Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը գլուխը պատին կտա, որ կարողանա դիմակայել այդ ճնշումներին». «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Հունվար 25,2023 20:50

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում հանրային քննարկում էր նախաձեռնել՝ թշնամու կողմից Բերձորի միջանցքը փակ պահելու թեմայով:

Նախաձեռնության անդամների համոզմամբ, հանրային տարբեր խմբեր ու անհատներ ունեն տարբեր մոտեցումներ ու առաջարկներ, բայց դրանք պետք է ճշգտրվեն, հղկվեն եւ ընդունվեն բոլորի կողմից, որպեսզի ծառայեն նպատակին և իրականություն դառնան:Նրանց պատկերացմամբ, Հայաստանի խաղաղության եւ ժողովրդավարության, հզորացման ու զարգացման հասնելու ճանապարհը պայքարն է հանուն Արցախի հայկական մնալու իրավունքի:

«Բացում» նախաձեռնությունն առաջարկում է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ կենտրոնանալ Բերձորի միջանցքի փակ լինելու վրա»,-ասաց նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը: Հավելեց, որ այդ նպատակին ուղղված մի քանի գաղափար ունեն, որոնք դասակարգել են: Ապա թվարկեց. « Համար 1` քայլելով գնալ ու փորձել բացել Բերձորի միջանցքը: Դա կունենա տարբեր դասակարգումներ: Համար 2` հասնել նրան, որ միջազգային հանրությունը այնպիսի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները դուրս գան, եւ համար 3` ստեղծել այնպիսի իրավիճակ, որը փակողներին կդնի փակուղու առաջ, որ նրանք ստիպված կլինեն դուրս գալ»:

Նախաձեռնության անդամներից Մհեր Կարագոզյանը հիշեցրեց, թե ինչպես է Եվրախորհրդարանը ադրբեջանական գործողությունները որակել ագրեսիվ: Կարծիք հայտնեց, որ որոշակի ճնշումների դեպքում կարող են հստակ արդյունքներ լինել. «Պետք է հասնել նրան, որ ագրեսորը պատժվի պատժամիջոցներով, օրինակ Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ գազի պայմանագիրը համարվի առոչինչ կամ առանձին այլ պատժամիջոցներ կիրառվեն: Ըստ իս, այդ դեպքում Ալիեւը իր գլուխը պատին կտա, որ կարողանա դիմակայել այդ ճնշումներին»:

«Սա անձնական հարց չէ, ոչ էլ պաշտոնական է, սա ազգային հարց է, պետք է ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի ու պահանջատեր լինի»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը եւ ցանկություն հայտնեց, որ հավաքի մասնակիցների թիվն ավելի մեծ լինի: Երիտասարդները որոշեցին մի քանի խմբերի բաժանվել, քննարկել առաջարկները եւ որոշել քայլերի հաջորդականությունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031