Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի, ՔՊ-ականների պահվածքին, Փաշինյանի ասածներին ՄԻՊ թեկնածուն հասցեական գնահատական չի տալիս

Ապրիլ 04,2023 23:20

«Իմ բոլոր հարազատների հետ ընկերություն անելիս, բնականաբար, ես այլ իրավիճակներում իրենց հետ շփումներ եմ ունեցել, օգնություն ցուցաբերել, եւ կապ չունի, թե ես որտեղ եմ աշխատում։ Խոսքն իրավաբանական օգնության մասին չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ ինքը գլխավոր դատախազի ընկերուհին է՝ ասաց ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը, որը գլխավոր դատախազի գործող տեղակալն է։

«Գլխավոր դատախազի հետ իմ հարաբերություններն, այո, ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ են։ Եւ մի շարք այլ ընկերների հետ ազնիվ հարաբերությունները»,-հավելեց Անահիտ Մանասյանը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Անահիտ Մանասյանը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր եղած ժամանակ Աննա Վարդապետյանի հետ այնպես է արել, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դուրս մնա որակավորման հանձնաժողովից, Անահիտ Մանասյանն ասաց, որ բամբասանքներին չի արձագանքում։

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, որ Մանասյանը չի համապատասխանում ՄԻՊ պաշտոնին, քանի որ չունի բարձր հեղինակություն, թեկնածուն ասաց․ «Հեղինակությունը կապ չունի ճանաչելիության հետ։ Օրինակ, Ուկրաինայում եւ Բելառուսում փորձագիտական աշխատանք եմ կատարել՝ ընտրվելով միջազգային կառույցների կողմից»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի հետ կապված էլ Անահիտ Մանասյանը նշեց․ «Ես չեմ պատրաստվում նպաստել հանրային բեւեռացմանը։ Պատրաստվում եմ խոսել մեծ խնդիրների լուծման մասին։ Կոնկրետ իրավիճակում իրավունքի խախտումը, բնականաբար, արձանագրվելու է, բայց համակարգային տեսանկյունից կարեւոր է զերծ մնալ բռնությունից, մարդու արժանապատվությունը նվաստացնելուց»։

Թե ինչու դատախազությունը վարույթ չի նախաձեռնել այդ դեպքի առիթով, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Իրավասու չեմ նշված հարցի վերաբերյալ պատասխաններ հնչեցնել այս պահին»։

Անահիտ Մանասյանը հստակ գնահատականներ չտվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այն պնդման վերաբերյալ, որ նախկինում՝ մինչեւ 2018թ․-ը, սահմանադրական դատարանը գրավված է եղել։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել  է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Լրագրողները կարծիք հարցրին ՔՊ-ականների նմանօրինակ որակումների վերաբերյալ․ ընդ որում, Մանասյանի թեկնածությունը ներկայացնում էր «լեզուդ կկտրեմ» որակումը հնչեցրած ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։ Անահիտ Մանասյանն ասաց․ «Հանրային միջավայրը ծայրահեղ բեւեռացված է։ Մեղավորություն փնտրելու պահը չէ։ Միասին խնդիրներին լուծումներ տալու պահն է»։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել միայն Անահիտ Մանասյանը, եւ նրա թեկնածությունն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930