Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը դատարանին․«Կարո՞ղ եմ ենթադրել, որ որոշակի շրջանակի անձանց համաձայնությամբ ինձ հետապնդման են ենթարկում»

Ապրիլ 28,2023 17:27

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը:

Պատասխանող կողմը դեմ էր տեսանկարահանմանը։

Դատախազի ներկայացմամբ՝ հայցադիմումի եւ պահանջի մեւ ներկայացված են այն գույքերը, որոնց մասով դատախազությունը որոշակի փոխկապակցվածություն է տեսել այն անձի գույքի հետ, որի մասով ուսումնասիրություն է իրականացվել, օրինակ՝ որոշակի գույքի իրական շահառու է համարվել Սերոբ Հարությունյանի հոր կամ եղբոր կողմից ձեռք բերված գույքը։

Հարությունյանի պաշտպանը հարց ուղղեց՝ ո՞ր փաստական հիմքով է համարվում այդ գույքը ապօրինի, այսինքն՝ ինչո՞ւ է կոնկրետ Հյուսիսային պողոտայի 128.4 քմ մակերեսով բնակարանն ապօրինի։

Դատախազի ներկայացմամբ՝ մինչ բնակարանի ձեռք բերումը Սերոբ Հարությունյանի եղբայրը ներդրել է ավանդ, որի համար դրամական միջոցներ չի ունեցել, որի իրական շահառուն եւս համարվել է Սերոբ Հարությունյանը․«Սերոբ Հարությունյանը եւս ներդրել է ավանդ՝ 100 հազար դոլարի չափով, որի համար բավարար միջոցներ չի ունեցել։ Մինչ Հյուսիսային պողոտայի բնակարանը՝ Սերոբ Հարությունյանի եղբոր կողմից գնվելը, նշված երկու ավանդները մեկ օր առաջ մարվել են, բնակարանը գնվել է եւ դրանից մի քանի տարի անց անհատույց նվիրատվությամբ փոխանցվել է Հարությունյանին։ Մինչ անհատույց փոխանցվելը՝ Սերոբ Հարությունյանը հաշվառվել է նշված բնակարանում։ Մինչ անհատույց փոխանցվելը՝ Սերոբ Հարությունյանի դուստրը հաշվառվել է նշված բնակարանում, մինչ նվիրատվությամբ փոխանցվելը՝ Հարությունյանն այդ նույն բնակարանի շենքում գնել է ավտոկայանատեղի»։

Հարությունյանի պաշտպանը խնդրեց հիմնավորել՝ 206 մլն դրամը, որն ըստ դատախազի, վիճարկվել է որպես ապօրինի եկամտի մնացորդ, հանդիսանում է գույքերի վերափոխման կամ օգտագործմամբ առաջացած գումար, այդ գումարը ո՞ր տարիների եւ ո՞ւմ մասով է, արդյոք պարոն Հարությունյանի գումարներն են, թե՞ երրորդ անձանց։

Դատախազն ի պատասխան ասաց, որ այս մասով հայցադիմումում մանրամասն ներկայացված է, եթե մանրամասները պետք է ներկայացնի, ապա ամբողջ հայցադիմումը պետք է նորից ընթերցի․ «Դա ապօրինի եկամտի մնացորդն է, նշված է, թե այս գումարը ինչից է բաղկացած՝ այստեղ կան դեպքեր, որ Սերոբ Հարությունյանի կամ իրեն փողկապակցված անձը ձեռք է բերել գույք, որի իրական շահառուն Սերոբ Հարությունյանն է։ Գույքը օրինական եկամուտներով չի հիմնավորվում, մեր դիտարկմամբ՝ ապօրինի ծագում ունի, գույքը փոխակերպվել է գումարի»։

Հարությունյանի ներկայացուցիչը խնդրեց ներկայացնել իր վստահորդի տարեկան եկամուտները օրական կտրվածքով։ Դատախազը ի պատասխան նշեց՝ նպատակահարմար չի գտնում այդ հարցին պատասխանել, դա փաստի վերաբերյալ հարց չէ։

«Ցավում եմ նման պատասխանի համար»,-ասաց փաստաբանը։ Այս արտահայտության վերաբերյալ դատավոր Կարապետ Բադալյանը զգուշացրեց՝ նման արձագանքներ չեն թույլատրվում։

«Դե եթե կողմն ասում է՝ չեմ պատասխանում, ես էլ ցավում եմ»,-ասաց փաստաբանը։

Դատարանը կարգադրեց փաստաբանին չշարունակել, նշելով՝ անթույլատրելի է։ Փաստաբանը դիմեց դատավորին՝ ձեր տոնայնությունը փոխեք։

«Երբ դատարանն ասում է՝ նման արձագանք չի կարելի, պետք է ենթարկվել կարգադրությանը։ Մի՛ շարունակեք խոսել դատարանին զուգահեռ։ Հարց ունեք, տվեք»,-ասաց դատավորը։

«Ես փաստաբան եմ, եւ խնդրում եմ իմ անձի եւ ձեր մասնագիտության հանդեպ դրսեւորել պատշաճ, բարեկիրթ վերաբերմունք։ Ինձ հետ խոսելիս խնդրում եմ տոնայնությունը չբարձրացնել։ Այս դահլիճում ես համանման վարքագիծ չեմ դրսեւորել»,-հայտարարեց փաստաբանը։

«Դատարանը թույլ չի տալիս ձեր հարցերը շարունակել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ երբ դուք որոշում եք դատարանի կարգադրությանը չենթարկվել ու նաեւ ցուցումներ եք տալիս; Ձեզ ասացի, որ չի կարելի էմոցիոնալ արտահայտություններ անել, որովհետեւ դա վիրավորում է կողմին, իսկ այն՝ ինչ վիրավորում է կողմին, նաեւ դատարանին է վերաբերում։ Եթե նման կերպ շարունակեք, դատական սանկցիա կկիրառենք ձեր նկատմամբ»,-ասաց դատավորը։

Ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ հարցեր չունի, քանի որ այս պահին հարցեր տալու անհնարինություն է առաջացել։ Ապա խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի կողմի ներկայացրած տվյալների վերաբերյալ հարցադրումները ներկայացնի։

Սերոբ Հարությունյանն էլ դատարանում նշեց, որ մինչ այս գործն իր նկատմամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել, սրան զուգահեռ ապօրինի ծագմամբ գույքի վարույթը․ «Կարո՞ղ եմ ենթադրել, որ որոշակի շրջանակի անձանց համաձայնությամբ ինձ հետապնդման են ենթարկում։ Այսինքն՝ քրեական գործով ոչինչ չկարողացան անել, հիմա քաղաքացիական դատավարությամբ վարույթ են հարուցել»։

Դատարանում պատասխանող կողմը մի շարք հարցեր հնչեցրեց, որոշ հարցեր էլ հայցի վերաբերյալ պատասխանող կողմը որոշակի ժամկետում պետք է պատրաստի, որպեսզի առաջիկա նիստում հնչեցնի։

Հիշեցնենք, որ դատախազությունը, որպես ապօրինի գույք, պահանջում է Սերոբ Հարությունյանից բռնագանձել Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի 10-րդ շենքի 128.4 քմ մակերեսով բնակարանի, նույն շենքի 2-46 կայանատեղիի եւ այդ տարածքում գտնվող մեկ այլ՝ 2-32 կայանատեղիի 97,6%-ի, ինչպես նաեւ Չեխովի փողոցի 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի 40%-ը: Բացի այս, դատախազությունը պահանջում է Սերոբ Հարությունյանից բռնագանձել 240 մլն դրամ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օտարումից եւ օգտագործումից ստացված եկամուտների եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների եւ այլ նման ծախսերի հանրագումար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930