Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թադևոսյանը Սթենֆորդի համալսարանում հանդիպել է հայ ուսանողների հետ

Նոյեմբեր 17,2026 15:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Սթենֆորդի համալսարանի և Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) ուսանողներ, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, AGBU) կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, ինչպես նաև կրթության, գիտահետազոտական գործունեության և նորարարության ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։

Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեսլականը, ոլորտում իրականացվող նախաձեռնությունները և միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտերկրի առաջատար համալսարաններում սովորող հայ երիտասարդների մասնագիտական ներուժին, նրանց գիտելիքներն ու փորձը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու հնարավորություններին, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական կապերի ամրապնդմանը։
Քննարկման առանձին թեմա է եղել օտարերկրյա համալսարաններում սովորող ուսանողների՝ Հայաստանում կարճաժամկետ վճարովի պրակտիկա անցնելու հնարավորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ամերիկյան համալսարաններում սովորող օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործող ընկերություններում մինչև երկու ամիս տևողությամբ պրակտիկա անցնելու իրավական և գործնական հարցերին։ Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.3-րդ հոդվածով նախատեսված կարգավորման կիրառելիությունը, աշխատանքի թույլտվության, միգրացիոն և բնակության իրավական պահանջները՝ հնարավոր խոչընդոտներն ու անհրաժեշտ կարգավորումները բացահայտելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, որոնք նախատեսում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանում համապատասխան ոլորտներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մեխանիզմներ։ Քննարկվել է այդ հնարավորության նշանակությունը միջազգային առաջատար բուհերում սովորող հայ երիտասարդների՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու և իրենց մասնագիտական ներուժը երկրի զարգացմանը նպաստելու տեսանկյունից։
Ուսանողները ներկայացրել են իրենց ուսումնառության և հետազոտական հետաքրքրությունները, մասնագիտական ծրագրերն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը և միջազգային գիտատեխնոլոգիական միջավայրում երկրի դիրքերի ամրապնդմանը նպաստելու հնարավորությունների շուրջ։
Նախարարն ընդգծել է, որ միջազգային առաջատար համալսարաններում սովորող երիտասարդները Հայաստանի կարևոր մարդկային և գիտելիքային ներուժն են։ Նրանց հետ կապերի պահպանումը, մասնագիտական համագործակցության հնարավորությունների ձևավորումը և հայրենիքի զարգացման գործընթացներում ներգրավվածության խթանումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։
Հանդիպումը հնարավորություն է տվել անմիջական երկխոսություն ծավալելու արտերկրում սովորող հայ երիտասարդների հետ, ծանոթանալու նրանց գաղափարներին ու ակնկալիքներին և քննարկելու կրթական ու մասնագիտական համագործակցության նոր ձևաչափեր։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30