսակցության թեման կլիներ, թե ինչպես անել, որ մարդիկ չգերեվարվեն»:

Արթուր Սաքունցը կոչ արեց անհայտ կորած կամ գերեվարված անձանց հարազատներին իրենց հետ հնարավորինս արագ կապ հաստատել՝ 091200971 հեռախոսահամարով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930