Լրահոս
Օրվա լրահոսը

«Լափած մազութը» եւ «5-րդ շարասյունը»

Մարտ 29,2023 10:00

Կան արտահայտություններ, որոնք որոշ պատմական ժամանակահատվածում դառնում են չափազանց տարածված եւ մոդայիկ: Այդ արտահայտությունները բոլորը կրկնում են հասկանալով կամ առանց հասկանալու: Հետո դրանք մոռացվում են եւ սերունդներին անհրաժեշտություն կա բացատրելու, թե ինչ են դրանք նշանակում: Օրինակ, այսօրվա երիտասարդները դժվար թե իմանան, թե ի՞նչ է նշանակում «լափած մազութ»:

Այդ բառակապակցության հեղինակային իրավունքը պատկանում է, եթե չեմ սխալվում, Արշակ Սադոյանին: Ի դեպ, երիտասարդներին երեւի պետք է հիշեցնել նաեւ, թե ով էր Արշակ Սադոյանը. նա 1990- 2008 թվականներին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր էր: 1998 թվականի իշխանափոխությունից հետո՝ Ռոբերտ Քոչարյանն՝ իր քարոզիչների միջոցով, ձգտում էր հասարակությանը համոզել, որ ՀՀՇ-ականները մարդասպաններ են ու թալանչիներ: Ինչպես նաեւ զբաղվում էին «էներգատեռորով», այսինքն՝ մարդկանց միտումնավոր զրկում էին էլեկտրաէներգիայից՝ բնակչության վրա լուցկի, մոմեր եւ դիզվառելիք վաճառելու նպատակով: (Այդ սյուժեն, ի դեպ, տեղ է գտել Ռոբերտ Սահակյանցի «Ես էլ եմ հայ» մուլտֆիլմում): Իսկ Հայաստան ներմուծվող մազութը, որով պիտի աշխատեին կաթսայատները, իբրեւ վերավաճառում էին այլ երկրների՝ «լափում էին»:

Թեման հնչեղ էր, որովհետեւ շոշափում էր չորս տարի առանց ջեռուցման եւ լույսի ապրող մարդկանց զգացմունքները: Բայց տարիների ընթացքում այդ թեման կամաց-կամաց սպառվեց: Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք հավատում են «լափած մազութի» առասպելին: Հավանաբար՝ դեռ կան: Բայց այդ հավատն այսօր «թրենդային» չէ:

Այսօր ավելի մոդայիկ է «5-րդ շարասյան» առասպելը: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել գրելու՝ այդ բառակապակցության ծագումը հայկական չէ: Եթե, իհարկե, չենթադրենք, որ իսպանական ֆաշիստների՝ ֆրանկիստների գեներալ Էմիլիո Մոլեն հայ էր: Բայց վերջին մեկ-երկու տարիներին այդ արտահայտությունը չափազանց տարածվեց: Այն կիրառում են իշխանության քարոզիչները, որոնք համոզում են մեզ, իբր Փաշինյանի ընդդիմախոսներն իրականում պայքարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ եւ ցանկանում են մեր երկիրը դարձնել Ռուսաստանի գուբերնիա: (Մինչդեռ, եթե որեւէ մեկը տանում է Հայաստանը՝ որեւէ այլ երկրի ծայրագավառ դարձնելու ճանապարհով, ապա դա հե՛նց Փաշինյանն է): Մի խոսքով, ըստ պաշտոնական քարոզչության, եթե Հայաստանում վերացվեն «Կրեմլի գործակալները», ապա ամեն ինչ հոյակապ կլինի:

Եվ ահա, օրեր առաջ վարչապետն ամբողջացրեց թեման՝ ըստ նրա մենք պարտվել ենք պատերազմում «5-րդ շարասյան» պատճառով:

20 տարի հետո երիտասարդներն ինձ կհարցնեն՝ այդ ի՞նչ 5-րդ շարասյուն էր, որը մասնակցում էր 2020 թվականի պատերազմին, եւ ես կպատասխանեմ՝ հերթական քարոզչական առասպելն էր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաշինյանը, զուտ բնազդային էակ մըն է:

    Իսկապէս որ վիրաւորական իմաստով չեմ գործածում այս պատկերը, սակայն երբ որ՝ անասուն մը կ’անկիւնաւորես, նեղը կը դնես, ինքզինք վտանգուած կը զգայ, ի՞նչ կ’ընէ. կը խածնէ. կը ճանկէ. ինքնակորոյս շարժուձեւեր կ’ընէ, կը հաջէ ու կը ճչայ, թուքեր արձակելով իր փրփրած բերանից:
     
    «5-րդ շարասյունը»ի իր այդ արտայայտութիւնը, կը համապատասխանէ այս երեւոյթին:
     
    Լրագրողներուն հարցումները երբ որ ինք համարեց՝ յարձակողական, եւ անիրաւ, ապա ինք ալ դարձաւ հակայարձակողական եւ անիմաստ: Լրիւ մոռանալով որ ինք, վարչապետ է:
     
    Եւ կան այսպիսի բազմաթիւ, բիւրաւոր օրինակներ, անցած հինգ տարիների ընթացքին: Այլազան առիթներով, եւ յաճախ ճակատագրական նիւթերու կապակցութեամբ:
     
    Թէ որ, այսպիսի արարած մը, պէ՞տք է որ տիրանար այսքան իշխանութեան: Անշո՛ւշտ թէ, ոչ: Բնաւ ու երբե՛ք:
     
    Սակայն այն մասին գանգատելու իրաւունքը չունին հիմա այն հայերը, որոնք իր փողոցին զօրակցեցան, կամ որեւէ բան չըրին, որպէսզի դէմ կենան՝ «Իր Քայլ»ին: Հինգ տարի առաջ:
     
    Այդ հայերուն դիմաց, ես ալ ուրեմն հիմա՝ Փաշինյանին կողմէն եմ: Այդպէս դարձայ: Հինգ տարիներէ ետք:
     
    Մ. Հայդուկ Շամլեան
     
     
     
     

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031