Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում չեն արձագանքում Ազատ գյուղի զորամասում զոհվածների ծնողներին. Նորայր Նորիկյան

Մարտ 29,2023 14:01

Վաղը կայանալու է Ազատ գյուղում տեղակայված զորամասում ողբերգական պայմաններում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը ՀՀ զինդատախազի հետ: Այսօր այս մասին «Նոյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց զոհված զինծառայողներից 13-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայի Նորիկյանը:

Դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել հունվարի 19-ին. 15 զինծառայող զոհվեց:

Զոհվածների ծնողները նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման միջնորդություն են ներկայացրել, բայց ըստ պաշտպանի, ՊՆ-ի ղեկավարության պահվածքը տարակուսելի է. ոչ միայն ձեռնպահ են մնացել հանդիպել զոհվածների ծնողներին, այլ անգամ հրապարակային ներողություն չեն խնդրել ծնողներից, ինչը նվազագույնն էր, որը պարտավոր էին անել:

Պաշտպանը նաեւ 9 ծնողներից բացատրություններ ունի, որոնք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին. դրանցում առկա են առերեւույթ, քրեական օրենսգրքով արգելված արարքներ՝ այդ կացարանում եւ այդ ժամանակահատվածում զինծառայողների նկատմամբ իրականացված այլ բնույթի հանցագործությունների մասին բացատրություններ: Տուժողները խնդրել են հետազոտել պատճառահետեւանքային կապը այդ հանցագործությունների եւ հրդեհի միջեւ: Միջնորդություններ են ներկայացվել հրդեհի վայրի համալիր փորձաքննության արդյունքները ստանալու համար, հրդեհի պահին եւ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող որոշ անձանց ներկայության վերաբերյալ եւ այլն:

Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը 10 դիակների դատաբժշկական փորձաքննությունն է ստացվել, ըստ որի, այդ զինվորները մահացել են շմոլ գազից եւ այրվածքային շոկից: Մնացած 5 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն փոխանցվել վարույթ իրականացնող մարմին, ինչը տարակուսանք է առաջացնում: Զոհվածների դիակների փորձաքննության արդյունքները տուժող կողմի մոտ ևս ավելի շատ հարցեր է առաջացրել, քանի որ փաստական հանգամանքների հետ գտնվում են հակասության մեջ: Մասնավորաբար, ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների սենյակ, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազից, եթե գտնվել են այդ տարածքում: «Ավելին, եթե պաշտոնական վարկածով հղում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի պայթյունից առաջացած բոցից, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազը երբվանի՞ց է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման արդյունքում, այդ պահին ի՞նչ իրավիճակ է եղել տարածքում: Ավելին, եթե եզրակացության մեջ պնդում է արվում, որ ջերմային այրվածքները զինծառայողները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ նրանք չեն փորձել հնարավոր եւ անհնար միջոցները կիրառել՝ այդ տարածքից դուրս գալու համար եւ գտնվել են իրենց մահճակալների վրա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում, կրկնակի դատաբժշկական փորձաքննության միջնորդությունը՝ համալիր՝ հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ տարբեր առիթներով, տարբեր պաշտոնյաներ հրապարակային հայտարարություններ են արել, որոնք հետո իրենք էլ հերքել են՝ իրենց ցուցմունքներով: Խոսքը գնդապետ Արսեն Սարոյանի մասին է, որն ըստ որոշ տեղեկությունների, հետագայում ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս առիթով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցումներ են ուղարկվել: Զինծառայողների դիերի՝ մահճակալում գտնվելու վերաբերյալ տեղեկությունները ի՞նչ պայմաններում է փոխանցվել գնդապետ Սարոյանին՝ առանցքային հարցի պատասխանը պաշտպանը չի ստացել: Ի դեպ, նույն հաղորդմանը ներկա զինդատախազը, այդ պահին չի հերքել Արսեն Սարոյանի հայտնած տեղեկությունները:

Մի շարք հարցեր են ուղղվել նաեւ պաշտպանության նախարարին, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել: Դրանք վերաբերում են մինչ վարույթ իրականացնող մարմնի ներկայանալը տարածքում տեսանկարահանում իրականացնելուն, դեպքի վայրից զինվորների դիակների տեղափոխմանը, դեպքի վայրի խախտմանը եւ այլն: ՊՆ-ի նման դիրքորոշումը պաշտպանի համար առնվազն տարակուսելի է:

Իսկ վաղը ՀՀ զինդատախազից հետաքրքրվելու են՝ բացի պաշտոնական վարկածից, ի՞նչ վարկածներ են քննվել, ի՞նչ արդյունքներ կան, բացառո՞ւմ են այլ վարկածի գոյությունը, ո՞ւմ հրամանով եւ ինչպե՞ս է դեպքի վայրից իրականացվել զինվորների դիակների տեղափոխումը, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031