Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Ստեփանյան․ «Շտապօգնության բրիգադով հիվանդանոց տեղափոխված հիվանդների թիվն ավելացել է»

Սեպտեմբեր 26,2022 14:18

Այս տարի 14476–ով ավելի քիչ կանչ է գրանցվել, քան նախորդ տարի։ Այս տարվա ութ ամիսներին Երեւանի շտապօգնությունում 193431 կանչ է գրանցվել։

Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ չնայած, որ կանչերի թիվը նվազել է, շտապօգնության բրիգադով հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակն է ավելացել՝ 7255-ով։

Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ՝ մանկական կանչերի թիվն ավելացել է 4769-ով, կազմելով՝ 16604։ Այս տարի 1406-ով ավելի երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Սիրտ-անոթային հիվանդություններով կանչերի թիվը եւս ավելացել է՝ 16482-ով։ «Լրատվամիջոցներն անընդհատ գրում էին, որ ամառվա շոգերին արեւահարման դեպքեր են գրանցվում։ Պետք է ասեմ, որ 2021 թվականին արեւահարման 10 դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ 12»,-ասաց «Շտապօգնության» տնօրենը։

Թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի շտապօգնության կանչերի թիվը նվազել է՝ համեմատ նախորդ տարվա, Ստեփանյանը պարզաբանեց՝ 2020-2021 թվականներին կորոնավիրուսի համավարակի պատճառով շտապօգնության կանչերն ավելի շատ էին,             շտապօգնությունն աշխատել է ծանրաբեռնված։ Այս տարի քովիդով հիվանդների կանչերը 4228-ով պակաս է եղել։

Ստեփանյանն ասաց, որ կանչերի գերակշիռ մասը սիրտ-անոթային հիվանդություններով են, սա առաջին տեղում է, հետո՝ սուր-շնչառական հիվանդություններն են, ապա՝ վնասվածքները։

Այս տարի սուր-շնչառական հիվանդություններով քաղաքացիներից ստացված կանչերը, ըստ Ստեփանյանի ներկայացրած ցուցանիշների, 5711-ով ավելի է եղել, 1167-ով՝ վնասվածքները։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին, Թագուհի Ստեփանյանն ասաց՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի մեքենաները չեն թիրախավորվել․ «Երեւանի շտապօգնությունից որեւէ մեկը նման դեպքերի չի հանդիպել։ Այդ օրերին էլ աշխատել ենք ակտիվ, հիմնական ուղղությունները Վարդենիս եւ Գորիս են եղել, քաղաքացիներին նորմալ տեղափոխել ենք հիվանդանոցներ»։

Թագուհի Ստեփանյանի ներկայացմամբ՝ շտապօգնությունն օրական 750 կանչ է ունենում, սա, ըստ նրա, նշանակում է, որ ծանրաբեռնված են աշխատում․ «Քաղաքացիներից շատերը չեն սիրում գնալ դեղատուն, իրենց անհրաժեշտ դեղորայքն առնեն, պոլիկլինիկա գնալ, գերադասում են շտապօգնություն կանչել, բուժսպասարկումը տանը ստանալ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930