Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Էթիկական հարցի ենք բախվել. եթե արհեստական բեղմնավորման համար դիմում է կին, որն ամուսնացած չէ, պետք է ասենք՝ գնացեք ամուսնացեք, հետո՞ եկեք»

Հունվար 05,2023 12:30

Անպտղության հաղթահարման ծրագիրը, որը մեկնարկել էր 2020-ին ու արդեն 251 երեխա է ծնվել ծրագրի շրջանակներում, ընդգրկում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ծրագրի շրջանակը լայնացնել ու այն բացել ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում կա առաջնային անպտղության ցուցանիշների որոշակի բարելավում, բայց երկրորդային անպտղության աճ կա: Այս ծրագրով ընտանիքները, որոնք ունեն մեկ բալիկ, կկարողանան երկրորդ երեխան ունենալ:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ բոլորին պետբյուջեի հաշվին ապահովում են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ արհեստական բեղմնավորումը, որ երեխաներ ծնվեն. «Նախ մենք պետական պատվերով բուժում ենք իրականացնում անպտղության, հետագայում արդեն արհեստական սաղմնավորման տեխնոլոգիաներ ենք կիրառում՝ ըստ անհրաժեշտության: Հիմնական պատճառը, որ շատ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ օգտվել այս ծառայություններից, հենց ծառայությունների թանկարժեք լինելն էր: Սրանով այդ խնդիրը լուծվում է: Բայց որոշումը քննարկելիս էթիկական բնույթի հարցերի ենք բախվել, երբ մենք ասում ենք, որ ֆինանսավորում ենք բոլորին: Կարող ենք ունենալ իրավիճակներ ու կողմնորոշվելու խնդիր: Առաջին հայացքից մենք շահառու համարում ենք այն ընտանիքներին, զույգերին, քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող, ամուսնացած, բայց եթե այս ծրագրի համար դիմում է որեւէ կին, որն ամուսնացած չէ, ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը, պետք է ասենք՝ գիտեք ինչ, գնացեք ամուսնացեք, հետո՞ եկեք այս ծրագրին դիմեք: Հարցն իրականում իրոք էթիկական կողմ ունի, իսկ եթե այդ կինը ամուսնալուծվել է հենց այդ պատճառով, որ անպտղություն ընտանիքում եղել, արդյոք մենք պետք է մերժե՞նք: Չի կարելի մերժել: Կամ հաջորդ խնդիրը՝ եթե մեկը ընդհանրապես ամուսնացած չի եղել ու ուզում է այս ծառայություններից օգտվել, մենք պետք է մերժե՞նք: Երբ որեւէ մեկը ամուսնացած չէ ու հղիության դեպքում օգտվում է պետական ծառայություններից, մենք նրան բնականաբար չենք մերժում, հետեւաբար այս ծրագրի շրջանակներում էլ անտրամաբանական կլիներ, եթե մենք այդպիսի արգելքներ ստեղծեինք: Ծրագիրը մենք գործարկում ենք՝ ի շարունակություն նախկինում գոյություն ունեցած ծրագրերի»: Առաջնահերթությունը տրվելու է նախ այն ընտանիքներին, որոնք ընդհանրապես երեխա չունեն, այնուհետեւ՝ մյուսներին:

Որոշումն ընդունվեց միաձայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031