ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկման ժամանակ մի պահ կրքերն այնքան թեժացան, որ ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանն ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին շփոթմունքով դիմեց «տիկին Ղազարյան»-ով, ապա գործընկերների ծիծաղի ներքո խոսքն ուղղեց՝ «այ պարոն Ղազարյան»։
«Քեզ խի՞ են բերել ստեղ, այ պարոն խեղկատակ»,-վրդովված բղավեց Ռուստամ Բաքոյանը եւ հավելեց՝ ով հեղափոխություն արած ժողովրդին թուրք անվանի, ուրեմն ժողովրդի զավակը չի։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
ՔՊ-ականներին Ղազարյանի նշյալ բացատրությունը չգոհացրեց։ «Եկել է շոու սարքի, թողեք ավարտի գնա»,-կոչ արեց ՔՊ-ի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Կարդացեք նաև
Ապա Էդգար Ղազարյանն իր ելույթի ընթացքում հայտարարեց․ «Ո՞վ պետք է փորձի պարզել ավելի քան 5000 երիտասարդների մահվան պատճառը»։ ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը նրան ընդհատեց․ «Զոհերի թիվը չավելացնես, արա՜։ Մենք մոտ 4000 զոհ ենք ունեցել։ Հազարով ավելացնելը հաճույք է պատճառո՞ւմ։ Ձեռ եք առե՞լ ձեզ»։
Ապա ՔՊ-ականները դահլիճը լքեցին, որովհետեւ Ղազարյանի ելույթն էր շարունակվելու։ «Ինձ հաջողվեց ԱԺ-ից վռնդել իշխանական ողջ թիմին միանգամից՝ քսան րոպեում։ Սա է պայքարը հանցախմբի դեմ։ Նրանք վռնդված են նիստից։ Սա ձեռքբերում է։ Այսպես՝ փուլ առ փուլ, հետո ԱԺ նիստերի դահլիճից եւ հանրային կյանքից նրանք պետք է վռնդվեն, որովհետեւ ամենամեծ ողբերգությունն են տվել հայ ժողովրդին»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։ ՔՊ-ականները դահլիճից դուրս գալիս ծիծաղում էին։
Այնուհետեւ իր ելույթում Էդգար Ղազարյանը թվարկեց այն բոլոր խոստումները, որոնք իշխող ուժն ամրագրել է նախընտրական ծրագրում, սակայն չի կատարել։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին, Էդգար Ղազարյանը պնդեց, որ նա առաջադրվել է մի շարք օրենքների խախտմամբ, քանի որ չի զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ եւ չի վայելում հանրային հեղինակություն, ինչը պահանջվում է ՄԻՊ թեկնածուի դեպքում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































