Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետի հորդորով՝ Գյումրի-Երևան մայրուղին բացվել է․ այրվածքներից զոհված Պալյանի հարազատներին կընդունեն զինդատախազն ու պաշտպանության նախարարը

Մարտ 03,2023 16:09

Ինչպես տեղեկացրել ենք, Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա՝ որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանի հարազատներն այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից գալ Ազատան ու պատասխանել իրենց «ինչուներին»։

Հարազատները վրդովված են անտարբերությունից․ քրեական գործը տեղում դոփում է, իսկ իրենց ոչ մի պատասխանատու չի ընդունում։ Հայրը՝ Ջիվան Պողոսյանը, բազմիցս փորձ է կատարել հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն ապարդյուն։

Ծնողների պահանջը լսելուց հետո՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հորդորեց բացել մայրուղին՝ պայմանով, որ նրանց ասելիքը տեղ կհասցվի հասցեատերերին ու կկազմակերպվեն հանդիպումներ։

Արամ Ղազարյանը Ախուրյանի ոստիկանապետ Սինո Մխիթարյանի հետ միասին այցելեց Պողոսյանների տուն, որտեղ կազմակերպչական որոշակի աշխատանքներից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց գալիք շաբաթ հանդիպում ունենալ ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը՝ քնած ժամանակ։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Մայրը պատմում էր, որ որդու մարմնի 60 տոկոսն այրված է եղել, 20 տոկոս էլ՝ շնչուղիները։

Պալյանը ողջ գիշեր սառնամանիքին այրված մարմնով դուրսն է նստել մինչև լուսաբաց, առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում նոր բժշկական օգնություն են ցուցաբերել։

Զորամասում ոչ մի ցավազրկող չի եղել, նույնիսկ կապ էլ չի եղել, որ օգնության կանչեին։

Լուսաբացին նոր միայն խորը այրվածքներ ստացած զինվորին «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, ցավազրկելուց հետո տեղափոխվել մայրաքաղաք՝ Այրվածքաբանական կենտրոն, որտեղ որդին 10 օր անց մահացել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031