Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը չի կարող պարտադրել, որ մանկավարժները դիմեն տարակարգի համար». ՀՊՄՀ դասախոս

Ապրիլ 04,2023 13:15

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժներն արդեն հավելավճար ստանալու հնարավորություն կունենան: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ հավելավճարի տրամադրումը ոլորտի բարեփոխումների տրամաբանության մի մասն է: «Այս պահին նախադպրոցական կրթության ոլորտի բնագավառում բարեփոխումները նախանշված են ՀՀ կառավարության 2021-26թթ զարգացման եւ Կրթության զարգացման մինչեւ 2030թ ծրագրերում: Բարեփոխումները նախատեսված են երեք ուղղություններով՝ մանկապարտեզաշինություն, մասնագիտական որակի բարձրացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմի ներդրում եւ նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում»,-ասաց Թեհմինե Կարախանյանը:

Թեհմինե Կարախանյան

Նրա խոսքով, նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին տարակարգի միջոցով կարող է հավելավճար տրամադրվել, ինչը իրականացվում է համապատասխան իրավական ակտով, եւ նախարարի հրամանով ամրագրված են տարակարգի համար ներկայացվող բնութագրիչներն ու հավելավճարի տրամադրման կարգը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը հավելեց, որ նախադպրոցական կրթության համակարգը հանրակրթության առաջին աստիճանն է, հետեւաբար, նրա ձեւակերպմամբ, բարեփոխումները նույնպես պետք է լինեն նույն տրամաբանության մեջ. «Անցյալ տարի ներդրվել է  նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը, ինչն իրականացվում է պետբյուջեի հաշվին, եւ տարակարգի շնորհման գործընթացում պարտադիր վերապատրաստումը պարտադիր բաղադրիչ է հանդիսանում… Նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողն անցնում է պարտադիր վերապատրաստում, ապա ստանում է հավելավճար՝ կախված նրանից, թե բնութագրիչներից քանիսն է բավարարում»:

Իրինա Պոնոմարենկո

Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն ասաց, որ տարակարգի շնորհման կարգը ոգեւորող է եւ երկար սպասված: «Նախագիծը դրված էր քննարկման եւ դրա հետ կապված տարբեր առաջարկներ, դիտարկումներ եղան, հետո նոր՝ այն հաստատվեց: Տարակարգի ընդունման կարգը երկար ճանապարհ անցավ՝ հաշվի առնելով գործող մանկավարժների, բուհի համապատասխան մասնագետների կարծիքները»,-ասաց Իրինա Պոնոմարենկոն:

Հավելեց, որ դեռ որոշակի փոփոխություններ հետագայում հնարավոր են: «Հրաշալի հնարավորություն է, որ մանկավարժները կարողանան ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, իրենց զգան արժեւորված: Իհարկե, դա կամավոր բնույթի է, մանկավարժը պետք է ձգտի դրան: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարությունը կամ ուրիշը չի կարող պարտադրել, որ մանկավարժները դիմեն: Սա զուտ գործող մանկավարժի ցանկությամբ է իրականացվում: Մանկավարժական աշխատողը կարող է դիմել ցածր աստիճանից սկսած եւ հետագայում ավելի կատարելագործվել, որի արդյունքում կարող է հասնել երրորդ աստիճանի»,-ընդգծեց նա:

Արևիկ Նիկողոսյան

Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզի դաստիարակ Արևիկ Նիկողոսյանն ասաց, որ իրենց մանկապարտեզը փորձարարական է, եւ նոր կրթական ծրագիրն է այժմ փորձարկում: «Ողջունելի է, որ երկար տարիներ անց մեզ տրվել է անվճար վերապատրաստման մասնակցելու հնարավորություն՝ հինգ տարվա վկայականով, որից էլ բխում է հաջորդ տարակարգի քայլը: Ինքս շահագրգիռ եմ, մասնակցում եմ, արդեն 4 բնութագրիչի եմ համապատասխանում: Մեր մանկապարտեզում բոլոր դաստիարակները կփաստեն, որ ոգեւորված են այս հնարավորությունից, որ կարող են զբաղվել ինքնաիրացմամբ եւ ինքնակրթմամբ»,-նշեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930