Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղուները նոր են արթնացել ձմեռվա քնից»․ Էդգար Ղազարյանը՝ Գագիկ Հարությունյանի մասին

Ապրիլ 04,2023 18:12

«Վերջերս ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն Անահիտ Մանասյանի մասնագիտական կարողությունները գնահատել էր բարձր։ Նման պրոֆեսիոնալ մարդու մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում»,-ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Պարոն Հարությունյանի կարծիքը հարգանքի է արժանի այն տեսանկյունից, որ մեղվապահության համար հիմա ծանրաբեռնված ժամանակաշրջան է։ Ծառերը նոր են ծաղկել, մեղուները նոր են արթնացել ձմեռվա քնից։ Ցանկացած մեղվապահի պարագայում հիմնական աշխատանքից դուրս կարծիք հայտնելն արժեքավոր է, բայց տվյալ դեպքում կարծիքն արժեքավոր չի կարող լինել, որովհետեւ պարոն Հարությունյանի որդին աշխատում է դատախազությունում։ Պարոն Հարությունյանի կարծիքն ինձ համար հետաքրքիր կլիներ լսել 2020թ․-ին, երբ մի քանի ժամում մեկ քաղաքական ուժի կողմից սահմանադրության խախտմամբ կատարվեց օրենքի փոփոխություն՝ ՍԴ դատավորների եւ դատական իշխանության վերաբերյալ։ Բայց քանի որ Հարությունյանի ազգականներից քչերն էին այդ ժամանակ աշխատում ՍԴ-ում եւ նրանց աշխատանքին ոչինչ չէր սպառնում, հետեւաբար, այդ ժամանակ կարծիք չի հնչել»։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Հիշեցնենք նաեւ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930