Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չի հարցաքննվել, որևէ գործողություն չի կատարվել»․ Լիպարիտ Սիմոնյանը՝ «Ցորի» զորամասում զոհված զինծառայողների ծնողների հաղորդման առիթով դատախազության վերաբերմունքի մասին

Մայիս 12,2023 16:21

«Ընդամենը մեկ հոգի է կանչվել, սակայն հաղորդում տվող անձինք բավականին շատ էին։ Մեկ տարուց ավելի անցել է հաղորդումից, ուստի, եթե օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն են ուզում կատարել ողջամիտ ժամկետում, գոնե պետք է այդ մարդկանց կանչեին, հարցաքննեին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2022թ․-ի ապրիլին զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, եւ ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել, որի քննությունն էլ նշանակված էր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Լիպարիտ Սիմոնյանը հիմա էլ է պնդում, որ առանձին քրեական գործ պիտի հարուցվեր։ Հետաքրքրվեցինք՝ որևէ գործողություն կատարվե՞լ է, անձինք հարցաքննվե՞լ են, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ ոք չի հարցաքննվել, որևէ գործողություն չի կատարվել»։

Մայիսի 12-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազը բողոքին առարկություն ներկայացրեց։ Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է եղել հիմնավորումը, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց․ «Այն, որ Մովսես Հակոբյանի գործի հետ համատեղ կկատարվի օբյեկտիվ քննություն և այլն։ Ես հիմա էլ եմ կարծում, որ այդ գործերը համադրելի չեն»։

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառն այս վերաբերմունքի, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ պատճառն այն անձով է պայմանավորված, ում վերաբերյալ հաղորդումը տրվել է»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին՝ ժամը17։30-ին։ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ հաջորդ դատական նիստին դատարանը կգնա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, փաստաբանը պատասխանեց․ «Դատարանից հույսերս բավարար են, քանի որ օրենքի տեսանկյունից մեր բողոքը հիմնավոր է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031