Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունն ուշացումով՝ նոր ստեղծվելիք կառույցի եւ Բրյուսովի անվան համալսարանի մասին

Հունվար 27,2023 12:12

Aravot.am-ը հունվարի 24-ին ԿԳՄՍ նախարարության պահանջով գրավոր հարցում էր ուղղել նախարար Ժաննա Անդրեասյանի անունով, խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին.

1. Aravot.am-ի տեղեկություններով, Գիտության կոմիտեի, ԲՈԿ-ի, ԿԳՄՍ նախարարության բուհերի վարչության միավորման արդյունքում ստեղծվում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե։ Ճի՞շտ է, որ այդ որոշումն արդեն պատրաստ է, շրջանառվել է՝ առանց քննարկելու ԳԱԱ-ի, բուհերի ու այլ շահագրգիռ կողմերի հետ։

2. Արդյոք այդ կոմիտեի ստեղծմամբ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է իր վրայից գցել բուհերի միավորման պատասխանատվությունը եւ այն դնել նորաստեղծ կոմիտեի ղեկավարի վրա։

3․ Վ․ Բրյուսովի անվան համալսարանը դիմել է Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, Կառավարության աշխատակազմ, որ իրավական ձեւակերպումը տան, թե ով է կատարելու ռեկտորի պարտականությունները։ Որքանով տեղյակ եմ, այդ կառույցները գրություններն ուղարկել են ԿԳՄՍ նախարարությանը։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի մինչեւ հունվարի 30-ը, համալսարանն արդեն խորհրդի անդամության 10 թեկնածու է առաջադրել, որոնք էլ ընտրվել են ԲՊՀ-ի գիտական խորհրդում եւ ներկայացվել լիազոր մարմին, սակայն լիազոր մարմինը դեռ չի նշանակել հոգաբարձուների խորհրդի մյուս 10 անդամներին։ Ե՞րբ է այս հարցը հանգուցալուծվելու եւ ինչպես։

ԿԳՄՍ նախարարությունից առաջին եւ երկրորդ հարցերի վերաբերյալ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը մշակման փուլում է՝ նպատակ հետապնդելով ստեղծելու ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, որը միտված է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը: Նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի և կներկայացվի հանրային քննարկման»։

Բրյուսովի անվան համալսարանի վերաբերյալ հարցի պատասխանն այնքան ուշ է տրվել, որ նոր զարգացումներ են եղել: Այնուամենայնիվ ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության պատասխանը. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված կարգով»:

Ի դեպ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը երեկ Aravot.am-ին ասել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը դիտավորյալ է ձգձգում գործընթացը, որպեսզի 2 ամսվա ընթացքում խորհուրդը չձեւավորելու պարագայում նախարարի ցանկությամբ ձեւավորի 3 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որն իրավունք կունենա բուհը տանել ընդհուպ լուծարման:

Ինչ վերաբերվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծմանը, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն ասել էր, նաեւ այդ կառույցի ստեղծումն է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել, քանի որ առանց իր իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չի եղել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031