«Ասում են՝ սեպտեմբերի 13-ի բողոքի ցույցից հետո մարդիկ կան, որ հիասթափվել են: Ուզում եմ իմանամ՝ այդ ումո՞վ էին հիացել, որ հիասթափվեցին: Ուզում եմ իմանամ՝ իսկ ինչի՞ է մեր պայքարը ամեն օրվա, իսկ իրենցը կարող է լինել մի օր՝ գիշերվա ժամը 8-ից մինչեւ ժամը 2-ը: Ուզում եմ իմանալ՝ իսկ ինչի՞ չի այդ պայքարը ամեն օր: Վտանգը ավելի մեծանում է: Սեպտեմբերի 14-ին դեռեւս ադրբեջանական դրոշը չէր ծածանվում Տեղ գյուղում, ադրբեջանցիները ճանապարհ չէին կառուցում Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: Դա անում են հիմա՝ այդ օրվանից հետո: Եթե մեզ հաջողվի միասնական կանխել թշնամիներին ծառայող հանցախմբի գործունեությունը, ուրեմն կփրկվեն մարդկային կյանքեր, կփրկվի հայրենիք»,- այսօր Ազգային ժողովի մոտ կազմակերպված «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ցույցի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը:
Նա հեգնեց. «Ասում են՝ ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում, որ մենք Լաչինից դուրս գանք, շրջանցող ճանապարհով գնանք Ստեփանակերտ: Գնո՞ւմ ենք հիմա մենք այդ ճանապարհով Ստեփանակերտ: Իսկ ես ասում էի՝ կա՞ արդյոք մի տխմար, ով հավատում է, որ Գորիս-Կապան մեր երկրի տարածքով մեր ճանապարհը փակած մարդը իր վերահսկողության տակ գտնվող տարածքում իր բյուջեով ճանապարհ է կառուցում՝ մեր համար: Ո՞ւր է այդ տխմարը: Իրենք կառուցում են իրենց համար, որ գնան Նախիջեւան: Իրենք ինչի՞ են եկել, հասել Կոռնիձոր, որովհետեւ աշխարհագրորեն միակ կարճ ճանապարհը Ադրբեջանի այն հատվածից դեպի Նախիջեւան գնալու մնում է Կոռնիձորը: Նկատե՞լ եք, որ այլեւս ոչ ոք չի խոսում սահմանազատման,սահմանագծման հարցերի հանձնաժողովից: Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաեւ եւ Օվերչուկ հանդիպումներ այլեւս չեն կայանում, այլեւս չի քննարկվում տրանսպորտակին միջանցք, հաղորդակցություն…որովհետեւ զավթվում է Սյունիքը: Եվ դա չի լինելու այդպես հանգիստ, խաղաղ, ոնց որ հիմա են ադրբեջանցիները քայլ քայլ առաջ գնում, այլ լինելու է մեծ կորուստներով, մարդկային կյանքերով»:
Անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում իր թեկնածության քննարկմանն ու քվեարկությանը՝ Ղազարյանն ասաց. «Խուլիգանի նման գայլային ոհմակով հարձակվել էին ինձ վրա ամբողջ խմբով: Բայց ես հասա մի բանի՝ վռնդեցի իրենց դահլիճից բոլորին միասին, փախել են նրանք ինձնից, որովհետեւ գիտեն ումից են փախչում»:
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանն ասաց, որ այսօր «Միասին» շարժման առաջին հանրահավաքն է ու մեկնարկն է մեծ պայքարի, իսկ դրա ժամկետը որոշելու է ժողովուրդը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































