Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը պարզապես հարցրել է, թե արդյոք նրանք հանցագործությունն իրականացրել են տուժողների սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունից դրդված, բռնարարներն էլ, բնականաբար, ժխտել են․ Շուռնուխի գործի քննությունը կարող է վերսկսվել

Նոյեմբեր 11,2022 09:51

https://www.pinkarmenia.org/․ 2018 թվականի օգոստոսին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքով գործը մինչ այժմ վերջնական լուծում չի ստացել։

2021 թվականի փետրվարին գործը երկրորդ անգամ կարճվել էր վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հայաստանի ներպետական օրենսդրությամբ գոյություն ունի կարգավորում, որի համաձայն հանցանքից որոշակի ժամկետ անցնելու դեպքում տվյալ հանցանքն արդեն համարվում է հանրորեն ոչ վտանգավոր, և վարույթն իրականացնող մարմինն այլևս նպատակահարմար չի գտնում մարդուն պատժել կատարած հանցանքի համար։ Ծեծի հոդվածով նախատեսված այդ ժամանակը երկու տարի ժամկետն է․ այսինքն՝ եթե մարդուն ծեծի ենթարկելուց հետո անցնում է երկու տարի, ծեծողին այլևս պատասխանատվության չեն ենթարկում։ Քանի որ Շուռնուխի գործը հարուցվել էր ծեծի հոդվածով, դեպքից երկու տարի անց՝ 2020 թվականի օգոստոսին գործի վաղեմության ժամկետներն անցան, և այդ հիմքով գործը երկրորդ անգամ կարճվեց։ Առաջին անգամ այն կարճվել էր 2018 թվականին՝ հանցավորների նկատմամբ համաներում կիրառելով։ Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում ծեծի շարժառիթ է հանդիսացել տուժողների սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության նկատմամբ անհանդուրժողականությունը, այսինքն` հանցանքը պետք է որակվեր որպես ատելության հիմքով կատարված հանցագործություն։ Ըստ այդմ, հանցանքն ատելության հիմքով կատարելը կհամարվեր ծեծի ծանրացնող հանգամանք, ինչի արդյունքում գործի վաղեմության ժամկետը կլիներ ավելի երկար, օրինակ՝ հինգ տարի կամ ավել։ Սակայն ներպետական օրենսդրությամբ (2003թ․ քրեական օրենսգրքով) նման կարգավորումը բացակայում է։

Հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ երբ գործն առաջին անգամ կարճվելուց և վերաբացվելուց հետո վերսկսվեց գործի քննությունը, դատարանները նշել էին, որ տուժողների սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հանգամանքը պետք է հաշվի առնվի և քննության առարկա դարձվի, սակայն քննիչը դա իրականացրել էր ձևական կերպով։ Քննիչը հանցանքը կատարած անձանց պարզապես հարցրել է, թե արդյո՞ք նրանք հանցագործությունն իրականացրել են տուժողների սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունից դրդված, բռնարարներն էլ, բնականաբար, ժխտել են այդ հանգամանքը, քանի որ, հնարավոր է, չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում խտրականությունը կամ սեռական կողմնորոշումը, որովհետև քննիչի կողմից նշված հասկացությունները մինչ այդ չեն պարզաբանվել։ Ստացվում է, որ քննիչը տվյալ հարցադրումը կատարել է ձևական կերպով, սակայն բովանդակային առումով ոչնչի չի հասել, քանի որ գյուղի բնակիչները ժխտել են հանցանքը սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականության հիմքով կատարելը, սակայն դա արել են առանց նշված հասկացությունների իմաստը հասկանալու։

Քննիչի՝ գործը երկրորդ անգամ կարճելու որոշումը տուժողների ներկայացուցչի՝ Փինքի փաստաբան Լուիզա Վարդանյանի կողմից բողոքարկվել է դատախազին, որից հետո դատախազը մերժել է ներկայացված բողոքը։ Այնուհետև տուժողների ներկայացուցիչը սույն գործով բողոք է բերել դատարան, որի արդյունքում 2022թ․ թվականի օգոստոսի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել տուժողի ներկայացուցչի բողոքը բավարարելու մասին։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման պատճառաբանական հատվածում ասվում է․ «Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին Քննիչի որոշումը հիմնված է շտապողական հետևությունների վրա, քանի որ չեն կատարվել վարույթն իրականացնող մարմնին հասու բոլոր ողջամիտ քայլերը»։ Դատարանը նշել է նաև, որ գործով քննիչը չի հարցաքննել այն անձանց, որոնք տեղեկատվություն ունեին գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ և կարող էին հարցաքննության ժամանակ փաստել դրանց մասին։

 

 

«Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ քրեական գործով տուժողների ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանի ներկայացրած բողոքը ենթակա է բավարարման, քանի որ Քննիչի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթի կարճման որոշումը հանգեցրել է տուժողների՝ իրենց գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն ունենալու, ինչպես նաև՝ արդար դատական քննության իրավունքների խախտման»,- նշվում է դատարանի որոշման պատճառաբանական հատվածում։

Առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 24-ին մերժել է դատախազության բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ եթե դատախազությունը վերաքննիչ քրեական դատարանի որոշումը չբողոքարկի վճռաբեկ դատարան, կամ եթե վճռաբեկ դատարանը մերժի վարույթ ընդունել դատախազության որոշումը, ապա գործի քննությունը պետք է վերսկսվի։ Այստեղ հատկանշական է այն, որ դատախազությունն անընդհատ բողոքներ բերելով փորձում է ձգձգել գործի քննությունը, ինչի արդյունքում գործով տուժողները կամ վկաները մոռանում են իրադարձությունները կամ սկսում են խառնել դրանք, քանի որ դեպքից արդեն անցել է չորս ու կես տարի, կամ որովհետև կորում են այնպիսի ապացույցներ, որոնք անհրաժեշտ էր շուտ ձեռք բերել։ Արդյունքում գործով տուժածները կամ վկաներն այլևս չեն կարողանում շատ հարցերի հստակ պատասխաններ տալ։

Այս ամենից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է ամեն ձևով կոծկել հանցագործությունը և չհասնել այն բանին, որ հանցավորները պատժի ենթարկվեն։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինը արդարացնում է հանցավորների կողմից իրականացված գործողությունները, քանի որ հանցագործության իրականացման շարժառիթ է համարում փոխադարձ վիճաբանությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930