Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքի բացումը կարևոր է, բնակարանամուտը՝ նույնպես»․ յուրահատուկ բնակարաններ՝ գյումրեցիներին

Դեկտեմբեր 23,2022 16:15

Այսօր Գյումրու ծայրամասային «Մուշ-2» թաղամասում ՀՀ նախագահի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու բազմահարկ բնակելի շենքերը, որի շահառուները տնակներում բնակվող անօթևան 36 ընտանիքներ են։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը տեղեկացրեց, որ 36 ընտանիքներից 4-ը 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ են։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բնակարանները որակեց «յուրահատուկ» բառով՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանք նաև կահավորված են, տնակներում ծանր պայմաններում բնակվող շահառուներին միայն դատարկ պատերը չեն հանձնում։

Բնակարանները իրոք յուրահատուկ են՝ լուսավոր, ճաշակով, գեղեցիկ կահավորված, տրամադրություն փոխող։

Աննկարագրելի էր բնակարանը ստացող ընտանիքների հուզմունքը, կային մարդիկ, որոնք ուղղակի լաց էին լինում՝ չպատկերացնելով, որ գալու է հնամաշ տնակներին հրաժեշտ տալու օրը։

Բնակարանները սոցիալական են, դրանք բնակիչների սեփականությունը չեն, տվել են 5 տարի ժամկետով։ Հայկակ Արշամյանի ասելով՝ եթե 5 տարի հետո տեսնեն, որ լավ պահված են, կդիտարկեն նվիրաբերելու հարցը։

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի, եթե դրանք նվիրաբերեին, բնակարանների մի մասի տերերը հաստատ հաջորդ օրը դրանք կվաճառեին։

Հայկակ Արշամյանը պատմեց, որ 2019 թվականի հուլիսի սկզբին Լոս Անջելեսում միջազգային դրամահավաք է կազմակերպվել, որի շրջանակում էլ հավաքագրվել է 1,5 միլիոն դոլար։

Ըստ նրա, «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ Գյումրիում բնակարաններ էր գնում և վերանորոգում, հանձնում էր տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն 2019 թվականին որոշեցին բազմաբնակարան շենքեր կառուցել, քանի որ խնդիրը և՛ արագ է լուծվում, և՛ ավելի էժան է նստում։

Բազմաբնակարան շենքերը ունեն նաև մանկապարտեզ, որտեղ 50 երեխա կհաճախեն։

Հայկակ Արշամյանի պարզաբանմամբ, այն հանձնելու են Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռին, սակայն կգործարկեն «Ուոլդ վիժն» կազմակերպության հետ համատեղ, որը հավելյալ ծրագրեր կիրականացնի, մոտ 10 տոկոսի չափով կմտնի գործի մեջ։ Նորակառույց շենքներն ունեն նաև ձեղնահարկեր, որոնք կօգտագործվեն որպես արհեստանոցներ, կտրվեն տարբեր կազմակերպությունների և անհատների։ Արվեստագետները, ըստ հիմնադրամի տնօրենի, կարող են ստեղծագործել 6 ամսից մինչև մեկ- երկու տարի՝ շենքին մշակութային շունչ հաղորդելով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրեց, որ 7 հարկանի 2 նոր շենքեր են կառուցում, որտեղ 40-ից ավելի ընտանիքների էլ բնակարաններ կհատկացնեն։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թե՛ իր ելույթում և թե՛ լրագրողների հետ զրույցում հարկ համարեց պարզաբանել, թե ինչու Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում եկել է բնակարանամուտ տոնելու։

«Մենք պարտավորություն ունենք երկրաշարժի գոտի հասկացությունը մեր մտածողությունից ընդհանրապես վերացնելու, կարծում եմ՝ դա հաջողվում է։

Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի օր առաջ, մի ժամ առաջ, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում՝ մենք մնացած աշխատանքները չպիտի անենք։

Մնացածներն էլ պետք է անենք, կյանքն այդպես է՝ եթե չես անում, Լաչինի հարցն էլ չեն կարող լուծել։ Եվ խնդրում եմ բոլորին՝ մեր առօրյա կյանքում այն խնդիրները, որոնք ունենք, անենք։ Տնտեսական հաջողությունների մասին եմ ես խոսում, պատահական չեմ խոսում։ Եթե չունենանք տնտեսական հաջողություններ, մենք ոչ էլ մի խնդիր չենք լուծի, այս շենքն էլ չէր լինի»,- ասաց նախագահը։։

Ըստ նրա, թեև հակառակորդ կամ հարևան երկիրը թույլ չի տալիս, որ մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն, այդուհանդերձ՝ մենք դա պիտի ապահովենք։ Նախագահի խոսքերով՝ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում, և հակառակորդը, որը չի ցանկանում մեր հետ խաղաղ ապրել, ստիպված է լինելու դա անել։

Նա նաև իր ելույթում ասաց, որ թեև այսօրվա գեղեցիկ միջոցառումը համընկել է հերթական խնդիրների հետ, սակայն որոշել են չհետաձգել։

«Շատերին կթվա՝ մենք խնդիրներ ունենք, ինչո՞ւ այդ խնդիրներով չենք զբաղվում, բայց գիտեք ինչ կա, եթե սկսենք միայն խնդիրները առաջնահերթությունը դնելով, որն է առաջնային, այդպես էլ չենք կարող ասել։

1988 թվականի երկրաշարժից հետո մեզ համար առաջնայինը եղել է երկրաշարժի հետևանքները վերացնելը և տեսնում եք տասնամյակներ են անցել, բայց, ցավոք սրտի, մինչև վերջ չենք կարող վերացնել։ Բայց համոզված եմ, դրա վերջը եկել է, դուք այդ միջավայրում եք ապրում և տեսնում եք, որ պետությունն ամեն ինչ անում է, որ մենք երկրաշարժի հետևանքները չզգանք։ Եվ այն մարդիկ, որոնք տուժել են երկրաշարժից՝ վերջապես կարողանան ստանալ արժանին, այն կորուստները վերականգնեն, որոնք կորցրել են։ Եվ այսօրվա բնակարանամուտը հենց դրան է նվիրված»,-ասաց նախագահը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031