Լրահոս
Օրվա լրահոսը

Ցրտահարություն․ առաջին օգնության կանոնները

Դեկտեմբեր 13,2022 09:30

Եղանակը գնալով ցրտում է, ինչը մեծացնում է ցրտահարություն ստանալու վտանգն այն մարդկանց շրջանում, որոնք ստիպված են երկար ժամանակ դրսում անցկացնել, չունեն մշտական բնակության վայր կամ գտնվում են որոշ ռիսկի գործոնների ազդեցության տակ։ Ընդ որում, մարդը կարող է ցրտահարվել անգամ ոչ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում, հատկապես երբ բարձր է խոնավությունն ու քամի կա։  Ավելի հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջները, այտերը և այլն։

Ցրտահարությունը կարող է լինել թեթև՝ 1-ին աստիճանի, երբ ցրտահարված հատվածը տաքացնելիս այտուցվում է, իսկ մաշկը՝ կապտում։
II աստիճանի ցրտահարությունը ծանր է, մաշկի վրա սովորաբար առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ։
III աստիճանի դեպքում մաշկի վրա գոյանում են արյունային հեղուկով բշտիկներ, որոնք մեռուկանալով՝ պոկվում են՝ սպիանալով։
IV աստիճանի ցրտահարությունը շատ ծանր է, քանի որ կարող են ախտահարվել անգամ ոսկրերը։

Ցրտահարության դեպքում առաջին նախաբժշկական օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է՝

Աննշան ցրտահարության դեպքում անմիջապես շփել ու տաքացնել ցրտահարված հատվածը՝ անոթների կծկումը կանխելու համար (նախապես բացառելով մաշկային ծածկույթների վնասվածքների հավանականությունը)։

Զգայունակության կորստի, մաշկային ծածկույթների սպիտակեցման դեպքում չի կարելի թույլ տալ ցրտահարված հատվածների արագ տաքացումը։

Վնասված հատվածները պատել ջերմամեկուսիչ վիրակապերով (բամբակյա, բրդյա)։

Ապահովել մարմնի ցրտահարված հատվածների անշարժությունը (կարող է բեկակալի անհրաժեշտություն առաջանալ)։

Ջերմամեկուսիչ վիրակապը թողնել այնքան, մինչև հայտնվի տաքության զգացումն ու վերականգնվի ցրտահարված հատվածի զգայունակությունը, այնուհետև տուժածին տաք, քաղցր թեյ տալ։

Մարմնի ընդհանուր ցրտահարման դեպքում անհրաժեշտ է տուժածին անմիջապես տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ չհանելով սառցակալած կոշիկները՝ միայն ոտքերը փաթաթելով ծածկոցով։

Չի կարելի պոկել կամ ծակել մաշկի վրա առաջացած բշտիկները, քանի որ դա կարող է թարախակալման պատճառ դառնալ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031