Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ անսամբլ չէ, պարի թատրոն է»

Փետրվար 27,2023 13:30

Սա աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի խոսքն է՝ «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի հասցեին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 25-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հիմնադրած եւ մինչ օրս անվանի բալետմայստերի ղեկավարությամբ գործող «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական անսամբլը, որի բարձրարվեստ կատարումներին ծանոթ է նաեւ բազմաթիվ երկրների հանդիսատեսը, շքեղ համերգային ծրագրով կմեկնարկի 36-րդ համերգաշրջանը։ 1987թ. ստեղծված, 2022թ. դեկտեմբերից «Հայաստանի պարի եւ ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում» (տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմեն Սարգսյան) միավորված այս անսամբլը մեր այն միակ պարային կոլեկտիվն է, որը հայկական ազգային պարը ներկայացնում է հանդիսատեսին դասական ոճով։ Կարելի է փաստել, որ մաեստրո Մեհրաբյանի շնորհիվ ստեղծվեց նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում։ Տասնամյակների ընթացքում բեմադրվեցին համարներ ժողովրդական, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Ալթունյանի, Գրիգոր Հախինյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով ու մշակումներով։ Անսամբլի պարացանկում քանիցս հանդիպել ենք նաեւ ժամանակակից համարների, այդ թվում՝  Էլթոն Ջոնի եւ Կարլ Օրֆի երաժշտությամբ։ Նշենք նաեւ ռոք օպերաները՝ «Գրիգոր Լուսավորիչ», «Հիսուս Քրիստոս սուպեր աստղ», «Լիլիթ», Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքո» ներկայացումը։ Գեղարվեստական ղեկավարը իրականացրել է համաշխարհային երաժշտական գրականության գանձարանում տեղ գտած Մոցարտի, Բեթհովենի, Պագանինիի, Բիզեի, Շումանի, Շոստակովիչի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված համարներ եւս։ Բոլորը չես թվարկի՝ շուրջ 100 բեմադրություն։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պարոն Մեհրաբյանը ուղղում կատարեց, հայտնելով, որ հիշյալ թվի սահմանում բեմադրություններ են իրականացրել նաեւ հրավիրյալ բեմադրիչներ, այդ թվում՝ Արինա Արարատյանը, Անի Մինասյանը, Սրբուհի Բաբայանը, Աշխեն Բոյաջյանը, Լուսինե Սարգսյանը, Արա Ասատուրյանը, Արսեն Մեհրաբյանը եւ էլի մի քանի երիտասարդ բալետմայստերներ։ Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց իր փորձավար-օգնականների անունները՝ Զոհրաբ Բակալյան, Անի Մինասյան, նաեւ հավելեց. «Փորձավար-օգնականներս չափազանց բարեխիղճ են, ես հավատում ու վստահում եմ նրանց»։

Հետաքրքրությանը՝ համերգաշրջանի մեկնարկային երեկոյին եւ տարվա ընթացքում ի՞նչ նոր համարներ կամ բեմադրություններ սպասի հանդիսատեսը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հերթական համերգաշրջանի մեկնարկային համերգի ընթացքում կներկայացնենք 20 պար՝ ժողովրդական երաժշտությամբ, հայ եւ եվրոպացի դասական կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Կան բեմադրություններ, որոնք 5-6 տարի առաջ ենք հանձնել հանդիսատեսի դատին եւ հիմա աշխատում ենք դրանք վերականգնելու ուղղությամբ։ Ազգային օպերային թատրոնում ապրիլի 10-ին հանդես կգանք համերգով՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Էկրանային համակարգով եւ առանց ընդմիջման ընթացող երեկոն կսկսենք կոմպոզիտորի 2-րդ սիմֆոնիայով, հետո ընդամենը մի քանի վայրկյան կբարձրանա նվագախմբի «փոսը»՝ ռոյալով եւ դաշնակահարի կենդանի մեկնաբանմամբ կհնչեն Խաչատրյանի «Գարուն Երեւանն» ու էլի 9 ստեղծագործություն։ Իհարկե, խաչատրյանական երաժշտության ներքո անսամբլը հանդես կգա ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված նախկին ու նոր համարներով։ Մի բան էլ. Փարաջանովի թանգարանի հետ համատեղ Արսեն Մեհրաբյանը համերգաշրջանի ընթացքում կներկայանա նոր բեմադրությամբ՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին: Համերգաշրջանի ընթացքում, անշուշտ, «Բարեկամությունը» կներկայանա նաեւ պարային անսամբլներին ոչ այնքան հատուկ համարներով՝ անակնկալներով։ Առայժմ այսքանը»։


Զրույցի ընթացքում մտաբերեցինք 2022թ. «Բարեկամության» համերգներից մեկը, որին ներկա էր Երեւանի օպերային թատրոնում Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումն իրականացրած աշխարհահռչակ Օլեգ Վինոգրադովը։ Նա համերգի ավարտին գլխարկը նետել էր Մեհրաբյանի ոտքերի տակ, բացականչելով. «Սա զուտ անսամբլ չէ, պարի թատրոն է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728