Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտների նախագծած սարքը տիեզերք ուղարկվեց

Նոյեմբեր 18,2022 12:49

Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ  պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթաուղեծրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են այժմ շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավարներն են Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք որպես մրցույթի հաղթող։

Նախագծային ուսումնառությունը «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է, որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

 «Այբ» ավագ դպրոցն առաջին կրթական սոցիալական նախաձեռնությունն է
Հայաստանում։ Աշակերտների 75%-ից ավելին ստանում է ֆինանսական աջակցություն։ Սա նշանակում է՝ որևէ աշակերտ, որ ընդունվում է «Այբ» ավագ դպրոց, այստեղ սովորելու հնարավորությունից չի զրկվում ընտանիքի վճարունակության պատճառով։

«Այբ» դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930