Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի, Գուրգեն Գրիգորյանի դեմ գործը՝ Հակակոռուպցիոն դատարանում

Դեկտեմբեր 19,2022 19:10

«Գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այն գտնվում է նախնական փուլում»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի, Գուրգեն Գրիգորյանի դեմ գործին։

Հիշեցնենք՝ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Նոյեմբերի 30-ին էլ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն  տարածեց այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։ Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը,  միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Аravot.am-ը կապ հաստատեց Լևոն Երանոսյանի հետ։ Նա չցանկացավ մեր հարցերին պատասխանել ու ասաց․ «Գայիք դատարան, այնտեղ կասեի։ Հիմա չեմ խոսի»։ Մեր դիտարկմանը՝ իր անունը շոշափվում է այն գործով, որ խոշոր չափերով գումար է յուրացրել, նախկին փոխոստիկանապետն այս առիթով ասաց․ «Դու մոռանում ես, որ ես, ոչինչ, մասնագիտությունով էլ եմ տիրապետում, ես քեզ ասում եմ  չեմ խոսի, նորից հարցեր ես ինձ տալիս»։

Լևոն Երանոսյանի փաստաբանը նշեց, որ նիստը եղել է նախնական ու շարունակեց․ «Դատավարական նախնական փուլի մի մասն ենք անցել։ Այսօր ոչ մի բան չի ուսումնասիրվել։ Կողմերի ներգրավման փուլում ենք»։

Փաստաբանը ևս մեկ անգամ պնդեց՝ Լևոն Երանոսյանը մեղադրանքը չի ընդունում»։

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ամրագրված է․ «Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները:

Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները: Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն»։

Դիտարկմանը՝ քանի որ Վլադիմիր Գասպարյանի դուստրն աշխատել է Լևոն Երանոսյանի ենթակայության ներքո, հետևաբար նա չի՞  փորձել տեղեկանալ՝ Յուլյա Գասպարյանը պատշաճ կատարե՞լ է իր պարտականությունները, թե ոչ, քանի որ այդ խնդրին դատախազության տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ կար, Տիգրան Սաֆարյանը պատասխանեց․ «Այս պահին ոչինչ ներկայացնել չենք կարող»։

Այս գործով հաջորդ դատական նիստը հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա հունվարի 17-ին՝ ժամը 13։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031