Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Զախարովան ցինիկաբար է արտահայտվում, ապա Պեսկովը դա որակեց՝ որպես սադրիչ։ Սա իրոք վտանգավոր է»․ Արթուր Ղազարյանը՝ ռուսական արձագանքների մասին

Դեկտեմբեր 30,2022 19:04

«Լույսը, այն շողը հայկական շահերի տեսանկյունից, ցավոք, չեմ տեսնում։ Այդ գործընթացներն ուր էլ տանում են, հայկական լույսը ես չեմ տեսնում։ Հուսադրող նշույլ անգամ չեմ տեսնում այս պահին։ Ցավոք, մենք տարին ամփոփում ենք մութ ու խավարի, անդունդի, մռայլության, հուսահատության մեջ»,- Aravot.am-ի հարցին՝ ո՞ւր են տանում գործընթացները՝ մանավանդ հայ-ռուսական հարաբերությունների սրացման ֆոնին, այսպես պատասխանեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

Նրան հիշեցրինք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շատերի կարծիքով, բավական կոշտ է արձագանքել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը:

Մարիա Զախարովան այս առիթով նշել է․ «Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը. բարեկամական մթնոլորտո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Դա պետք է հասկանալ: Պետք է, չէ՞, լինեն ինչ-որ փաստեր: Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, ընդ որում, հստակ հիշատակում են երկրի անունը, բարի՛ եղեք, ամրապնդե՛ք դա փաստերով»։ Արթուր Ղազարյանի հետ զրույցում նկատեցինք՝ մի՞թե Մարիա Զախարովան չգիտի, որ նման փաստերը, եթե կան էլ, հրապարակային չեն ներկայացնում, հետևաբար նրա այս արձագանքն ի՞նչ միտում ունի։ Արթուր Ղազարյանը պատասխանեց․ «Բնականաբար, կոնֆիդենցիալության խնդիր կա։ Պարզապես, եթե նույնիսկ այսպես ցինիկաբար է պատասխանել, ապա դա դիվանագիտական նորմի խախտում է։ Մյուս կողմից էլ՝ Արմեն Գրիգորյանը նման հայտարարությունը ո՞ւմ թելադրանքով արեց, չէ՞ որ նույն ինքը պետք է գաղտնապահություն աներ։ Գաղտնապահության սկզբունքներ կան, որ այդ ամենն առաջարկողի, ճնշում գործադրողի հետ են բանակցում։ Եթե դա դարձվում է հասարակության սեփականություն, բայց հետևանքների մասին չեն մտածում, կամ եթե կարող են հետևանքներն ավելի խայտառակ վիճակի առաջ կանգնեցնել ՀՀ-ին և գործող իշխանություններին, կարծում  եմ՝ սա արդեն այլ հարթության մեջ պետք է մեկնաբանվի»։

Արթուր Ղազարյան

Մարիա Զախարովան նույն համատեքստում է պատասխանել այն խոսակցություններին, թե Մոսկվան Երևանին պարտադրում է վերջինիս վերահսկողությունից դուրս միջանցք: Ըստ նրա՝ դա «ֆեյք է», և հաղորդակցությունների բացումը ենթադրում է այն երկրի ինքնիշխանությունը, որի տարածքով դա անցնում է: Այս առիթով քաղաքագետն ասաց․ «Սա ի սկզբանե ռուսական կողմն ասել է։ Եթե Զախարովան ցինիկաբար է արտահայտվում, ապա Պեսկովը դա որակեց՝ որպես սադրիչ։ Սա իրոք վտանգավոր է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս օրերին, երբ Լաչինի միջանցքը փակ է, և նման հայտարարություններ են հնչում, և խաղաղապահ առաքելությունն իրականացնում է ռուսական կողմը, չգիտեմ՝ սա դեպի ո՞ւր են տանում։ Կիսով չափ կոնֆիդենցիալ սկզբունքն էլ չասեմ։ Ինչ-որ հայտարարություններ կամ պայմանավորվածություններ, խոստումներ, հայտարարություններ, բայց չանդրադառնալ դրանց, զուգահեռ՝ ով, ինչ է առաջարկում,  այլ ուժեր կամ այլ գերտերություններ, կամ մեր թշնամի երկիրն ինչ է առաջարկում, և այս ամբողջը չմատուցել հասարակությանը, սա ինչ-որ աննորմալ վիճակ է ստեղծում, կիսատ-պռատ։ Եվ այդտեղ օբյեկտիվ հասկանալ, թե ով է կողմը, ով է սխալ, ով է այս ամենը եփում, չենք կարող։ Իրականությունից կտրվում ենք, երբ այս ամենը միակողմանի կամ կիսատ-պռատ է»։

Արթուր Ղազարյանին հիշեցրինք՝ Մարիա Զախարովան ի պատասխան հայկական կողմից ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքների հայտարարել էր, թե «նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում», «որ ով էլ լիներ ռուս խաղաղապահների փոխարեն, ավելի լավ չէր լինելու, ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ավելի լավ կլինի», Արթուր Ղազարյանն ասաց․ «Կարծում եմ՝ հարցադրումը հռետորական է, որ մենք լավ գիտենք՝ այս պահին դրա այլընտրանքը չունենք։ Ի՞նչ այլընտրանք՝ թուրքական զորքերի ներկայությո՞ւն՝ թեկուզ միջազգային մանդատի ներքո։ Վստահեցնում եմ՝ նույնիսկ ռուս խաղաղապահների՝ ներկայիս նվազագույն ներկայությամբ ֆիզիկապես արցախահայության լինել-չլինելու հարցն է դրված սեղանին, նրանց բնական իրավունքների խնդիրն է՝ ապրելու և ազատ տեղաշարժվելու։ Այսօր դրանք կասկածի տակ են դրվել Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում։ Բայց թե ինչո՞ւ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում, հարցեր են։ Արդյոք ժամանակին ինչ-ինչ խոստումնե՞ր են եղել, ինչ-ինչ պայմանավորվածություննե՞ր են եղել․ մի բան այն չէ։ Պարզ է, որ տեղեկատվության պակաս ունենք»։

Հարցին՝ իսկ Մինսկի խո՞ւմբն ինչ դերակատարություն կարող է ունենալ, քաղաքագետը պատասխանեց․ «Մինսկի խումբը՝ որպես այդպիսին զրոյացել է, և համանախագահող երկրների դեկլարատիվ բնույթի հայտարարություններից այն կողմ չեն անցել։ Այլ բան է, երբ արդեն ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, այդ երկրների շահերը թելադրեցին, որ մի փոքր կոշտ հայտարարություն անեն, մի փոքր ակտիվություն ցուցաբերեն։ Մենք հասկանում ենք, որ դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հետևող գործընթացներում մենք որևէ ակտիվություն, կոշտ հայտարարություն չտեսանք ՄԽ համանախագահող երկու երկրների կողմից։ Այո, վերջին շրջանում նրանք ակտիվացել են, և ես դա կապում եմ ռուս-ուկրաինական պատերազմի հետ»։

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ-ն այս իրավիճակում հայտնվեց, երբ լավատեսական հեռանկարներ չկան, Արթուր Ղազարյանը պատասխանեց․ «Դիվանագիտական դաշտում ձախողումներ, միջազգային հարաբերությունների արդյունքում փաստորեն ձախողում ենք արձանագրել։ Մենք չհասանք ներսում կոնսոլիդացիայի Արցախի գաղափարի շուրջ։ Համախմբումը ենթադրում էր նախ քաղաքական կամք և մեր ներսում փոխզիջում, որ դա լսելի լինի բոլոր կողմերին, ընդունելի լինեն բոլորի առաջարկները և ի գործ։ Արցախի գաղափարախոսությունը դա էր ենթադրում, բայց  կոնսոլիդացիան չեղավ, պառակտումն ավելի խորացավ, և հասանք այս իրավիճակին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031