Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ թիվը հենց վաղն էլ կարող եք ճշտել Արգիշտի Քարամյանի գրասենյակից, զինվորական դատախազից։ Բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել՝ որպես փաստ»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 04,2023 20:30 Share

«Դուք պետք է ապավինեք մեր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը։ Պարոն Ռուբինյանը արձանագրել էր այդ իրողությունը։ Դրանից ավել տեղեկատվություն տալ չեմ կարող»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ի վերջո Տեղ գյուղում ինչպիսի՞ն է իրավիճակը, քանի որ ԱԱԾ-ն հայտարարեց բարելավումների մասին։

Նա ասաց, որ գնում է իր աշխատասենյակ, որոշ բաներ կան, կճշտի և երեկոյան Հանրայինով, եթե դրա մասին հարց լինի, կպատասխանի։

Լրագրողներից շատերը հիշեցրին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է,  թե 11 հազար դասալիք ենք ունեցել պատերազմի ժամանակ։ Այս մասին ասաց․ «11 հազարը պատահական թիվ չէ․ գուցե մի քիչ ավել է։ Մի մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում, մասնակի, և այդ զորակոչը շատ դեպքերում տեղ չէր հասնում, կամ հասնում էր, մի կարճ ժամանակ հետո անձնակազմը չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Այդպիսի իրողություններ ունենք և ունենք հազարների հասցնող քրեական գործեր․ այդ խնդիրը զինվորական քննչական մարմիններում քննվում են»։ Հարցին՝ ի՞նչ աղբյուրից է օգտվել և հնչեցրել այդ թիվը Աննա Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել։ Այնուհետև շարունակեց․ «Այդ թիվը որ հնչեցվել է, անպայման այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովն իր պարզաբանումները կստանա, և երբ կհաստատվի 11, թե 12 է, ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել, ուր են հասել այդ գործերը, որովհետև այդ ծավալը այնքան մեծ է, որ շուտ, թե ուշ այդ իրողությունների խորքային պատճառները պետք է հասկանանք։ Վերջին հաշվով՝ մենք պատրաստված չենք եղել, ծանուցում են ուղարկել մարդկանց, չպատրաստված գնացել են, դա հանգեցրել է խառնաշփոթի, տագնապի դրսևորման, որը արդյունքն է այն իրողության, որ տարիներ շարունակ չեն կարողացել պատրաստված աշխարհազորի խնդիր ունենալ։ Դրա համար, երբ մենք ասում ենք նախկինում այսպիսի բան է է եղել, ասում են՝ հերիք չէ՞ նախկիններ ասեք։ Բա որ նախկինում է եղել, հո չե՞նք ասի՝ հիմա է եղել։ Եթե պատրաստված լիներ, էդ 11 հազարը կարող էր պատերազմի ընթացքի վրա էական ազդեցություն ունենալ»։

Հարցին՝  հանձնաժողովը, հյուրընկալով ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, նրա հետ խոսել է այն աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որում եղավ պատերազմ, կամ դրանից խուսափելու հետ կապված հարցերի մասին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե ասեմ՝ ոչ կհավատա՞ք։ Բա հինգ ժամից ավելի ԱԳՆ պաշտոնը պատերազմի ընթացքում զբաղեցրած, պրոֆեսիոնալ դիվանագետի հետ ի՞նչ էինք խոսում․ հենց այդ հարցերի պարզաբանումներն էինք ուզում ստանալ։ Այդ հարցերից է կախված՝ պատերազմ ինչու եղավ և կարո՞ղ էր չլիներ»։

Հարցին` Նիկոլ Փաշինյանին հրավիրելու ծրագրե՞ր կան, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտնել, որ անպայման պետք է հանձնաժողով գա։ Դուք կիմանաք, երբ Փաշինյանն այստեղ կլինի»։ Փաստմանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի և հարցին՝ դուք նման բան կնախաձեռնե՞ք, եթե վստահ լինեք, որ ձեր թիմակիցը թքել  քաղաքացու վրա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Դուք հետ վազող սպրինտերի մասին հարց չե՞ք տալիս, այն որ հետ-հետ վազելով այդպիսի արագություն էր բացել՝ բանակում չծառայած լինելով․․․այդ միջադեպը պետք է քննվի, որ պատճառները կարողանանք ճիշտ գնահատել։ Ինչ-որ մի անձնավորություն, որ ասում է ՝թքել են աչքիս և աչքս վնասվել է, այն դեպքում, երբ Վլադիմիր Վարդանյանին ծանր հարված են հասցնում, դուք էդ ոնց որ թե անտեսել եք, գնում ծափահարություններ եք նկարում։ Տեսել եմ ձեր բարձրախոսները։ Տեր Պետրոսյանը տեսակետ է ասել։ Հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ դա ուսումնասիրման կարիք ունի։ Դա պետք է քննության առարկա լինի»։ Լրագրողների դիտարկմանը՝ բայց Ալեն Սիմոնյանը չի հերքել, որ նման արարք է կատարել, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ես չեմ լսել, որ պարոն Սիմոնյանն ասի, որ ես տվյալ անձի աչքին թքել եմ»։

Հարցին՝ դուք տեղեկություն ունե՞ք՝ դատախազը միջնորդություն ներկայացնելո՞ւ է Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, պատգամավորը պատասխանեց․ «Մեկ հայտարարում են, որ ձեռքը կոտրված է, բայց երեկ ձեռքի այնպիսի շարժում էր անում, որ հեչ կոտրված չէր, մեկ հայտարարում էր, որ ինքը ոնց է վազել, երբ կադրերում երևում է, որ հետ վազքով չի գնացել, այլ ուղիղ վազքով։ Ո՞ւմ հավատանք․ մեկ տեսնում ենք, որ մարտական տրամադրված իր գործընկերների հետ ինքը ոչ թե մասնակցում էր հանձնաժողովի նիստին, որտեղ քննվում էր բանակին և ներքին գործերի մասին հարցեր, այլ բոլորը գնացել էին հերոսին դիմավորելու։ Հերոսությունը որտե՞ղ էր՝ Վլադիմիր Վարդանյանի ունքին, իսկ եթե հարվածը մեկ միլիմետր այն կողմ լիներ արդյունքը շատ ավելի ծանր էր լինելու։ Եթե դատախազը մտավ միջնորդությամբ, ես կողմ եմ քվեարկելու, որովհետև այդպիսի գործողություն հանդուրժել․ դա ըստ էության ծանր մարմնական վնասվածք է, թե ինչ-որ բանի փորձ է»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Զոհրաբ Մնացականյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ու հավելեց․ «Ուրիշ բան, որ Զոհրաբ Մնացականյանի և Գլխավոր շտաբի ներկա պետի և պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանի արձանագրումներից հետո մեր աշխատանքները անկասելի ընթացքի մեջ են հայտնվում։ Իսկ չեկողները, եթե մտածում են չգան, իրենց խնդիրն է։ Վարդան Օսկանյանը ի՞նչ սրտով է հրաժարվում։ Արմեն Խաչատրյանը մեր հանձնաժողովի բոլոր անդամների հետ ունի օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ այն է կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն, որ Տիրան Խաչատրյանը և մյուսները՝ Վարդան Օսկանյանի հետ համեմված չփորձեն խուսափել քննիչ հանձնաժողովի հրավերից»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են, հանձնաժողովն անաչառ չէ, Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց․ «Անաչառություն, որ ասում են, թող մեր ընդդիմադիր գործընկերները մեզ վերահսկեն, որ մարտական են տրամադրված Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո, թող գան այստեղ։ Այդքան, որ կասկածում էին, զանգում, ինձ ասում են՝ կարո՞ղ ենք ծանոթանալ ձեր արձանագրումներին, ասում եմ՝ ոչ։ Թող գան, աշխատեն։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ են, բայց հրաժարվել են քննիչ հանձնաժողովի աշխատանքներից։ Քաղաքական հայտարարությունից պետք է հրաժարվեն, որից հետո ունենան հնարավորություն, մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Լրագրողները կրկին անդրադարձան Աննա Հակոբյանի հրապարակած թվերին և հարցրին՝ 11 հազար դասալիք ունեցել ե՞ք, Անդրանիկ Քոչարյանը նախ արձագանքեց՝ լրագրողին՝ լուրջ ե՞ս ասում հետո էլ շարունակեց․ «Խորհուրդ եմ տալիս այդ թվի հստակ ճշգրտումը իրականացնեք, այդ թիվը ճշտեք․ մենք ճշտելու ենք, որպես քննիչ հանձնաժողով։ Ես շատ բան գիտեմ, բայց ես Ձեզ կպատասխանեմ քննիչ հանձնաժողովի՝ այդ հարցի պարզաբանումը ստանալուց հետո։ Եթե շտապում եք, այդ թիվը հենց վաղն էլ կարող եք ճշտել Արգիշտի Քարամյանի գրասենյակից, զինվորական դատախազից։ Բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել՝ որպես փաստ»։

Նշենք, որ 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում) կամ պատերազմական քրեական գործերի շրջանակում դասալքության դրվագներով քրեական քանի գործ է հարուցվել, ինչ փուլում են դրանք, քանիսն է ուղարկվել դատարան։ Ըստ այդմ՝ «հարցմամբ հայցվող՝ վերոնշյալ նպատակներով որոշակի ձևաչափով հավաքագրված տվյալներ ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են միայն 2022թ. հունիսի 1-ի դրությամբ: Համաձայն վերջինիս՝ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային: Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Այդ թիվը հենց վաղն էլ կարող եք ճշտել Արգիշտի Քարամյանի գրասենյակից, զինվորական դատախազից։»

    Չե՞ս հավատում իմ խոսքին,
    Հարցրու սուտլիկ Վարոսին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930