Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն մեծարում է ընտանեկան կապերը. Հայտնի է ֆոտոմրցույթի հայաստանցի հաղթողը

Մարտ 31,2023 20:20

Նազիկ Արմենակյանն իր հեղինակած «Իմ պատերազմը (ֆրագմենտալ ապրում)» նախագծով ճանաչվել է «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի հայաստանցի հաղթող։ Հաղթողների անունների հայտարարումն ու պարգեւատրումը կայացել է 2023 թվականի մարտի 31-ին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած EUNEIGHBOURS EAST – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթի գալա մրցանակաբաշխության ժամանակ։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող լուսանկարչական մրցույթը հրավիրել էր Արեւելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին՝ ներկայացնելու «Ընտանեկան կապեր» թեմայով իրենց ֆոտոշարքերը։ Յուրաքանչյուր երկրից մրցույթի հաղթող է ճանաչվել մեկական մասնակից՝ շահելով 1,000 եվրո մրցանակ։

Մրցույթը փնտրում էր «ընտանեկան կապեր» թեմայի անձնական մեկնաբանություններ. ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների եւ ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում եւ միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն եւ կորստին:

Նազիկ Արմենակյանն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրագրող, իսկ նրա հեղինակած լուսանկարները հրապարակվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներում։ Նա նաեւ աշխատում է որպես վավերագրական լուսանկարիչ եւ մասնակցել է տեղական եւ միջազգային ցուցահանդեսների։

Նազիկի «Իմ պատերազմը (ֆրագմենտալ ապրում)» մրցանակակիր նախագիծը ներկայացնում է նրա՝ որպես մոր անձնական պատմությունը, երբ նրա ավագ որդի Միքայելը 2020 թվականի սեպտեմբերին մոբիլիզացվեց զինված ուժեր:

Նազիկ Արմենակյանն այսպես է բնութագրում իր նախագիծը.

«Ես իմ պատերազմն ունեցա․․․ Առաջին հերթին՝ որպես մայր, ոչ որպես լուսանկարիչ։ Սեպտեմբերի 27-ին մեծ տղայիս՝ Միքայելի ծնունդն էր։ Օրը սկսվեց սարսափելի լուրերով․․․ Հավաքվեցին ընկերները, հարազատները, բոլորը, ու սկսվեցին զինկոմիսարիատի զանգերը։ Հաշվառելու կանչեցին։ 28-ի առավոտյան գնացինք զինկոմիսարիատ, ու Միքայելին տարան․․․ Երբ տուն եկա, նոր գիտակցեցի՝ ուր եմ ուղարկել, ինչ է կատարվում․․․ Դրանից հետո 26 օր կապ չկար, լուր չունեի։ Մոտավորապես գիտեինք՝ որ ուղղության վրա է, ողջ ընթացքում փորձում էինք մի բան ճշտել․․․ Հազարավոր տեսանյութեր էի նայում՝ հույս ունենալով մի տեղ կտեսնեմ Միքոյին։ Ամեն օր զանգում էի հեռախոսին, որ գոնե «բաժանորդն անհասանելի է» արտահայտությունը լսեմ․․․ Հետո դաժան շրջան էր՝ այն պահը, երբ սկսում ես ցուցակներով նայել, ծանոթներ ես փնտրում ու գտնում, մի ցուցակից մյուսին ես անցնում․․․ Առաջին օրերից որպես լուսանկարիչ գիտակցում էի իրադարձությունները վավերագրելու կարեւորությունը, ու պատերազմը կանչում էր, բայց․․․ Լուսանկարելն անհնար էր։ Ես առանց գնալու արդեն մեջս լցրել էի պատկերներ, ապրում ու վերապրում էի պատերազմը։

Բախումս շատ ուժեղ էր պատերազմի հետ, ու, ինձ թվում է, թե ի վիճակի չէի լինի լուսանկարել․․․ Միգուցե մեռնել կարողանայի, բայց լուսանկարել՝ ոչ․․․ Առաջին անգամ ունեցա փորձառությունը, որ կատարվածն ավելի կարեւորեցի, քան լուսանկարը․․․ Առանց խցիկը հանելու, առանց մտածելու՝ ոնց պիտի նկարեմ, արդեն իսկ խոցելի էի այդ պատկերների առաջ կանգնելու համար։ 20-րդ օրն էր, երբ գրեցի՝ «ես ոչինչ եմ որպես մարդ, որպես լուսանկարիչ։ Կորցնում եմ ամեն ինչ․ զրոյացել եմ։ Միայն մայր եմ․․․»։ Միքայելի վերադառնալուց ամիսներ հետո վերադարձավ լուսանկարելու կարիքը։ Շատ բան այլեւս առաջվանը չէ։ Սրվել է «հասցնել-անելը»։ Ներսի հակասական ու էմոցիոնալ պրոցեսները շարունակվում են, բայց ուրախ եմ, որ չկորցրի լուսանկարիչ լինելու, տեսնելու ու վերարտադրելու կարողություններս․․․ Ավելին՝ դրանք վերափոխվեցին, ավելի զգոն ու համարձակ դարձան»։

Նազիկը Հայաստանից եզրափակիչ փուլի համար ընտրված երեք լուսանկարիչներից մեկն էր: Մյուս երկուսն էին Մանե Հովհաննիսյանը (Ֆաբուլա) եւ Հրանտ Խաչատրյանը (Նոր կյանք):

Վեց հաղթողներն ընտրվել են հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կողմից։ ժյուրիի կազմը ընդհանուր ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել էր կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից դրանում ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Այս 18 լուսանկարիչներն էլ հրավիրվել էին Թբիլիսիում կայացած գալա միջոցառմանը:

Մյուս երկրներից հաղթող են ճանաչվել Օրխան Ազիմովը (Ադրբեջան), Պաշա Կրիչկոն (Բելառուս), Նաթելա Գրիգալաշվիլին (Վրաստան), Կատերինա Շոշեւան (Մոլդովա) եւ Մարիսյա Մյանովսկան (Ուկրաինա):

Գալա մրցանակաբաշխությանը ներկա էին Վրաստանում ԵՄ դեսպանը, ինչպես նաեւ լուսանկարիչներ, լրատվամիջոցներ, բովանդակություն ստեղծողներ եւ ազդեցիկ անձինք Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից եւ Ուկրաինայից:

Մրցանակաբաշխության արարողությունից մեկ օր առաջ՝ մարտի 30-ին, եզրափակիչ փուլ անցած լուսանկարիչները մասնակցեցին մրցույթի միջազգային ժյուրիի հետ վարպետության դասին։

Մրցույթը կազմակերպել էին «EU NEIGHBOURS EAST» ծրագիրը՝ լեհական «Fotofestiwal» նախաձեռնության հետ համատեղ:

Նազիկ Արմենակյանի մասին

Նազիկը լուսանկարչություն է ուսանել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում։ Նա որպես ֆոտոլրագրող աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, «Երեւան» եւ «Ֆորում» ամսագրերում, ինչպես նաեւ համագործակցել է «Ռոյթերս» գործակալության հետ։ 2009-ից 2016 թվականներին Նազիկը եղել է նաեւ ArmeniaNow.com-ի հաստիքային լուսանկարիչը: 2009 թվականին Karl Bulla-ի միջազգային լուսանկարչական մրցույթում արժանացել է Գրան Պրի եւ առաջին մրցանակի «Մարդիկ ու դեմքեր» անվանակարգում։

2011 թվականին նա ստացել է Նյու Յորքի  համալսարանի Մագնում հիմնադրամի լուսանկարչության եւ մարդու իրավունքների ծրագրի կրթաթոշակը՝ եւս մեկ նշանակալից ձեռքբերում, որը թույլ տվեց նրան կայանալ որպես վավերագրական լուսանկարիչ։ 2007 թվականից նա ձեռնարկեց երկու երկարաժամկետ եւ խորքային հետազոտական նախագիծ, որոնք հետագայում վերածվեցին գրքերի՝ «Վերապրածներ» (2005-2015թթ.) եւ «Միայնության դրոշմը» (2010-2013թթ.): Նազիկը մասնակցել է բազմաթիվ տեղական եւ միջազգային խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Ռուսաստանում։ Նրա լուսանկարները տպագրվել են The New York Times Lens blog, Der Spiegel, Le Monde եւ Politiken հանդեսներում: 2012-ին նա այլ կին լուսանկարիչների հետ միասին հիմնադրել է «4 Plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնը:

«Ընտանեկան կապեր» ֆոտոմրցույթի մասին

Լուսանկարչական մրցույթը կրում էր «Ընտանեկան կապեր» խորագիրը։ Լուսանկարիչների առջեւ խնդիր էր դրվել ներկայացնել 8-20 լուսանկարների շարք, որոնք կարտահայտեն թեմայի վերաբերյալ իրենց գեղարվեստական, սոցիալական եւ անձնական մեկնաբանությունը:

Ընտանեկան կապերի կարեւորությունն ու փխրունությունը վերջին երեք տարիներին մենք զգացել ենք առավել, քան երբեւէ: ՔՈՎԻԴ-ով պայմանավորված սոցիալական հեռավորության պահպանումը տառապանքների ու մեկուսացման, ինչպես նաեւ բազմաթիվ սոցիալական կապերի փոխակերպման ու մյուսների ամրապնդման պատճառ դարձավ: Անցյալ տարի ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես կարող է պատերազմը մի ակնթարթում ընտանիքներ կազմաքանդել։ Միեւնույն ժամանակ բազմաթիվ ընտանիքներ իրենց հյուրընկալ դռները բացեցին փախստականների առջեւ:

Ընտանեկան կապերը շարունակում են առանցքային դեր ունենալ մեր եւ մեր հասարակության կյանքում, բայց ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների եւ ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում եւ միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն եւ կորստին:

Մարտի 15-ին EU NEIGHBOURS east-ն իր բոլոր ալիքներով մեկնարկեց «Ընտանեկան կապեր» թեմայով ավելի լայն հաղորդակցական արշավ՝ ավելի խորը համատեքստ տալով ֆոտոմրցույթին: ԵՄ-ի այս արշավը մեծարում է «ընտանիք» հասկացությունը՝ ընդգծելով հայրիկների ներգրավվածության ուղղությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը հանուն տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության» տարածաշրջանային ծրագրի աշխատանքը, ներկայացնելով ընտանիքների մասին ոգեշնչող պատմություններ եւ ընտանեկան արժեքների վերաբերյալ սոցիալական ցանցերում անցկացվող քուիզ – վիկտորինա:

 

Ժյուրիի կազմը

Հաղթողներին որոշել է հինգ հոգուց բաղկացած միջազգային ժյուրիի կազմը.

Լարս Բյորինգ. «Լրագրության եվրոպական կենտրոն» հիմնադրամի (EJC) տնօրեն եւ տեսողական հաղորդակցության եւ պատմասացության Triggertale.com-ի հարթակի հիմնադիր։

Էմմա Բոուքեթ. FT Weekend Magazine-ի լուսանկարչության բաժնի տնօրեն եւ ոսպնյակահեն արվեստի ու ժամանակակից տեսողական մշակույթի ուղղությամբ մասնագիտացած համադրող:

Արիաննա Ռինալդո. Ազատ լուսանկարիչ։ Նախկինում եղել է «Cortona On The Move» վիզուալ պատումների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Կարոլինա Գեմբարա. Լուսանկարիչ եւ հետազոտող։ Նրա գործունեությունը պտտվում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տունը, պատկանելությունը, միգրացիան, հողերի եւ ինքնության փոփոխությունը:

Միլիցա Սարաչեւիչ. Եվրոպական հանձնաժողովի մամուլի եւ ռազմավարական հաղորդակցության հարցերով պատասխանատու։

EU NEIGHBOURS EAST-ի մասին

EU NEIGHBOURS EAST-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր է։ Այն ուղղված է ռազմավարական հաղորդակցական գործողությունների ամրապնդմանը, ԵՄ-ի եւ նրա քաղաքականության հասարակական ըմբռնման բարելավմանը, ինչպես նաեւ ապատեղեկատվության նկատմամբ հասարակական դիմակայունության ձեւավորմանը:

EU NEIGHBOURS east կայքի կառավարումից զատ, ծրագրի գործունեությունը ներառում է թեմատիկ հաղորդակցական արշավներ, հանրային դիվանագիտության միջոցառումներ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ եւ լուսավորչական գործունեություն՝ երիտասարդ ակտիվիստների, գործընկեր ԶԼՄ-ների, ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտական եւ տարբեր մասնագիտական ցանցերի եւ ասոցիացիաների հետ համագործակցությամբ: Այն նաեւ ղեկավարում է երիտասարդ եվրոպական դեսպանների շուրջ 1,000 հոգանոց ցանցը:

Fotofestiwal-ի մասին

Fotofestiwal-ը հիմնադրվել է 2001 թվականին որպես լուսանկարչությամբ զբաղվող արհեստավարժ մասնագետների կոլեկտիվ, որից հետո այն վերածվել է Եվրոպայի ամենաարդիական լուսանկարչական փառատոններից մեկի: Ավելի քան 20 տարվա ընթացքում այն հարուստ փորձ է զարգացրել մրցույթների անցկացման եւ արդյունքների ցուցադրման ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031