Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնից հեռացել է Գյումրու քաղաքապետի օգնականը, որը նրա մոտ ընկերն է

Ապրիլ 17,2023 20:30

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի օգնական Արման Շաբոյանը, որը նրա մոտ ընկերն է, պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ տեղեկացնելով․

«Հարգելի´գործընկերներ և Գյումրի համայնքի սիրելի´ քաղաքացիներ.

մարտի 27-ին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին եմ ներկայացրել համայնքապետի օգնականի պաշտոնից ազատման իմ դիմումը։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սամսոնյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար։

Վերջին 5 տարիների ընթացքում, ստանձնելով Գյումրու կոմունալ ծառայության տնօրենի տեղակալի, ապա տնօրենի, իսկ ավելի ուշ` նաև Գյումրի համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնները, մեծ ոգևորությամբ ու սրտացավությամբ եմ կատարել աշխատանքային իմ պարտականությունները։

Ինձ համար պատիվ է ծառայել Գյումրի քաղաքին և գյումրեցիներին։

Շարունակելու եմ նույնքան ջանասիրաբար իմ գիտելիքները և փորձը օգտագործել` ի շահ մեր սիրելի քաղաքի»։

Արման Շաբոյանի՝ աշխատանքից ազատվելը գուցե և այդքան մեծ հետարքրքություն չներկայացներ, եթե նա ՏԻՄ ընտրությունների ժամանակ չգլխավորեր «Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը։

Արման Շաբոյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պաշտոնից ազատվելու պատճառը, կոնֆլիկտ է եղե՞լ իր ու քաղաքապետի միջև։

Արման Շաբոյանը վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետի՝ Վարդգես Սամսոնյանի հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել, նրա հետ շարունակում է մտերիմ հարաբերությունները։

Նա թեև չմանրամասնեց, թե ով է եղել իր հեռանալու պատճառը, այդուհանդերձ նրա տված պարզաբանումից ակնհայտ է, որ խանգարողներ եղել են։

«Ստեղծված իրավիճակում իմ պոտենցիալն ու գիտելիքները դրսևորելու հնարավորությունը քիչ էր։ Ես ավելին կարող էի, քան հնարավորություն կընձեռվեր այդ ավելին դրսևորելու։ Իմ գիտելիքները կօգտագործեմ այլ ոլորտում»,-մեզ հետ զրույցում ասաց Արման Շաբոյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ր ոլորտում կշարունակի իր գործունեությունը, նա տեղեկացրեց, որ մասնագիտությամբ շինարար է, կաշխատի այդ ոլորտում։

Մեր հարցին՝ քաղաքապետարանի հետ կապերը խզվե՞լ են, Արման Շաբոյանն ասաց․ «Վարդգես Սամսոնյանի հետ իմ հարաբերությունները նույնն են, մենք շարունակում ենք մնալ լավ ընկերներ, գործի բերումով չէ, որ մենք իրար հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերությունը շարունակում է նույն ձևի մնալ»։

Մեր դիտարկմանը, թե քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է, հենց ինքը պիտի հնարավորություն ստեղծեր ձեր կարողությունների և գիտելիքների օգտագործման, Արման Շաբոյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ քաղաքապետից բացարձակ նեղված չէ։

Իսկ ո՞վ է այն անձը, որը պատճառ է դարձել պաշտոնից ազատման, գուցե աշխատանքը չի ստացվում այն պատճառով, որ քաղաքապետարանի ներսում կոալիցիոն իշխանությո՞ւն է ձևավորված ու կան տարաձայնություննե՞ր, Արման Շաբոյանը խնդրեց քաղաքական պատճառներ չփնտրել, նա անուններ չնշեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930