Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստացել սահմանամերձ Խնածախ գյուղի 102-ամյա Աղունիկ տատը բանակում ծառայող թոռանը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 16,2023 22:15

Խնածախում բնակվող 102 տարեկան Աղունիկ Ղազարյանը վաղ առավոտից հյուրերի էր սպասում։ Այդ օրը առավոտյան, նույնիսկ այգի չիջավ՝ թարմանալու ու մի քիչ էլ գործ անելու։ Հյուրերին դիմավորելով՝ ասում է՝ ինքն էլ քաղաք էր ուզում գնալ՝ գործ ուներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին եւ մյուս հյուրերին Աղունիկ տատը ներս է հրավիրում, հարսին հորդորում՝ սուրճ դնել։ Պատմում է՝ բուժքույր է աշխատել, շատերին է օգնել։ Հիմա տնից համարյա դուրս չի գալիս։ «Նախկինի պես էլ ոչ մի բան չեմ կարում անեմ, հոգնում եմ»,-հյուրերին բողոքում է Աղունիկ տատը։

Մարզպետն է հետաքրքրվում նրա առողջությամբ։ Գրպանից դեղերն է հանում։ «Սրանցով եմ ապրում, մի քիչ էլ տեսողությունս լավ չի»,-ասում է տատը։

Դավիթ Ղուլունցը հարցնում է՝ ակնո՞ց չի դնում։ «Առաջ դնում էի, հիմա՝ չէ, երկու անգամ աչքերս վիրահատել են»,-ասում է Աղունիկ տատը։

Բջջային հեռախոս ունի․ բանակում ծառայող թոռան՝ Նվերի հետ է խոսում։ Շատ բան չի կարողանում հեռախոսով անել․ հյուրերին ցույց է տալիս՝ Նվերի զանգելուց ինչպես է թերթում հեռախոսի էկրանը, մեծացնում թոռնիկի պատկերը։ «Վայքում է ծառայում, հիմա դիրքերում է, 15 օրից կիջնի, չի ասել, թե որ դիրքում է՝ չի կարելի»,-ասում է Աղունիկ տատը։ Թոռանը խոստացել է ապրել այնքան, մինչեւ բանակից վերադառնա:

Հետո Սյունիքի մարզպետին ասում է, որ պիտի քաղաք գնա՝ թոռնուհու՝ Աղունիկի հարցով։ Մի քանի օրից թոռնուհին Գորիսի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» բաժինն է ավարտում։ »Գնամ, խնդրեմ թոռանս աշխատանքի ընդունեն դպրոցում։ Գյուղի դպրոցը չեմ ուզում, թող Գորիսում աշխատի, որ ապագա ունենա»,-հյուրերի հետ կիսվեց 102-ամյա տատը։

Մարզպետը խոստանում է օգնել թոռնուհին աշխատանք գտնի։ «Հա՞,-հարցնում է Աղունիկ տատը,-էլ ժողկրթբաժին չգնա՞մ»։ Ռոբերտ Ղուկասյանը հավաստիացնում է՝ պետք չի գնալ, բայց տատի հետ բանավոր դաշն է կնքում․ Աղունիկ տատը պիտի ապրի այնքան, որ Նվերին դիմավորի բանակից գալուց, ընդունել տա ԲՈՒՀ, հետո էլ ամուսնացնի։ Տատը համաձայնվում է։

Աղունիկ տատը չի մոռանում մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ սահմանամերձ Խնածախ գյուղի դարդ ու ցավերից խոսել։ Անհանգստանում է՝ բա վերջը ի՞նչ է լինելու․․․

Հրաժեշտից առաջ բոլորս լուսանկարվում ենք 102-ամյա Աղունիկ տատի հետ՝ստանալով նրա օրհնությունը։ Բոլորին սրտանց հրավիրում է սեպտեմբերին 26-ին նորից գալ Խնածախ՝ իր ծննդյան 103 ամյակը միասին նշելու։ Իսկ ինքը կշարունակի հետեւել առողջությանը․դեռ շատ գործեր ունի՝ պիտի հասցնի․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ռուսն ասում ա — ВЕК ЖИВИ ВЕК УЧИСЬ . Մինչև հիմա ես գիտեի թէ Խնածախը Արցախում ա ու հենց նոր իմացա որ Սյունիքում ա — չնայած տարբերությունն էտքան էլ մեծ չի։ Աղունիկ տատին առողջություն ու երկար տարիների կյանք եմ ցանկանում, իսկ թոռանը բարի ծառայություն և բարի վերադարձ բանակից (չնայած խիստ կասկածում եմ թէ դա Աղունիկ տատի թոռն ա)։ Ավելի հավանական աոր ծոռն ա , ուղղակի հեղինակը սխալ ա գրել։

    © 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031