«Դա նշանակում է, որ գիտնական-թեկնածուն գիտության բնագավառում շատ լավ համագործակցել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ օրերս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ պատգամավորներ կողմ էին քվեարկել ՔՊ-ի առաջադրած՝ ԲԴԽ գիտնական-անդամի թեկնածուին։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել էր, որ չեն քվեարկելու․ «Կարծում եմ՝ ավելորդ թիրախ չդառնալու համար իրենց ընդդիմադիր մյուս գործընկերների համար․․․Տարօրինակ բան չեմ տեսնում։ Կարծում եմ՝ ընդդիմությունը վերադարձել է ԱԺ, սկսել կամաց-կամաց մասնակցել որոշ գործընթացների եւ հասկացել, որ ընդդիմության աշխատատեղն ԱԺ-ն է վերջիվերջո, դադարեցրել է փողոցային դեգերումները, ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու բան չկա։ Մենք չենք մտահոգվում «Պատիվ ունեմ»-ի այդ քվեարկությունից»։
Քվեարկության վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի պարզաբանումը՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































