Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին պաշտոնյան մեղադրանքը չի ընդունում․ «Ես ինչպե՞ս կարող էի որեւէ մեկին դրդել»

Մարտ 29,2023 11:55

Հակակոռուպցիոն դատարանում մարտի 28-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։

Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Ամբաստանյալ Վարդան Թունյանը, ինչպես եւ մյուս ամբաստանյալները, հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։ «Մեղադրանքի էությունն ինձ անհասկանալի է։ Կարդացել եմ եւ հասկացել, բայց գործողությունների տրամաբանությունը, պատճառահետեւանքային կապը չեմ հասկացել։ Ինձ համար նաեւ հասկանալի չէ, թե մեղադրանքի կողմն ինչ գործողություններ է վերագրում ինձ։ Ես ինչպե՞ս կարող էի որեւէ մեկին դրդել կատարել որեւէ արարք։ Ինձ համար աբսուրդի ժանրից է, թե ես կարող էի կանխատեսել անզգուշության հետեւանքը»,-ասել է Վարդան Թունյանը։

Նա նաեւ հարցադրում է արել․ «Բացի այդ, ինչպե՞ս կարող էի չարաշահել պաշտոնեական դիրքս, եթե այդ վարորդի հետ կապված որեւէ գործառույթ չեմ ունեցել։ Նա եղել է ոստիկանության տնտեսական վարչության աշխատակից եւ աուդիտի վարչության հետ ծառայողական հարաբերություն չի ունեցել։ Անհասկանալի է նաեւ վառելիքի հափշտակության դրվագը։ Վառելիքի իբր հափշտակության դրվագով ես բացատրություններ եմ տվել, մինչդեռ քննիչը գտել է, թե դրանք հիմնավոր չեն։ Մեղադրական եզրակացությունում ոչ մի տող չկա իմ հերքումների հետ կապված։ Քննիչն ու դատախազը ո՞ր ապացույցներն են նկատի ունեցել»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վարդան Թունյանը ոստիկանապետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Մյուս ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանն էլ իր հերթին է ասել, որ չի ընդունում մեղադրանքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031